ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԵՅՄՍԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ավարտելով իրենց տարածաշրջանային հերթական այցելությունը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ` Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ապա Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներից հետո Ադրբեջանում հանդիպել են նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ներկայացուցիչների հետ: Չնայած այդ հանդիպման վերաբերյալ տեղի ԶԼՄ-ները փաստում են միայն Ջեյմս Ուորլիքի մասնակցությունը, սակայն մենք ենթադրում ենք, որ ամերիկացի համանախագահը մենակ չի եղել: Հանդիպման ընթացքում Ջեյմս Ուորլիքը, դիմելով ադրբեջանցի «փախստականներին» ասել է. «Ես գիտեմ, որ դուք հիշում եք այն օրերը, երբ ապրել եք հայերի հետ` Լեռնային Ղարաբաղում: Այսօր, սակայն երիտասարդ սերունդը հնարավորություն չունի ճանաչելու հակառակ կողմին ու տեղեկություններ ստանալու նրանից: Մեր նպատակներից մեկը նման տեղեկատվության փոխանցումն է կողմերի միջեւ: Մենք երկու կողմերում ծանոթացել ենք խաղաղություն ցանկացող մարդկանց հետ: Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, որոնք Ադրբեջանն իրենց թշնամի չեն համարում...»: Հիշեցնենք միայն, որ ՀՀ նախագահը բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանն ինքը թշնամի չի համարում, ավելին` Հայաստանը թշնամիներ չունի: Ի դեպ, որեւէ լրատվամիջոց որեւէ տեղեկատվություն չի փոխանցում այն մասին, թե ի՞նչ են խոսել, կամ խոսե՞լ են արդյոք հիշյալ հանդիպմանը Մինսկի խմբի մյուս համանախագահները: Հավանաբար խմբում ներքին կարգով որոշում է կայացվել, որ իրենցից խոսելու է միայն Ջեյմսը: |