ԻՆՉՊԵ՞Ս ԳԼԽԱՎՈՐԵԼ FORBES-Ի ՑՈՒՑԱԿԸ Հ. ԱՖՅԱՆ Երբ Երեւանում գրվում էր այս հոդվածը, անձրեւ էր գալիս: Եւ շատ կարեւոր է այս հոդվածը կարդալիս իմանաք, որ երբ այն գրվում էր, Երեւանում անձրեւ էր գալիս: Ինչպես ասում են` «ճտերը հաշվելու» իսկական ժամանակն է, չնայած, ոմանց համար անձրեւը ոչ այնքան սառը հաշվարկների, որքան տաք երազանքների ժամանակն է, ասենքՙ թեյի սեղանի շուրջը: Բայց, ռոմանտիկայով տուն չեն պահում, ուրեմն հաշվենք: Օրինակՙ ZARA հագուստի խանութների ցանցի սեփականատեր իսպանացի սինյոր Ամանսիո Օրտեգայի փողերը: Մանավանդ որ հաշվարկներից ամենահաճելին այն է, երբ հաշվվողը փողն է, թեկուզ` ուրիշի: Այս մարդը, բոլորովին վերջերս ճանաչվեց Forbes-ի առցանց վարկանիշով աշխարհի ամենահարուստ մարդը, իր հետեւոմ թողնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (երկրորդ տեղ) եւ հանրահայտ Ուորեն Բաֆետին (երրորդ տեղ): Իմ կարծիքով այս նորությունն ուղղակի հրաշալի է երկու պատճառով: Նախ, սա նշանակում է, որ հայաստանյան տոնավաճառներում հագուստ վաճառողները իրական հնարավորութուն ունեն երբեւեէ գլխավորելու Forbes-ի ցուցակը, թեկուզ, ըստ առցանց վարկանիշի, միայն տվյալ` կարճատեւ պահին, ինչը նշանակում է, որ այս մարդիկ էլ ավելի տքնաջան կսկսեն աշխատել, իսկ տքնաջան աշխատանքը միշտ լավ է, տքնաջան աշխատողը` առավել եւս: Երկրորդը, սա նշանակում է, որ նավթն ամենեւին էլ աշխարհի ամենահարուստը չի դարձնում այն ունեցողին, ինչն էլ կրկին լավ է առաջին հերթին հայաստանցիներիս համար, քանի որ մեզանից ամենաօլիգարխներն անգամ նավթ չունեն: Այս համատեքստում եթե հիշենք, որ հագուստն այն է, ինչը ծածկում է մարմինը` բացահայտելով հոգին, մեզ մնում է միայն ուրախանալ սինյոր Օրտեգայի հաջողությամբ եւ օրհնել նրա հարստությունը, քանի որ մարդը իրականում զբաղված է մեր հոգիների բացահայտմամբ, ինչը հատկապես մեր սառը ժամանակներում խիստ կարեւոր է համամարդկային առումով: Ճիշտ է, մենք գիտենք, որ սինյոր Օրտեգայի նախկին կինը, ումից ZARA-ի հիմնադիրը վերջերս է բաժանվել, անդադար հայտարարում է, թե առանց իր անմիջական օգնության եւ խորհուրդներին իր ամուսինը երբեք չէր կարող բարձունքների հասնել եւ կամ հարստանալ, բայց այս հայտարարություններին պետք է նորմալ ու հանգիստ վերաբերվել, քանի որ կանայք միշտ իրավացի են, հարուստների կանայք (թեկուզ նախկին)` առավել եւս: Բայց դառնանք հաշվարկին: Երբեւէ մտածե՞լ եք, թե ձեր վրա միաժամանակ անձրեւի քանի՞ կաթիլ է կաթում: Մինչդեռ սա շատ կարեւոր է, որովհետեւ երբ մենք մտածենք թեկուզ այս հարցի շուրջ, չենք մտածի այն մասին, թե ով որքան փող ունի: Այլ կսեւեռվենք բացառապես մեր վրա ու կմտածենք միայն մեր մասին, ինչի արդյունքում շատ հնարավոր է մի օր էլ մեզանից յուրաքանչյուրը գլխավորի Forbes-ի առցանց վարկանիշային ցուցակը: |