ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ Է» Զրուցեց` ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ, Ռուս. թարգմ. Պ. Ք. Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միության» 5-րդ համագումարում (10-11.10.2015) ՌՀՄ նախագահ վերընտրված Արա Աբրահամյանը «Ազգի» թղթակցին պատմում է ՌԴ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին:
- Հարգելի պարոն Աբրահամյան, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ այս տարի Մոսկվայում մի շարք աննախադեպ միջոցառումներ անցկացվեցին Ձեր անմիջական մասնակցությամբ: Ողջ աշխարհին հայտնի հարթակներում մեկը մյուսի հետեւից անցկացված միջոցառումները գրավեցին ոչ միայն հայերի, այլեւ մյուս ժողովուրդների ներկայացուցիչների ուշադրությունը: Ասացեք, խնդրեմ, Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում 100-ամյա վաղեմության ողբերգության ճանաչման եւ դատապարտման գործում այդ միջոցառումների ներդրած ավանդը: Դրանք ինչպիսի՞ արձագանք գտան Ռուսաստանի հասարակայնության մեջ: - Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, լինելով 20-րդ դարում առաջինը, չսպիացող վերք է մնում հայ ժողովրդի բազմահազարամյա պատմության մեջ: Սա այն խնդիրն է, որը միավորում է ողջ հայ աշխարհըՙ անկախ հայի ծննդավայրից, բնակության վայրից, քաղաքացիությունից, սոցիալական կարգավիճակից եւ քաղաքական կողմնորոշիչներից: Սա այն խնդիրն է, որը 100 տարի անց էլ բաց է մնում յուրաքանչյուր հայի եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «անհնար է ըմբռնել եւ հասկանալ սեփական քաղաքացիների դեմ պետության ծրագրած եւ իրագործած բնաջնջման քաղաքականությունը: (Այդ հարցը) բաց է, քանի որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված չարագործության հետեւանքները մինչեւ օրս չեն վերացվել»: Հայ ժողովրդի շահերին ցեղասպանության ոճրի պատճառած վիթխարի վնասը արտացոլվեց Հայաստանի եւ հայ հասարակության կենսագործունեության բարոյահոգեբանական, հոգեւոր-մշակութային, ֆինանսատնտեսական եւ իրավաքաղաքական կողմերի մեջ: Փաստորեն 1915 թվականը հայերի ճակատագրում դարձավ բնագիծ, որն արմատապես փոխեց հայ ժողովրդի պատմության բնական զարգացման ընթացքը, այն բաժանելով «նախքանի» եւ «հետոյի»: Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարեւոր պատմական առիթ դարձավ, որպեսզի ամբողջ համաշխարհային ընկերակցությանը եւ մասնավորապես Թուրքիային կրկին հիշեցվի միջազգային իրավաքաղաքական խնդրի գոյությունը: Հատկապես աշխարհի տարբեր շրջաններում եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքում լարվածության աճի պայմաններում, որտեղ քաղաքական հակասությունների հետեւանքով ամեն օր անմեղ մարդիկ են զոհվում ազգային եւ կրոնական պատկանելության պատճառներով: Իսկ ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության կազմակերպիչների եւ մեղավորների անպատժելիությունը հանգեցրեց տվյալ միջազգային ոճրագործության կրկնությանը ուրիշ ժողովուրդների նկատմամբ, ինչի վառ արտահայտությունը դարձավ հրեա ժողովրդի Ողջակիզումը 2-րդ աշխարհամարտի տարիներին: Ինչ վերաբերում է 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի հայության եւ մասնավորապես ռուսաստանյան հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին, նախ եւ առաջ պետք է նշեմ, որ այս առիթով ՀՀ պետական հանձնաժողով ստեղծելու նախագահ Ս. Սարգսյանի որոշումը քաղաքականապես արդարացված էր, տեղին եւ ճիշտ: Դա անցած մեկ դարում առաջին անգամ թույլ տվեց համազգային հարթակ ստեղծել աշխարհի հայության բոլոր հատվածների (Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի) մասնակցությամբՙ ազգի ջանքերի միավորման, սգո տվյալ հոբելյանական տարելիցին նվիրված միջոցառումների համատեղ քննարկման, կազմակերպման ու համակարգման համար: Որպես Հայաստանի պետհանձնաժողովի անդամ ուզում եմ ասել, որ դրա աշխատանքը շատ արդյունավետ եւ օգտակար էր, իսկ արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները եւ մեկ անգամ եւս հաստատեցին այն ճշմարտությունը, որ միասին մենք ուժ ենք: Մենք հնարավորություն ունեինք ներկայացնելու մեր առաջարկություններն ու հայացքները պետհանձնաժողովի գործունեության էության վերաբերյալ: Մասնավորապես ՌՀՄ աշխատանքը այս հարցում, կարծում եմ, շատ կազմակերպված էր, գործնական, բովանդակալից եւ կառուցողական: Մենք մասնավորապես ներկայացրինք մեր հայեցակարգը, միշտ հանդես էինք գալիս առաջարկություններով, եւ Ռուսաստանում անցկացրինք մի շարք կարեւոր միջոցառումներ: Որոշ իմաստով համահայկական կոլեկտիվիզմին ընթացք տրվեց ՀՀ պետհանձնաժողովի որոշումներով ու գործողություններով: Այստեղ ես նախ եւ առաջ նկատի ունեմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ 2015 թ. հունվարի 29-ին ընդունված Հռչակագիրը: Այնտեղ առկա «Հիշում եմ եւ պահանջում» կարեւորագույն քաղաքական սկզբունքը արտացոլում է աշխարհի հայության դիրքորոշումը եւ համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է Ցեղասպանության ողբերգությունը, այլեւ միջազգային օրենսդրության համապատասխան պահանջում է տվյալ ոճրագործության հետեւանքների վերացում հանուն արդարության, որպեսզի նման ողբերգություններ չկրկնվեն ուրիշ ժողովուրդների եւ համայն մարդկության ճակատագրում: Ինչպես գիտեք, 2015 թ. ապրիլյան օրերին Երեւանը դարձավ համաշխարհային քաղաքականության կենտրոն, նրան էր ուղղված աշխարհի առաջատար ԶԼՄ-ների, փորձագիտական ընկերակցության, պետական, միջազգային եւ հասարակական ուժերի ու կառույցների ուշադրությունը: Աշխարհի շատ երկրներում եւ առաջին հերթին ներկայացուցչական հայ համայնք ունեցող պետություններում կազմակերպվեցին եւ անցկացվեցին քաղաքականապես նշանակալից բազմաթիվ միջոցառումներՙ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրանց մեջ չկան պակաս կամ ավելի նշանակալիցներ, քանի որ դրանք բոլորը կարեւոր են մեզ համար, մարդկության հիշողության համար, արդարության հաղթանակին միտված պայքարի համար, քաղաքակրկթությունների երկխոսության համար: Այդ օրերին Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրում արդարության հաղթանակին ուղղված կարեւորագույն միջազգային ձեռքբերումները դարձան. - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սգո պատարագը, որը նվիրված էր հայ ժողովրդի ողբերգությանը եւ տվյալ ոճիրը ճանաչում էր 20-րդ դարի եւ մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանություն, - Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սգո պատարագը եւ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի սրբագործումը, ինչը արվեց քրիստոնեական եկեղեցու համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ, - Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ավստրիայի եւ Գերմանիայի խորհրդարանների որոշումը, ինչը քաղաքական ճեղքում էր տվյալ ոճրագործության վերացման պրոցեսում, քանի որ այդ պետությունները, ինչպես հայտնի է, Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցներն էին, - Արեւմտահայաստանի հողերի վերադարձման հարցում Թուրքիայի նկատմամբ միջազգային-իրավական պատժամիջոցներ պահանջելու Ուրուգվայի խորհրդարանի որոշումը, - Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանությունը ճանաչած պետությունների ու կազմակերպությունների ցանկի ընդլայնումը, - Հայոց ցեղասպանության 100-ամյակի սգո միջոցառումներին մասնակցելու համար տարբեր երկրների բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Կիպրոսի նախագահների այցելությունները Հայաստան: Ցավոք, այս հարցում եւս Թուրքիայի իշխանությունները ցույց տվեցին իրենց դեմքը, երկինքը փակելով Սերբական Կրաինայի նախագահի դեպի Երեւան թռիչքի համար: Այս իմաստով Ռուսաստանը պատմական ճշմարտության եւ արդարության վերականգնման կողմնակիցների առաջին շարքերում է: Այսօր Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայ համայնքըՙ մոտ 3 մլն մարդ: Բազմազգ Ռուսաստանի մյուս ժողովուրդների հետ մենք կարողացանք կազմակերպել եւ անցկացնել մի շարք կարեւոր միջոցառումներ (գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ, «կլոր սեղաններ», ցուցահանդեսներ, հանրահավաքներ, հիշատակի երեկոներ, հոդվածների հրապարակումներ, հարցազրույցներ, վերլուծական հաղորդումներ, գեղարվեստական եւ վավերագական ֆիլմերի ցուցադրություններ եւ այլն): Եթե խոսենք քանակական ցուցանիշների մասին, դրանք շուրջ 2 հազար էին ամբողջ երկրում: Յուրաքանչյուր պետական սուբյեկտում, որտեղ հայեր են ապրում, անցկացվեցին տասնյակ համապատասխան միջոցառումներ: Եթե խոսենք քաղաքական ցուցիչների մասին, ապա մենքՙ Ռուսաստանի հայերս եւ մեր «Ռուսաստանի հայերի միությունը» ամենուրեք զգացել ենք բոլոր մակարդակների իշխանության մարմինների եւ քաղաքացիական հասարակության աջակցությունն ու համերաշխությունը: Հնարավոր է, որ չինովնիկական մտածողության կարծրատիպերի պատճառով ինչ-որ տեղերում տեղական եւ շրջանային իշխանությունները մասնակցած չլինեն ՌՀՄ միջոցառումներին, բայց հավատացնում եմ, նման դեպքերն անչափ քիչ են: Նմանօրինակ ինձ հայտնի է միայն Սարատովի մարզում, երբ տեղական իշխանությունները փաստորեն բոյկոտել են մեր միջոցառումները: Սակայն հայ համանքի կազմակերպված դիմումից հետո Սարատովի իշխանությունները ներողություն խնդրեցին: Եվ ՌԴ իշխանությունների ընդհանուր դիրքորոշման վրա այդ իրավիճակը բնավ չանդրադարձավ: Առիթից օգտվելով կուզենայի Ձեր թերթի էջերից բոլոր ՌՀՄ-ականներին, Ռուսաստանի ամբողջ հայ համայնքին, ինչպես նաեւ ՌԴ իշխանության մարմիններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հերթական անգամ շնորհակալություն հայտնել անցկացված միջոցառումների, մեզ ցույց տրված աջակցության եւ համերաշխության համար: Ինչպես գիտեք, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՌԴ վերաբերմունքի բարձրակետը դարձավ նախագահ Վ.Վ. Պուտինի մասնակցությունը ապրիլի 24-ին Երեւանում կայացած գլխավոր սգո միջոցառումներին, ինչպես նաեւ նրա դիմումը իր Երեւան մեկնելուց երկու օր առաջ Մոսկվայի Միության տան սյունազարդ դահլիճում կայացած սգո հիշատակի երեկոյի մասնակիցներին: Այսպես, 2015 թ. ապրիլի 22-ին, Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ, պետության ղեկավարը իր դիմումի մեջ հայ ժողովրդի ողբերգությունն անվանեց Ցեղասպանություն, ինչը հարուցեց Թուրքիայի իշխանությունների բուռն զայրույթը: Դրանով իսկ Ռուսաստանը ողջ աշխարհին եւ մասնավորապես Թուրքիային ցույց տվեց, որ ինքը եղել է, կա եւ կմնա Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը եւ անվտանգության երաշխավորը: Ռուսաստանն այն երկիրն է, որը քանիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 1995 թ. եւ 2015 թ. ՌԴ Պետդուման իր բանաձեւերում Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ողբերգությունը պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանություն: Եվ վերջապես, ՌԴ նախագահի 2015 թ. ապրիլի 22-ի հիշյալ դիմումի մեջ եւ Ծիծեռնակաբերդում 2015 թ. ապրիլի 24-ին նրա ունեցած ելույթում տվյալ ոճրագործությունը կոչվեց իր անունովՙ Ցեղասպանություն եւ, ինչը պակաս կարեւոր չէ, նշվեց Ռուսաստանի կարեւոր դերը Ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի 1948 թ. հայտնի միջազգային կոնվենցիայի ընդունման գործում: Ռուսաստանի եւ Հայաստանի համար այսքան բարդ քաղաքական իրավիճակում ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի համապատասխան դիրքորոշումը, կարծում եմ, կարեւոր միջազգային եւ պատմական նշանակություն ունի Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման եւ հայոց պետության անվտանգության ամրապնդման հարցում: Եվ մեզ համար հաճելի է, որ Ռուսաստանի նախագահը առաջին անգամ դա նշեց այն միջոցառման մասնակիցներին հղած դիմումի մեջ, որը համատեղ կազմակերպել էին «Ռուսաստանի հայերի միությունը» եւ իշխանության դաշնային ու շրջանային մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությանՙ ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչները, ՌԴ մշակույթի նախարարությունը, Մոսկվայի կառավարությունը եւ ՌԴ հանրային խորհուրդը: Եվ թեմայի վերջում ուզում եմ նշել ՀՀ հիշյալ պետհանձնաժողովի եւ անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ կարեւոր որոշումը տվյալ հանձնաժողովը համայն հայության մարմինՙ Համահայկական խորհուրդ դարձնելու մասին: Խորհուրդը կստեղծվի համազգային քաղաքական հարթակի իրավաքաղաքական ձեւավորման նպատակովՙ համահայկական քաղաքական, տնտեսական եւ այլ առաջնային խնդիրների լուծման գործում աշխարհի հայության ներուժն ու հնարավորությունները միավորելու համար: Հայաստանի վերանկախացումից հետո անցած վերջին տարիներին մենք քանիցս քննարկել ենք այդ հարցը, եղել են նման մարմնի ինստիտուցիոնալ ձեւին եւ գործունության մեխանիզմին վերաբերող տարբեր նախաձեռնություններ եւ առաջարկություններ: Մասնավորապես դրանք ե՛ւ Հայաստան-Սփյուռք համաժողովներն են, ե՛ւ համազգային երկպալատ խորհրդարանի (Հանրապետության պալատ եւ Ազգի պալատ) գաղափարը, ե՛ւ նոր տիպի միջազգային կազմակերպությունը (ինչպես գիտեք, ՌՀՄ նախաձեռնությամբ 2003 թ. ստեղծվեց «Համաշխարհային հայկական կոնգրեսը»ՙ ՀՀԿ-ն): Եվ այդ բոլոր գաղափարները, համաժողովներն ու կազմակերպությունները կարեւոր եւ օգտակար են, կարող են առավել արդյունավետ լինել հայոց պետության համապատասխան վերաբերմունքի դեպքում: Բայց այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետհանձնաժողովի անդամների անունից առաջարկեց համահայկական մարմնի այդպիսի ձեւ, էլ ավելի իրատեսական եւ արդյունավետ է դարձնում մեր հնարավորությունները: Կարծում եմՙ Համահայկական խորհրդի հիմնական սկզբունքների, կառուցվածքի եւ գործունեության մեխանիզմի մշակմանը մեր համատեղ մասնակցությունից կախված կլինի նաեւ աշխարհի հայության արդյունավետ համագործակցության ու փոխգործողության ապագան, ներառյալՙ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում: |