RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 9435, Տպվել է` 657, Ուղարկվել է էլ.փոստով` 634

ԱՅՍՊԵՍ ՊԵՏՔ Է ԽՈՍԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցյալ շաբաթավերջին Հայաստանը մի նոր մակարդակի բարձրացավ, միջազգային ասպարեզում հայությունը մի մեծ ոստում կատարեց: Ապրիլի 23-ին եւ 24-ին Երեւանում կայացած միջազգային զույգ հավաքները, առաջինը Ցեղասպանությանը եւ տեղահանությանը նվիրված համաժողովը, երկրորդըՙ մարդասիրության ու կարեկցանքի գնահատման «Ավրորա» մրցանակաբաշխությունը, մեր երկիրը տեղափոխեցին միջազգային այն հարթակ, որտեղից այսօր առաջադեմ մարդկությունն է խոսում, տագնապում, տվայտում ու պայքարում աշխարհում կատարվող վայրագությունների եւ անարդարությունների դեմ: Եվ, հետեւաբար, այդպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման, հետեւանքների վերացման խնդիրները փաստորեն զետեղվեցին գլոբալ պարունակի մեջՙ հասկանալի եւ ըմբռնելի բոլոր այն մարդկանց համար, որոնք հենց այս պահին կրում կամ պայքարում են ցեղասպանությունների, տեղահանությունների, զանգվածային բռնությունների կանխարգելման ու հետեւանքների վերացման ուղղությամբ:

Մեկ անգամ չէ, որ գրել եմ մեր թերթում կամ ասել ռադիոյով ու հեռուստատեսությամբ, որ նույնիսկ մեր բարեկամ օտարերկրացիները մեղադրելու պես հորդորում կամ հորդորելու պես մեղադրում են մեզ, որ օրակարգի ընդամենը մեկ հարց ունեցող ժողովուրդ ենք: Անշուշտ ցեղասպանությունը, մանավանդ մեր պարագայում, երբ դրան զուգահեռվել է բռնագաղթն ու հայրենազրկումը, որոնք դեռեւս մնում են անպատիժ ու անհատույց, բնավ էլ չի կարող համարվել օրակարգի մեկ հարց, այլ հարցերի մի ամբողջ շղթա, սակայն ստիպված ենք ընդունել, որ աշխարհի հետ խոսելու համար անհրաժեշտ է գործածել նրան հասկանալի լեզու: Բարեբախտաբար դա մեզ համար օտար լեզու չէ, քանի որ մեր ցավը գլոբալ ցավի մասն է կազմում: Չգիտեմ ով է ասելՙ ուրիշի ցավ չի լինում: Իսկ ցեղասպանությունը, բռնագաղթն ու հայրենազրկումը միայն մեր ցավը չեն, ինչպես որ Սիրիան, Իրաքը, Դարֆուրը, Ռուանդան, Կամբոջիան, Հոլոքոսթը դրանք կրող ժողովուրդներինը չեն միայն, այլ նաեւ մերը:

Ոչ միայն բովանդակային, այլեւ կազմակերպական առումով էլ վերջին զույգ ձեռնարկումները միջազգային չափանիշներին համապատասխան էինՙ եթե չհաշվենք արտաքին քարոզչական թերությունները: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման հանդիսություններն ու ձեռնարկները, որոնք սկիզբ դրեցին այս բոլորին, մեզ սովորեցրել են շատ բան, սկսած օտար լեզուների տիրապետող երիտասարդների կենցաղագետ ու բանիմաց ուղեկցումից մինչեւ կազմակերպչական-տեխնիկական արդիական միջոցների կիրառումը: 100-րդ տարելիցը նաեւ սովորեցրել է մեզ, որ նման հավաքներում ոչ այնքան պաշտոնական խոսքն է տպավորիչ ու հաղորդական, որքան համեստ ու մարդկային մոտեցումը, որն այնքան ներգործուն եղավ Հասմիկ Պապյանի, Դեյվիդ Իգնեշըսի, Ջորջ Քլունիի, Շառլ Ազնավուրի, կազմակերպիչ եռյակի մատուցմամբ:

Այս ամենը օրինակելի եւ ուսանելի էին մեր երիտասարդության համար հատկապես, որ տեսավ եւ անշուշտ ընկալեց մարդասիրության դասերը, ստացավ սկզբունքայնության եւ համամարդկային արժեքներից երբեք չշեղվելու հանձնառությունը, որոնք դրսեւորվեցին թե՛ հյուրընկալողների եւ թե՛ հյուրընկալվողների կողմից:

Միով բանիվ, սա այն մակարդակն է, որից զիջում չի թույլատրվում մեզ այլեւս. դժվար ու երկար ճանապարհ ունենք դեռ, որն անցնելու ենք խելամտությամբ, կազմակերպվածությամբ, առաջադեմ մարդկության համար ընկալելի, համահունչ, նրա հետ համաքայլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ