ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴ. «... ԹԵ ՈՐՔԱՆ ԱՐԱԳ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԼՎԵԼ» Ա. Հ. Վերջին 12 ամիսներին Եվրոպայում անվտանգության մտահոգությունների առնչությամբ խոսքով է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ներկայացրել Եվրոպայում մարդու իրավունքների զեկույցը` 2015թ. համար: ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է վերջին շրջանի ահաբեկչական գործողություններին, միգրանտներին առնչվող ճգնաժամի չհամակարգված արձագանքներին, Արեւելյան Ուկրաինայում խաղաղության եւ կայունության չհասնելու իրավիճակին: Յագլանդը նշել է նաեւ ղարաբաղյան հակամարտության առումով իրավիճակը, ընդգծելով, որ «Ռազմական գործողությունների վերականգնումը Լեռնային Ղարաբաղում հիշեցրեց, թե որքան արագ կարող են սառեցված հակամարտությունները հալվել»: Յագլանդը հակամարտության համատեքստում չի անդրադարձել նույն այդ հակամարտության առումով մարդու իրավունքների ոտնահարումներին, պատերազմական հանցագործություններին: Անդրադարձ չկա նաեւ զեկույցում, թեեւ վերջինում այդ հարցի բացակայությունը չպետք է պայմանավորել զեկույցիՙ 2015թ. վերաբերելու հանգամանքով: Զեկույցում հակամարտությունն ընդհանրապես նշված չէ որպես այդպիսին, թեեւ մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ տարբեր ցուցանիշների բնութագրականում նշվում են զինված կամ այլ տեսակի հակամարտությունների-բախումների մասին: Ընդհանուր առմամբ, Յագլանդի զեկույցում նշվում է, որ Եվրոպայում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը վտանգված են: Զեկույցում Հայաստանը նշվում է դատական համակարգի անկախության, կիբերանվտանգության, սոցիալական իրավունքների եւ սահմանադրական բարեփոխումների համատեքստում: Հայաստանի առնչությամբ զգալի քննադատական ու բացասական դիտարկումների կողքին Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից շատերում եւս նշված հարցերը խնդրահարույց են: Ամեն դեպքում, Յագլանդի զեկույցի` Ադրբեջանին առնչվող հատվածներում բացասական դիտարկումները առավել խիստ բնույթ են կրում, ավելին, ԵԽ գլխավոր քարտուղարը քանիցս եւ տարբեր առիթներով անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների դեպքերին: |