PKK-Ն ԿԸՆԴԼԱՅՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ Պ. Ք. PKK-ի առաջնորդ Ջեմիլ Բայիքը հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ: «Քրդերը կպաշտպանվեն մինչեւ վերջ: PKK-ն կընդլայնի ռազմական գործողությունները, քանի դեռ Թուրքիան չի փոխել իր մոտեցումը», ասել է Բայիքը, որի խոսքերը մեջբերում է BBC գործակալությունը: Քուրդ առաջնորդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է հակամարտության խորացման մեջ: «Նա ուզում է, որ քրդերը անձնատուր լինեն: Ուզում է հակառակ դեպքում սպանել բոլոր քրդերին: Նա բացեիբաց խոսում է այդ մասին, չի թաքցնում դա», նշել է Բայիքը: Նրա խոսքերով, PKK-ն չի ձգտում անջատվել Թուրքիայից եւ պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ, եթե Անկարան ուզենա բանակցել: Իր հերթին Էրդողանի խորհրդական Իլնուր Չեւիքը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները առայժմ չեն նախատեսում որեւէ բանակցություն PKK-ի հետ: «Քրդերը փորձում են Թուրքիայի տարածքում ստեղծել առանձին պետություն. դա ակնհայտ է», ընդգծել է նա: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս բացառել է հաշտության բանակցությունների վերսկսումը PKK-ի հետ, որը պաշտոնապես արգելված է Թուրքիայում: PKK-ի հետ թուրքական կառավարության զինադադարը խախտվեց անցյալ տարվա հուլիսին: Այդ պահից մինչեւ օրս թուրքական զորքերի եւ PKK-ի ռազմական գործողությունների հետեւանքով հազարից ավելի մարդ է զոհվել: 1984 թ. թուրք-քրդական հակամարտության ծագումից ի վեր դրան զոհ է գնացել ավելի քան 40 հազար մարդ: |