ՍԻՐԻԱԿԱՆ ՓԱԶԸԼԸ Է՛Լ ԱՎԵԼԻ Է ԽՃՃՎՈՒՄ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Անցյալ շաբաթ օրը Այնթապում (Ղազիանթապ) քրդական հարսանեկան արարողության սահմռկեցուցիչ ընդհատումից ընդամենը 4 օր հետո, չորեքշաբթի լույս առավոտյան, թուրքական ռազմական ուժերը, օդային ու հրետանային սաստիկ ռմբակոծության ուղեկցությամբ ներխուժեցին Հյուսիսայնի Սիրիաՙ Եփրատ գետի ափին գտնվող Ջարաբլուս քաղաք եւ մահիկաձեւ գծով միացան սահմանամերձ Ազազ բնակավայրին, որն արդեն գտնվում էր այսպես կոչված «Սիրիական ազատ բանակ» թուրքամետ ուժերի վերահսկողության տակ: Նույն օրն իսկ նախագահ Էրդողանը հայտարարեց, որ ռազմական գործողության թիրախը «ԻՊ»ն է, որը ստանձնել էր 54 հոգու կյանք խլած Այնթապի սպանդի պատասխանատվությունը: Համաշխարհային պատմութունը բազմաթիվ օրինակներ է տվել, երբ կառավարությունները տարբեր բռնարարքները օգտագործել են ի շահ իրենցՙ նախապես ծրագրած գործողությունները իրականացնելու եւ արդարացնելու համար: Իսկ ԻՊ-ի դեմ պայքարը այս օրերին խիստ մոդայիկ է, եւ Անկարան, որն արդեն շուրջ 5 տարի սնում եւ սատարում է նրան, այժմ որպես մեքանիզմ օգտվում է նույն այդ մոդայիցՙ ռազմական ուղղակի միջամտության որպես շարժառիթՙ սուրիական թատերաբեմ կրկին դուրս գալու համար: Իրականում ԻՊ-ը, ռուսական եւ կոալիցիոն ռազմաօդային ուժերի հարվածների տակ, վերջին շրջանում խիստ տկարացած վիճակ ունի եւ նրա ուժերը օրըստօրե կծկվում են մի կողմից սիրիական բանակի եւ մյուս կողմից Սիրիայի քրդական ուժերի առաջխաղացման պայմաններում: Հենց վերջիններին էլ Էրդողանը վերոհիշյալ հայտարարության ժամանակ չմոռացավ նշելՙ ԻՊ-ի կողքին: Քրդական ուժերի առաջխաղացումը Անկարայի թիվ 1 մտահոգությունն է կազմում արդեն տեւական ժամանակ, եւ հարավային իր սահմաններին կիպ կպած, ինչպես Ջարաբլուսում, նրանց ներկայությունը մեծ սպառնալիք է համարում իր երկրի համար, որն արդեն ունի «սեփական» քրդերի կնճռոտ խնդիրը: Հենց այդ պատճառով էլ թուրքական կառավարական աղբյուրները գոհունակությամբ ընդունեցին երեքշաբթի օրը սիրիական քրդերին ուղղված Մ. Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի արած նախազգուշացումը Անկարայում, թե Վաշինգտոնն այլեւս չի սատարի նրանցՙ եթե իսկույն եւեթ չվերադառնան Եփրատի արեւմտյան ափ եւ ավելի ներքեւՙ դեպի իրենց ելման դիրքերը, մինչեւ Հասաքե եւ Քամիշլի: Այսուամենայնիվ, միջազգային ռազմաքաղաքական մեկնաբանները Անկարայի հանկարծահաս այս քայլի մեջ, այլ պատճառների շարքում, նշում են մեկ այլՙ կարեւորագույն խնդիր: Նրանց կարծիքով մոտենում է Սիրիայի մեծագույն քաղաքիՙ Հալեպի վճռական ճակատամարտը, եւ Էրդողանը ցանկանում է ամեն գնով իր խոսքը ունենալ դրանում: Նրանք, այդ վերլուծաբանները, հիշեցնում են 2-րդ աշխարհամարտի ավարտին ռուսական եւ արեւմտյան դաշնակից ուժերի խելահեղ մրցակցությունը Բեռլինի համար, որին, ինչպես ծանոթ է, հաջորդեց շուրջ 40 տարի տեւած Ցուրտ պատերազմը... Այս բոլորի մեջ, սակայն, գլխավոր անհայտը Ռուսաստանի դիրքն է, կամ դիրքորոշումը: Իմ տպավորությամբ, սիրային հարցերում նախագահ Պուտինի բախտը չի բերում: Հազիվ 2-րդ անգամ իր սիրեցյալիՙ Էրդողանի հետ ողջագուրվելուց հետո, վերջինս ամերիկացիների աջակցությամբ կրկին «դաշունահարում է նրան մեջքից», ինչպես փետրվարին, երբ թուրքերը խոցեցին նրա ռազմօդանավը: Այժմ ի՞նչ է լինելու նրա հակազդեցությունը: Կամ, գուցե, ոչ մի հակազդեցություն էլ չի՞ լինելու: Գուցե նախօրոք իր համաձայնությունը տվե՞լ էր Էրդողանին: Այդ պարագայում կստացվի, որ Պուտինն ինքն է դավաճանում իր հնագույն բարեկամինՙ նախագահ Հաֆեզ Ասադին: Բոլոր պարագաներում տխրագույն ճակատագիր է վիճակված տառապակոծ Սիրիային ու նրա դժբախտ ժողովրդին: Սիրիական փազըլը ավելի է խճճվում ժամանակավոր սիրահարների եւ հավիտենական դավաճանների մթնոլորտում: |