RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ, ԲԱՅՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 23-ին Գյումրու ՌԴ 102-րդ ռազմաբազայում հրապարակված իր դատավճռով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց այդ ռազմաբազայի շարքային զինծառայող, 2015 թ. հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Հիշեցնենք, ըստ քրեական գործի նյութերիՙ այս «ազատարարը», նշված օրվան նախորդող գիշերը զենքը ձեռքին ինքնակամ լքելով իր զորամասի տարածքը, լուսաբացին մոտ հայտնվել էր Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 հասցեումՙ իրենց տանը խաղաղ քնած Ավետիսյանների հարկի տակ, ինչ-ինչ հանգամանքներում հրազենային կրակոցներով անկողիններում սպանել ընտանիքի վեց անդամներին, այդ թվում մեկ երեխայի, իսկ յոթերորդինՙ վեց ամսական մանուկ Սերյոժային խոշտանգել ինքնաձիգին կցված սվին-դանակով, ինչից մեկ շաբաթ հետո այս երեխան եւս Երեւանի հիվանդանոցներից մեկում մահացել էր: Պերմյակովն իր կողմից ընդունել էր սպանությունների կատարման մեղքը, դատարանն էլ ապացուցված է համարել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով նրան ներկայացված մեղադրանքը, պատժի մեջ ներառելով նաեւ զինվորական հանցագործության համար (դասալքություն, զենք-զինամթերքի հափշտակում եւ ապօրինի կրում) ՌԴ կայազորային դատարանի առանձին վճռով սահմանված 10 տարվա ազատազրկումը:

Կայացված դատավճիռը, սակայն, ըստ ամենայնի չպակասեցրեց տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչ փաստաբանների ու քաղաքի հասարակության շրջանում այս ողբերգական դեպքի, հանցագործության հանգամանքների ու գործի քննության եղանակի հետ կապված տարբեր հարցականներ: Ավելին, քրեադատավարական այս ողջ գործընթացը երեւակեց միջազգային, տվյալ դեպքումՙ հայ-ռուսական հարաբերություններում մեր երկրի դատաիրավական համակարգի հնարավորություններին (կամ դրանց պակասին) առնչվող, թվում է, լուրջ եւ կարգավորման կարոտ որոշ խնդիրներ: Եթե մի երեք տարի առաջ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում դժբախտ պատահարի հետեւանքով 18 մարդու ցավալի մահվան պատճառ դարձած բեռնատարի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ռուսաստանյան դատարանում կանացի խալաթ էին հագցնում, ապա այստեղՙ Հայաստանում, հայ մի ամբողջ ընտանիքի գազանաբար հոշոտած ռուս զինծառայողն առաջին պահից մինչեւ այժմ նույնիսկ չհանձնվեց մեր երկրի իրավապահներին, այլ հենց սկզբից, իր չիմացած հայ-թուրքական սահմանն իբր թե հատելու փորձ կատարելիս հայտնվեց ու ընդհուպ ամբողջ դատական գործընթացի ավարտը մնաց նախ իր պետության սահմանապահների, ապա հարազատ զորամասի հոգատար հսկողության ներքո: Ավելին, գոնե դատական նիստերին նրան ոչ թե բերում էին դատարան, այլ քննությունը վարող Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն ինքն էր գնում ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվողի մոտՙ նրա զորամաս, որտեղ էլ անցկացվում էին նիստերը... Այս պայմաններում թերեւս զարմանալի չէ նաեւ այն հերթական անսովոր իրողությունը, որ դատավճռում նույնիսկ չի նշվում, թե որտեղ է իր պատիժը կրելու դատապարտյալը: Հավանաբար այս հարցում էլ դատարանին իրավասություն չի տրվել եւ հարցը որոշվելու է միջպետական համաձայնության մակարդակում: Մամուլում շրջանառվող տեղեկություններով, բանակցություններ են վարվում նրան պատիժը կրելու համար Ռուսաստանին հանձնելու ուղղությամբ, ինչի վրա էլ կարծես թե շեշտադրել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:

Ի դեպ, գիտե՞ք ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների «լավագույն» ավանդույթների ոգով ինչպես է մեր դատարանի վճռի մասին իր հրապարակումը վերնագրել ռուսաստանյան «Գազետա.ռու»-ն: Խնդրեմ. «Убийца из Гюмри (... - Գ. Մ.) сядет пожизненно». Այսինքնՙ «գյումրեցի մարդասպանը կնստի ցմահ»: Հիմի է՞լ պիտի լռեք, երկրիս պարոնայք երդվյալ պաշտոնյաներ:

Ի դեպ, նշված օրինակում կարծես թե մի հետաքրքրական տրյուկ կա. Գուգլ-որոնումում այդ նյութի վերնագիրն է « ...» եւ այլն, իսկ բացելուց հետո կայքումՙ ինչպես նշեցինք:

Ի վերջո, տեսեք ինչ է ստացվում: Մեր ոխերիմ հարեւանը կարողացավ անգամ բոլոր օրենքների խախտումով Հունգարիայի արդարադատությունից կորզել ու իր երկիր տանել իր կացնամարտիկ սաֆարովին... Ռուսաստան պետությունն էլ անմիջապես տեր կանգնեց ու երեւի նույնպես կտանի իր ռուս «սաֆարովին»: Ե՞րբ պիտի մենք էլ այնքան ուժեղ ու արժանապատիվ երկիր, պետություն լինենք, որ մեզ էլ ըստ պատշաճին հարգեն, մեզ ու մեր իրավունքների հետ հաշվի նստեն: Մենք ինքներս առայժմ կարծես թե ամեն ինչ տանում ենք դեպի հակառակը:

Ինչ վերաբերում է նաեւ այն տարածվող տեղեկություններին, թե հնարավոր էՙ ռուս դատապարտյալ զինվորին «փոխանակեն» մեր Հրաչյա Հարությունյանի հետ, սրան էլ առայժմ չշտապենք հավատալ...

Խմբագրության կողմից ավելացնենք, որ մասնագիտական շրջանակներին զարմացնում է նաեւ այն, որ ոճրագործի դատավճռի հիմք է ընդունվել նրա ինքնախոստովանական ցուցմունքը եւ ոչ թե փաստական տվյալների քննությունը: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ոճրագործը դատաքննության ընթացքում, բացի ինքնախոստովանանքից, ընդհանրապես չի պատասխանել իրեն ուղղված հարցերին, լռել է: Սրանից կարելի է հետեւցնել, որ նա պատճառ է ունեցել լռելու, որպեսզի չբացահայտվի այլոց պատասխանատվությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ