RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



ՆԵՐԳԱՂԹ-ԱՐՏԱԳԱՂԹ

Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6282, Տպվել է` 646, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....»

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

(Ենթախորագրի փոխարենՙ հարցական նշան)

Հայրենադարձության եւ հայրենալքման թեման թեեւ թաբու չէ, սակայն մեր գրողները, պատմաբաններն ու հասարակագետները զարմանալիորեն խուսափում կամ շրջանցում են այն: Անշուշտ ունենք, անձնական հուշագրություններում հատկապես, բազմաթիվ վկայություններ այդ թեմայի շուրջ, սակայն դեռեւս բացակայում են համապարփակ ու խորքային անդրադարձումները հայ ժողովրդի 20-րդ դարի պատմության ամենակարեւոր եւ, միաժամանակ, ցավալի այդ երեւույթի մասին: Թերեւս այն պատճառով, որ հայրենահավաքի մեր առհավական ձգտումներին ճիշտ հակառակՙ ազգային մեծ պարտություններ ենք գրանցել այդ ասպարեզում ու դեռ շարունակում ենք գրանցել...

Սկսելով մեր թերթի ներկա համարիցՙ հաջորդական 5 համարներով ներկայացնում ենք գրականագետ եւ հեղինակ Ավիկ Իսահակյանի վկայությունների շարքըՙ իրեն հատուկ պատմողական հեզասահ ոճով եւ անկողմնակալ ու անբռնազբոս շարադրանքով գրված: Ընթերցողը, վստահ ենք, հետաքրքրությամբ կարդալու է այս գործը, որը արժանի է առանձին գրքով լույս տեսնելու:


Այն մարդուն, որ առաջինն է ասել այս խոսքերը, կա՛մ նստեցնել էր պետք, կա՛մ Նոբելյան մրցանակ տալ:

Ե՞րբ ասվեց դա առաջին անգամ եւ որտե՞ղ. Աբովյան փողոցի վրա գտնվող ոսկերչական արհեստանոցներից մեկու՞մ, թե՞ Մարքսի փողոցի կարի սրահներում, Շիլաչիի շուկայում անլեգալ բաստուրմա վաճառողների՞, թե՞ «Արմենիա» ռեստորանի մատուցողների շարքում, Մալաթիայով անցնող տրամվայներից մեկու՞մ, թե՞ Արաբկիր թաղամասի մենատներից մեկի խոհանոցում... Թե որտեղ ասվեց, այնքան էլ կարեւոր չէ, տեղի պակասություն չէր կարող լինել, ինչպես եւ չէր կարող լինել պակասություն այդ խոսքերն ասելու պատճառով:

Հացի հերթ, մսի թանկացում, ֆինտեսուչի այց, դեղորայքի, հագուստի, կամ թե կահույքի դեֆիցիտ... Ի՞նչը դեֆիցիտ չէր: Տեղի-անտեղի հիշեցում «ախպար» լինելու: Ո՞ր մեկը հիշես, ո՞րը մոռանաս: Կարեւորն այն էր, որ հենց մեկնելու առաջին հնարքն ստեղծվեց, այս խոսքերի արձագանքը լսվեց թե՛ Երեւանի նորաստեղծ «Փարաքար» օդանավակայանում, թե՛ Երկաթուղային կայարանում...

Այս խոսքերի արձագանքը տրամաբանական շարունակությունն էր մեր ժողովրդի համար շատ բանում կործանիչ, բայց եւ շատ իրատեսական մի ասացվածքիՙ «Որտեղ հաց, այնտեղ կաց»:

«Երթալը ճիշտ է» երեւի մի 40 տարվա պատմություն ունեցող խոսքի հիմքում հետեւյալ պարզունակ անեկդոտն է ընկած. «Երկու ախպար ընկեր մի տեղ կանգնած կիսաձայն զրուցում են: Երրորդըՙ նրանց անծանոթ, նույնպես ախպար, տեսնելով, որ զրույցը սովորականից ավելի երկարեց, մոտենում է նրանց եւ կամացուկ ասում. «Կներեք, չգիտեմ ինչի մասին կխոսիք, բայց ձեզի բան մը պիտի ըսեմ: Երթալը ճի՛շտ է...»:

Իրոք, թերեւս քառասուն եւ ավելի տարիներ առաջ այս հարցի մասին մեր «ախպարները» շատ չէին խոսում: Դե, Ստալինի ժամանակ ո՞վ սիրտ կաներ մտածել այդ ուղղությամբ: Ամեն ինչ սկսվեց Խրուշչովի օրոք, երբ «երկաթե վարագույրը» մի քիչ բացվեց, մարդիկ սկսեցին գնալ-գալ, սկսեցին ծանր ու թեթեւ անել, գնացածներից եկած նամակներն ու հեռախոսազանգերը քննարկել: «Պետիկենք արդեն տուն առած են հենց Հոլիվուդի մեջ, իսկ հայրերնին ու մայրերնին թոշակ կստանան կոր: Աս ի՞նչ երկիր է»:

Կամաց-կամաց հայրենադարձների ընտանիքները, իսկ հետոՙ նաեւ թաղերը, սկսեցին բաժանվել գնացողների եւ չգնացողների, իսկ մի տասը տարի անցՙ գնացածների եւ դեռ չգնացածների: «Եթե ասանկ շարունակվիՙ տունս-տեղս կվաճառեմ եւ կերթամ Օվիրի դուռը: Տեսնվա՞ծ բան է, «վարսավիրանոցիս կամ ֆոտոատելյեիս, ոսկերչականիս կամ դերձակարանիս նալոգը (եկամտահարկը) տասն անգամ բարձրացուցեր են»: «Կըսենՙ յուրաքանչյուր կոշիկ կարելիս, ավտո վերանորոգելիս կամ ակռա քաշելուց առաջ պիտի սոցապ դիմում գրես, իրավունք ստանաս, հետո հարկդ մուծես, նոր անցնիս գործի»: «Առաջ մի ֆինինսպեկտոր գիտեինք, յուրաքանչյուրս իր թաղում, կուտայինք անոր իրեն հասնող վարձը եւ վերջ: Իսկ հիմա հատուկ տեսչություն ստեղծեր են, որ հարկ հավաքեն, ամեն շրջան ալ ունի իր մասնաճյուղը, ամենին ախորժակները տասը անգամ բարձրացել են, ժամանակները փոխվել են կըսեն, հարկից չես խուսափի, համա աս տրված հարկերն ալ իրենց հասցեով չեն գնում»:

«Երթալը ճիշտ է»ի կողմնակիցների մի ստվար բանակ էին կազմում 1949 թվականի աքսոր տեսածները եւ նրանց ընտանիքների նոր սերունդը:

Մեկը, որ տեսել էր Ալթայի երկրամասի աքսորի տարիները, առաջին իսկ հնարավորությունից կօգտվեր, որ ընդմիշտ թողներ ԽՍՀՄ-ը, կամ ՀԽՍՀ-նՙ ինչպես ուզում է կոչվեր: Եվ 1949 թվականի աքսորյալների մեծ մասը կազմել էին հայրենադարձները: Ի՜նչ հույսերով էին նրանք լքել Փարիզն ու Մարսելը, Բեյրութն ու Կահիրեն, Հալեպն ու Թեհրանը, որ հիմա հայտնվեին Ալթայում: Աքսորյալների մի զգալի մասն իրենց վերջին կայանը գտան հենց տավար փոխադրող վագոններում, կամ սիբիրյան անանուն տափաստաններում: Իսկ ստորացումները, էլ «Враг народа», «Буржуй без буржуйки», «Понаехали армяшки», «Шевелись черножопый»: Այս դառը հուսախաբությունն ապրած մարդը այս ամենը վերապրելու վախից կասեր ոչ միայն «Երթալը ճիշտ է», այլեւ «Օրհնյալ է երթալը»:

Ալթայան ցուրտը, որը մեկ անգամ մտել էր մեր տարաբախտ հայրենակցի ոսկորները, էլ երբեք դուրս չէր գալու ո՛չ Երեւանում, ո՛չ Մարսելում եւ ո՛չ էլ Սանտա-Մոնիկայում:

***

Մեր ախպարները տեսան, որ Երեւանի կենտրոնական հրապարակում, ուր խոյացած է Թամանյանի հանճարեղ ճարտարապետական մտքով ստեղծած Հայաստանի Կառավարության շենքը, տեղադրված է ողջ հասակով մեկ կանգնած մի մարդու մեծադիր արձանՙ Վ. Ի.Լենինն է դա: Իրենց ապրած ոչ մի երկրում իրենք չէին հանդիպել այդ մարդու արձանին, այնտեղ նման արձաններ դնում էին Քրիստոսին կամ նրա աշակերտներից որեւէ մեկին: Եվ կամ թե ազգային որեւէ գործչի, որը վայելում է համայն ժողովրդի սերը: Մեր ախպարները, ինչպես եւ երեւանցիք, լավ գիտեին, թե ով է Լենինը: 20-րդ դարի հայ ժողովրդի պատմության մեջ հազիվ թե գտնվի մի այլ գործիչ, որն այդքան վատություն արած լինի, որքան Լենինը: Եվ ահա այդ մարդուն արձան է կանգնեցրած եւ դեռ հրապարակն էլ կոչվում է նրա անունով: Ուրեմն այս երկրում կարգերը կեղծ են, մի ողջ ժողովրդի ստիպողաբար պարտադրում են երկրպագել մեկին, որն այդ ժողովրդի բացահայտ թշնամին է: Եվ պետք չէր հակախորհրդային պրոպագանդա անել. լավագույն փաստարկը հենց Լենինի արձանն էր Երեւանի սրտում: «Այս ո՞ւր ենք մենք եկել» եւ «Ինչու՞ եկանք» այս հարցերին ստույգ պատասխան չկար: «Ո՞ւր» - արդեն առաջին օրից պարզ էր դառնում, «ինչո՞ւ եկանք»-ի համար յուրաքանչյուր հայրենադարձ ուներ իր արած այդ քայլի ներքին դրդապատճառը: Շատերը հուսախաբությունից ընկնում էին հոգեկան անհուսության մեջ, շատերը փորձում էին հարմարվել այս իրավիճակին, ուր ստիպված էին գործադրել մարդկային վատագույն ինստինկտներըՙ շողոքորթել, ստել, կեղծել, կաշառել եւ անգամ գովաբանել առկա իրականությունը, շատերն էլ ապրում էին հույսը սրտներումՙ թե մի օր կբացվի «երկաթե վարագույրը» եւ «երթալը» հնարավոր կլինի:

Մինչդեռ մի հոծ հանրության համար առաջնային հարցը հանապազօրյա հաց հայթայթելն էր...

Այսօր դժվար է հավատալ, բայց դա դառն իրականությունն էր, այդ մասին վկայում են այսօր արդեն պատկառելի տարիքի հասած մեր հայրենադարձները:

(«Մամա, ես սոված եմ...

Մամա ջան, քունս չի տանում, հաց եմ ուզում»...

«Պատուհանի ճաղերով վեր էր մագլցում եւ թաղով մեկ բղավումՙ «Դրացինե՜ր, ես անոթի եմ... պանիր կուզեմ, կա՜թ կուզեմ, հացին վրա քսած կարագ եւ մեղր կուզեմ...:

...Արայի հուսահատ կանչին այս ու այն կողմից մելամաղձոտ արձագանքեցին միայն թաղի սոված շները»... (Տիգրան Լեւոնյան, «Վերադարձ», Երեւան, «Վան Արյան» 2016, էջ 39, 66):

Ինչի-ինչի, բայց իրենց երկրներում, որտեղից որ իրենք եկան Հայրենիք, նրանք հացի կարոտ չէին: Երբ նրանք «Սինայ» շոգենավով 1946 թվին մոտենում էին Բաթումիի նավահանգստին, խորհրդային կոմիսարները եւ ներգաղթի կոմիտեի ազգությամբ հայ պատասխանատուները պարտադրաբար ստիպեցին մեր հայրենակարոտ քույրերին եւ եղբայրներին, իրենց հետ բերած բոլոր սննդամթերքները նետել Սեւ ծովը. «Ձեր փտած կապիտալիստական երկրներից բերած ամեն տեսակի ուտեստեղենը նետեցեք նավից ծովը: Մեր երկրում դուք լիովին ապահովված կլինեք: Եթե այս հրամանը չկատարվի, դուք անձնագիր չեք ստանա»: Մինչդեռ մարդիկ, ինչը որ հատուկ է հայ մարդուն, առանց սնունդ ճամփա չէին ելել, եւ իրենց ունեցած դրամի մի որոշակի չափը ծախսել էին սննդամթերքի վրա եւ այս ամենը (իսկ եղածը կբավարարեր մի քանի ամիս) պիտի ջուրը թափվեր բառիս ամենաուղղակի իմաստով: Մինչ այս հակամարդկային հրամանը գործի դրվեց եւ «կարմիր» ափում իմացան այդ մասին, ով հասցրեց, գցեցին ջուրն իրենց նավակները եւ հայդա՜ «անվճար» պարենի ետեւից: Մինչդեռ մեր հայրենակիցների (որոնք «Սինայի» վրա համախմբված էին) սրտերով մի երջանկության ալիք անցավ: «Տեսե՛ք, տեսե՛ք մեր սովետական հայրենակիցները, ժամ առաջ գցել են իրենց ջուրը, որ գան անձամբ մեզ դիմավորեն, ողջունեն»:

Արդեն, երբ ափ իջան, պրոպագանդա անելու իմաստ չկար, բարետես հյուրանոցների փոխարեն նրանք երկու-երեք օր քնեցին բաց ծովային կառամատույցում, մինչեւ որ անցնեին անձնագրերի, վիզաների հետ կապված գործերը: Եվ հետոՙ ուղիղ կայարան, առանց քաղաք դուրս գալու իրավունքի, լցրեցին խոշոր եղջերավոր անասուններ փոխադրող վագոնները եւ հայդաՙ դեպի Երեւան: Վագոններից դուրս կգաք միայն կայարաններում, ու երբ, այսպես ասածՙ կայարաններում, մարդիկ իջնում էին պետքարան գնալու կարիքով, տեսան, որ արահետի երկայնքով կանգնած են ավտոմատավոր կանաչ զգեստ հագած զինվորները, եւ ոչ հայ, ոչ վրացի, այլ ռուս, որոնք մի խոսք էին ասումՙ «վպսՖջÿ» եւ այդ ատեն մարդիկ իրար երեսի նայեցին ու լուռ խորհեցինՙ «Ինչո՞ւ եկանք»:

***

Թռչում էի Մոսկվայից-Նյու Յորք 1992 թվականի դեկտեմբերին: Օդանավում նստած էր մի հայրենադարձի ընտանիք, որն իրավունք էր ստացել մշտապես տեղափոխվելու ԱՄՆ: Կողքիս նստած էր նրանց մայրիկը, ով ճամփին ինձ տնային գաթա հյուրասիրեց: Ինքնաթիռն առաջին վայրէջքը կատարեց իռլանդական Շեննոնի օդանավակայանում: Ինքնաթիռը պիտի լիցքավորվեր, բոլորը պետք է դուրս գային: Պետք է ասեմ, որ սա իմ առաջին թռիչքն էր դեպի Միացյալ Նահանգներ, եւ ես առաջին անգամ էի տեսնում նման խոշոր եւ արտակարգ հարուստ օդանավակայան, ինչպիսին Շեննոնն էր: Օդանավակայանն ինքն ասես մի առանձին քաղաք էրՙ է՛լ հյուրանոց, է՛լ հսկա խանութներՙ ուտեստեղենի, հագուստեղենի, ոսկեղենի: Ես մտածեցիՙ սա հատուկ ստեղծած «Արեւմուտքի» ցուցափեղկն է մեր երկրի դեմ, որ մարդկանց զարմանքն առաջացնի: Բայց այդ շքեղ ցուցափեղկը մեկը չէր, նման տաղավարներ իրար հետեւից շարված էին. խմիչքների, օծանելիքների, ոսկյա իրերի, ժամացույցների, ո՞րն ասես: Մարդիկ հանգիստ ճեմում էին, առանց իրար հրմշտելու առեւտուր անում, դեմքներին միայն ժպիտ, հանկարծ մեկին դիպչեիր, հենց իր կողմից կլսեիր սիրալիր ներողությունը: Տեղ-տեղ այս ցուցափեղկ սրահները ընդհատվում են հենց իրենց շարունակությունը կազմող փոքր ռեստորաններով, սրճարաններով, բարերով ու փաբերով: Անկեղծ ասած, ես որ առաջին անգամ պետք է թռչեի Ատլանտիկական օվկիանոսի վրայով մինչեւ Նյու

Յորք, մտածեցի, թե այս փոքր Իռլանդիան այս ի՜նչ հսկայածավալ առեւտրի կենտրոն է ստեղծել Շեննոնի օդանավակայանում, այս քանակությամբ ապրանք-հագուստ, ուտեստեղեն առաջին անգամ էի տեսնում: Երբ մենք վերադարձանք մեր տեղերը, տարեց տատիկը, որ կողքիս էր նստած եւ ինձ շատ համեղ գաթայով էր հյուրասիրել, մի քանի րոպե լուռ եւ հիրավի ինքն իր մտքերի հետ էր, հետո կամացուկ շուռ եկավ դեպի ինձ եւ կիսաձայն հարցրեց.

- Տղաս, այս ամենը, ինչ որ մենք տեսանք, ճի՞շտ էր, իրակա՞ն էր, թե՞ հատուկ սարքել էին մեզ համար:

- Ճիշտ էր, մայրի՛կ ջան, ամեն ինչ ճիշտ էր, եւ սրանից հետո ո՛ր քաղաքում էլ իջնես, Նյու Յորք թե Լոս Անջելես, կտեսնես նույնը, եւ այսպես շարունակ:

- Հենց էսպե՞ս, ինչպես տեսա, առանց հերթ, առանց սահմանափակման...

- Այո՛, առանց հերթ ու արգելք:

- Ինչպե՞ս թե առանց հերթ, ուրեմն ես, որ կյանքիս լավագույն տարիներըՙ թե մինչեւ պատերազմը, էլ չեմ ասում պատերազմի ժամանակ եւ նրանից հետո էլ, հենց դեռ երեկ, անց եմ կացրել հերթերի մեջ, ի՞նչ եմ հասկացել կյանքից:

- Մայրի՛կ ջան, տատս էլ, մայրս էլ, բոլորը քեզ նման հերթերի մեջ են անցկացրել հազարավոր ժամեր:

- Բայց ես աչքովս տեսա, պատմեինՙ չէի հավատա:

- Սրանից հետո միշտ նույնը կտեսնես...

Ժպիտն ու տարակուսանքը խառնվել էր տարեց կնոջ դեմքին ու մի պահ լրջանալով ու ձայնն ավելի ցածրացնելով ասաց ինձ.

- Ուրեմն, տղաս, ասա՛, որ մենք սխալ ենք ապրել...

Ինչ պատասխան տայի իրեն: Ի՞նչ է, ես ինքս քի՞չ եմ հերթի մեջ կանգնել Մոսկվայում էլ, Երեւանում էլ: Հիշում եմ, որ Մոսկվայում մարդու ափի մեջ գրում էին հերթի համարը, հետո դեռ լուսաբացին պիտի գայիր խանութ, որ մի մորթե գլխարկ կամ կոշիկ գնեիր...

Իսկ հացի հերթերը իննսունականների սկզբին Երեւանում...

Եվ զարմանքը դեռ երկար պահպանվել էր հարեւանությամբ նստած մայրիկի դեմքին, սակայն նրա շարժումները, խոսակցության ոճը իր ետեւում նստած հարազատների հանդեպ, մի տեսակ ավելի վստահ ու իշխող դարձավ: Գիտակցությունը, որ այլեւս կյանքում ինքը հերթ չէր կանգնելու, ներքին հպարտությամբ էր պարուրել տիկնոջը:

***

Շատ չգնամ հեռու, հենց իմ դասարանի ուսումնական առօրյայից: Հայոց լեզվի թելադրություն է կամ շարադրություն: Մեր դասարանը (Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի) փոքր էր, ընդամենը տասը հոգիՙ 1944-1945 թթ. ծնվածները թվով քիչ էին: Կարգապահ, առանց աղմուկ ու հուշոցների գրում էինք թելադրությունը: Հաջորդ դասին մեր ուսուցչուհին կարդում էր մեր գրածներն ու մեր ներկայությամբ ուղղումներ անում եւ գնահատականներ նշանակում: Ինչպես միշտ, այժմ էլ երկու ազգանուն առավել հաճախ են հնչում:

- Հայկազ Մորճիկյան, էլի գրել ես փարեկամս, դբրոց, բիոներ, ուրփադ, շափադ, քրքեր, բարթիա, քոմերիթական: Նույն բանն ինչքա՞ն ասեմ ձեզ, այ ընկեր հայրենադարձ դպրոցականներ, որ դուք, օրինակ, Զոհրապ Սվազլյան, չգրես անունդ Զոհրաբ, ընկերոջդ անունը չգրես Քաքիկ, կամ ճիշդ ճամբա է, մարթի փափաք ունիմ, դարցիր դէպի հրաբարաք... Ախր ինչքա՞ն ձեզ ասեմ, որ ձեր արած սխալները հնչյունաբանական սխալներ են, ի՞նչ է, ձեր տանն ուրիշ հայերենո՞վ են խոսում:

Այո՛, դա ուրիշ հայերեն է, որն այսօր, ցավոք, էլ ոչ մի տեղ չես լսիՙ ո՛չ տանը, ո՛չ գինետանը, ո՛չ դպրոցում, ո՛չ քյաբաբանոցում, այլ միայն «Մարիոթ» հյուրանոցում...

Այդ հայերենը հասկանալու համար (որը մեր Արեւմտահայաստանի խոսակցական լեզուն էր) շատ խելք պետք չէր ունենալ: Այլ ժողովրդի պատմության իմացություն, ինչպես եւ երկու հատվածների բաժանված գրականության եւ լեզվի հասկացություն:

Հակակրանքը քո ժողովրդի մի այլ հատվածի հանդեպ, որը ծնունդ էր պատմություն չիմանալու (ինչպե՜ս իմանային, եթե արգելված հասկացություններ էին 1915 թիվը, Եղեռնը, Ցեղասպանությունը), բերում էր զավեշտի մի յուրահատուկ աստիճանի, երբ մեր արեւելահայաստանյան գավառների ժողովուրդը չէր ընկալում, չէր հասկանում հայրենադարձի լեզուն, թե ինչու է նա այլ հնչյունաբանությամբ խոսում: Եվ եթե «եղբոր» փոխարեն իրեն կանչում է «ախպար», ապա նա «ախպար» է ու վերջ:

Եվ երբ մեր «ախպարների» մոտ վերջապես մի սերունդ աճեց, որը սովորեց խոսել «տեղական» հայերենով, սկսեց հնչել «Երթալը ճիշտ է» չարաբաստիկ դարձվածքը:

Օ՜, այդ դարձվածքի «բեմադրիչները» շատ էին մեր 40-70 թթ. Երեւանում: Նախ դա մի նույնանման խավ էր, կամ համատիպ շերտ, որի եւ «մեր ախպարների» միջեւ ծագել էր առաջին հերթին «ոճաբանական անհամատեղելիություն»: Դե ինչպե՞ս կարող էին մեկ ճամփով գնալ ֆինինսպեկտորն ու կոշկակարը, սննդառի տեսուչն ու տնայնագործ բաստուրմաչին, թաղայինը եւ այդ թաղում գաղտնի գործող ոսկերիչն ու սափրիչը, դերձակն ու անգլերենի ուսուցիչը, ավտոնորոգող ուստան: Անտարակույս «հոգեբանական տարաձայնություն» կար նրանց միջեւ, եւ ինչպե՞ս կարող էր չլինել բոլորովին այլ օրենքներով եւ բարոյական այլ սկզբունքներով մեծացած «մեր ախպարների» եւ կյանքի այս կամ այն խնդրով նրանց հետ շփված սովետական «վարչական խավի» չինովնիկների միջեւ:

Մարդը մի կերպ փող է հավաքել եւ ուզում է ընտանիքի համար փոքր տուն կառուցել Արաբկիր թաղամասում:

Այսպես, «մեր ընկեր ախպարը» սկսում է ծանոթանալ սովետական իրականության հետ եւ անցնում յուրօրինակ մի ճանապարհ, որն, իհարկե, Դանթեն չէր էլ պատկերացնի: Դիմումՙ տան ընդհանուր նախագծով, պետք է հանձնվեր ընդհանուր բաժին, այնուհետեւ պետք է մակագրվեր պլան բաժին, կոմունալ բաժին, ֆինբաժին, շինվարչություն եւ, ապա, նոր միայն այս փաթեթը մտներ ռայսովետի նախագահի մոտ նիստի եւ մակագրվերՙ «թույլատրել»:

Եվ բոլոր բաժիններն առանձին-առանձին «մեր ընկեր ախպարից» ուզելու էին (ո՛չ, պահանջելու էին) իրենց վարձաբաժինը: Եթե ամեն ինչ հարթ գնա, ապա կես տարվա քաշքշուկից հետո «մեր ընկերը» կսկսեր կառուցել իր մենատունը Արաբկիրում:

Այս ընդհանուր իրարանցման մեջ մեր ախպարները մի բան էլ սովորեցին, որ բոլոր օղակները թե՛ իրենց, թե՛ մեկը մյուսին ահաբեկում էին խոսքերով. «բա եթե ռայկոմը իմանա»: Ռայսովետից (կրկին ոչ հայերեն բառերից կազմված) ռայկոմ ճանապարհը այդպես էլ գաղտնիք մնաց հայրենադարձների համար: Մի բան միայն պարզ էր, որ «ռայկոմ» բառը կապված էր պարտիայի հետ, ուր աշխատում են միայն պարտիականները, եւ ինչ էին անում նրանքՙ շեֆություն «ռայսովետի» վրաՙ թույլատրել, հսկել, փակել, պատժել եւ կամ տալ «բավարար գնահատական»: Մեր ախպարների ճնշող մեծամասնության համար պարտիան եւ առավել եւս Կենտկոմը (ՃԽ) մնաց խորհրդավոր, անիմանալի, եւ գուցե հանելուկային երեւույթ: Որից որքան հեռուՙ այնքան լավ: Ներթափանցելու համար այնտեղ, դու պիտի քո բնույթով պարտիական ծնված լինեիր: Ընդունվել կուսակցության մեջՙ մեր ախպարների համար կնշանակեր, ինչպես կասեին ռուսները, «ՊցՐվՏռ ՑՏվ». այս դարձվածքը հայերեն երկակի իմաստ ունիՙ «դաստիարակության պակաս» կամ «չար նշան»: Խորհրդային Հայաստանում «պարտիական ախպար» շատ քիչ կպատահեր, մատների վրա կարելի էր հաշվել: Ախպարները թեեւ լավ գիտակցում էին, որ այս երկրում (այսինքնՙ հայրենիքում) կարիերա (աշխատանքային առաջխաղացում) անելու համար պիտի ընդունվեիր պարտիայի շարքերը: Բայց ահա այս քայլը նրանք ի վիճակի չէին անելու: Նրանք, ովքեր «ախպարների շարքից» պարտիա էին ընդունվել, հենց իրենց կողմից համարվում էին «նրանց մարդը», այսինքնՙ նա ինչ-որ չափով արդեն օտարական էր իրենց մեջ, եւ ամբողջ դժբախտությունն այն էր, որ այդպիսիք տեղի պարտիականների համար էլ յուրային չէին դառնում: «Կարմիր կովը կաշին չի փոխի»ՙ ասում էին պարտիականները: «Հոգիդ մի՛ ծախիր սատանային», կամ թեՙ «Բարձր են օտարի սանդուղքները», ասում էին մեր ախպարները ՃԽ-ի աստիճաններով բարձրանալ հանդգնողների հասցեին:

Սա յուրահատուկ մի թակարդ էր, ուր չգիտեիր, թե ով առաջինը կընկնի:

Շարունակելի-1

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ