ՀԵՏԻՆ ՄՏՔԵՐ ԿԱՄ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ «ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ Այցեարտ Ալբերտ Իսոյան - 1981-1991-ին եղել է «Գրքերի աշխարհ», 2000-2001-ին «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: 1991-ին հիմնադրել է Հայագիտական ընկերությունը եւ «Հայագիտակ» հրատարակչությունը, որը գրքի միջազգային շուկայում հայտնի է իր քարեկազմ հուշանվերային հրատարակություններով եւ «Գիր» մատենաշարի կաշեկազմ մեծադիր հատորներով: 25 տարվա ընթացքում «Հայագիտակը» լույս է ընծայել հարյուրավոր գրքեր, որոնցից հայտնի են «Գանձարան հայ հին բանաստեղծության», «Ամենայն հայոց կաթողիկոսներ», Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Բակունցի ընտրանիները, Ե. Չարենցի «Վերջին խոսքը», Հր. Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ», «Վահան Տերյան. Տերյանագիտություն, մատենագիտություն» ժողովածուները, Ղ. Ալիշանի եւ Ն. Ադոնցի հատորները: Առանձնահատուկ են վերջին տարիների նրա հեղինակած «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» (հայերեն, ռուսերեն, թուրքերեն, անգլերեն, Երեւանում, Մոսկվայում) եւ «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը»: Առաջիկայում «Հայագիտակը» լույս է ընծայելու «Հայը. նշանավոր հայերի խոսքը Մովսես Խորենացուց մինչեւ Դերենիկ Դեմիրճյան», «Նշանավոր թուրքերը հայերի մասին» եւ «Ժամանակագրություն հայոց պատմության»: Ա. Իսոյանը շարունակում է հրապարակել «Հակառակություններ» իր մտածումների շարքը, որոնք տարբեր տարիների տպագրվել են նաեւ «Ազգ»-ում: ՍՈՑԻԱԼԻԶՄ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ - Սոցիալիզմը հասարակարգ է մարդկանց համար: Կապիտալիզմը հասարակարգ է Մարդու համար: - Սոցիալիզմը տալիս է, կապիտալիզմը առնում է: - Սոցիալիզմը արգելում է, կապիտալիզմը խրախուսում է: - Սոցիալիզմը գաղափարները ծամում է, կապիտալիզմը միանգամից կուլ է տալիս: - Սոցիալիզմը գիրք է, կապիտալիզմը բանկ է: - Կապիտալիզմի օրոք ամենից շատ տուժում է լեզուն,- շրջանառվում է շուկայական ժարգոնը: Սոցիալիզմի օրոք ծաղկում է համալսարանական մաքուր գրական լեզուն: - Սոցիալիզմը Դոն Քիշոտն է, կապիտալիզմը Զիմզիմովն է: - Սոցիալիզմը Ալեքսանդր Մյասնիկյանն է, Աղասի Խանջյանն է, Գրիգոր Հարությունանն է, Յակով Զարոբյանն է, Անտոն Քոչինյանն է, Կարեն Դեմիրճյանն է, Վիկտոր Համբարձումյանն է, կապիտալիզմը Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Գագիկ Ծառուկյանն է: - Սոցիալիզմը ցամաք հացն է բոլորի սեղանին, կապիտալիզմը քչերի ճոխ սեղանն է: - Սոցիալիզմը գեղեցիկ երազ է, կապիտալիզմըՙ դառը իրականություն: - Սոցիալիզմը լցնում էր Հայաստանը, կապիտալիզմըՙ դատարկում: Վա՜յ մեզ. հայության երազանքը սոցիալիստական կապիտալիզմն է: ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ - Ժամանակը ծնվել է Հայաստանում, տարածությունըՙ Ռուսաստանում: - Հայրենիքը ծնվել է Հայաստանում, պետությունըՙ Ռուսաստանում: - Աղբյուրը ծնվել է Հայաստանում, ջուրըՙ Ռուսաստանում: - Շոգը ծնվել է Հայաստանում, սառնամանիքըՙ Ռուսաստանում: - Քարը ծնվել է Հայաստանում, հողըՙ Ռուսաստանում: - Կռիվը ծնվել է Հայաստանում, պատերազմըՙ Ռուսաստանում: - Եսը ծնվել է Հայաստանում, մենքըՙ Ռուսաստանում: - Լեռը ծնվել է Հայաստանում, տափաստանըՙ Ռուսաստանում: - Առասպելը ծնվել է Հայաստանում, վեպըՙ Ռուսաստանում: - Հացը ծնվել է Հայաստանում, զենքըՙ Ռուսաստանում: - Պատերազմները Հայաստանի համար վայրէջքներ են, Ռուսաստանի համարՙ վերելք: - Ռուսաստանը Հայաստանի համեմատ ունի մի փոքր առավելությունՙ իգական սեռի դերանուն: - Ռուսաստանի մեծադիր քարտեզը վերմակի պես կծածկի Հայաստանը: - Ռուսական կոմունիզմի ծանր ուրվականը ճզմեց պատմական Հայաստանը: - Զարմանալի բան. դարեր շարունակ Հայաստանը հոսում է դեպի հյուսիս, Ռուսասատանըՙ դեպի հարավ հա հարավ: - Պատերազմի ժամանակ Ռուսաստանը վերելք է ապրում, խաղաղության ժամանակՙ ճգնաժամ: Գալիք աշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը իր հույսը դնելու է միայն Հայաստանի վրա: Հայաստանը դժվար կառավարելի երկիր է, որովհետեւ փոքր է, Ռուսաստանը դժվար կառավարելի երկիր է, որովհետեւ մեծ է... Ուրեմնՙ ես չեմ ասում հեշտ կառավարելի լինելու համար հարկավոր է Հայաստանը մեծացնել, Ռուսաստանըՙ փոքրացնել... կամ Ռուսաստանը կցել Հայաստանին բարձր ինքնավարությամբ: ՀԱՅՈՒԹՅՈՒՆ Ժամանակին հայի տունը փոքր էր, ընտանիքըՙ մեծ. հիմա տունը մեծ է, ընտանիքըՙ փոքր: ՆՈՐ ՏԵՍԱԿԵՏ Պատմագրությունը, Ստրաբոնը, Հերոդոտոսը եւ մյուսները սխալվել են հայերիս ծագման հարցում. արմենները ոչ թե եկել են Թրակիայից, այլ գնացել են առեւտրի կամ արտագնա աշխատանքի եւ ետ են վերադարձել: ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ Երբ Վիլյամ Սարոյանը գալիս էր Հայաստանՙ Հայաստանը լցվում էր բովանդակությամբ եւ ընդարձակվում,- բերքը առատ էր լինում, Սեւանի ջրերը աշխուժորեն վեր էին բարձրանում, հանցագործությունները նվազում էին, մարդիկ բարիանում էին, ծնունդը շատանում էր: Նա ամբողջ կյանքը ապրեց Ամերիկայում եւ նրա հայկական շնչից երկիրը ծաղկեց, բարգավաճեց, հարստացավ, աշխարհում դարձավ առաջինը... Տարօրինակ է, որ Հայաստանը չի պահանջում, իսկ ԱՄՆ-ը մինչեւ օրս հայությանը հարկեր չի վճարում սարոյանական բարգավաճ շնչի համար, ինչպես Ռուսաստանըՙ Արամ Խաչատրյանի երաժշտության համար: ՀՈԳՈՒ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Երբ մարդիկ խոսում են հոգու անմահության մասին, երեւի նկատի ունեն միայն մարդու հոգին. նրանք մոռանում են, որ կենդանիները նույնպես հոգի ունեն, թեեւ մարդկանց պես հոգին որպես մարմնի առանձին մաս չունեն: Միգուցե կենդանիները հոգու անմահության մասին մտածելիս մարդկանց նման նկատի ունեն միայն իրենց հոգին: ՍԱՏԱՆԱՆ ՈՒ ՄԱՐԴԸ Սատանայի կինը Սատանայի գրկում սատանայերեն էր խոսում, իսկ սատանան մտքի մեջ մտածում էր. Ի՜նչ մարդ է... ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԸ Արեւմուտքը մարդակեր սատանա է. Արեւելքը սատանայակերպ մարդ է: ՄԱՐԴԸ ԵՎ ՄԱՐԴԻԿ Բոլոր ժամանակներում Մարդը բարձր է դասվել մարդկանցից. Մարդն է իշխել մարդկանց վրա: Նոր ժամանակներում, հատկապես Արեւմուտքում, փորձում են պետության ղեկը Մարդուց խլել եւ հանձնել մարդկանց: Որքան էլ տարօրինակ էՙ որոշ երկրներում այդ բանը ժամանակ առ ժամանակ հաջողվում է: Ռուսաստանում, երբ ղեկավարումը Մարդուց անցավ մարդկանց ձեռքըՙ երկիրը փլուզվեց: ՆԱՐԵԿԱՑՈՒ ՊԱՀԱՆՋԸ Գրիգոր Նարեկացին խորապես ըմբռնել է, որ մարդ արարածը մեղքերի շտեմարան է, մեղքերի կուտակարան: Մեղքերը քավվում են միայն Բարձրյալին խոստովանելով, իսկ նրա ճանապարհին կանգնած է մարդ-հոգեւորականը, իսկ նա սովորական մեղավոր մարդն է, ում առաջ մյուս մարդը չի ցանկանում մեղքերը խոստովանել: Մի՛ փակեք դեպի Բարձրյալը տանող ճանապարհը,- ահա Գրիգոր Նարեկացու ցավն ու պահանջը: |