RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6782, Տպվել է` 638, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱՐԱԲԱՂԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՏՏԱՀՈՂՄՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Խորհրդային Միության փլուզումը չկարգավորված թողեց տարածքային բազմաթիվ հարցեր, որոնք սովորաբար դասակարգվում են որպես «սառած հակամարտություներ»: Լեռնային Ղարաբաղը այդ «սառած հակամարտություններից» մեկն էր, որն այսօր ապասառեցվել է եւ նույնիսկ դարձել տարածաշրջանի ամենաթեժ կետերից մեկը:

Ղարաբաղն այժմ հայտնվել է մի կատաղի պտտահողմում, որն առաջացել է կովկասյան տարածաշրջանում վերջերս ստեղծված ուժերի վերադասավորության հետեւանքում:

Քաղաքական մի նոր հարթակ, կամ առանցք է կազմավորվում միավորելով Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Հայաստանը դուրս է թողնվում, վիշտ չպատճառելով որեւէ մեկին, բայց ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտներից մեկն այդ նոր հարթակի ամբողջական ու վերջնական կազմավորման գործընթացում:

Կրեմլի միջնորդությամբ 1994 թվին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարից ի վեր ղարաբաղյան հակամարտությունը մշտական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ-ի օրակարգում: Որոշ ժամանակ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, բայց Ադրբեջանի առարկությունների հետեւանքով դուրս մղվեց եւ հայկական կողմը քննարկման նյութ չդարձրեց այդ հանգամանքըՙ չխաթարելու համար բանակցությունների գործընթացքը: Բայց ներկայիս սերտ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբջանի միջեւ, եւ Հայաստանն ինքն է դուրս մղվում գործընթացից:

Սանկտ Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ վերջերս կայացած հանդիպումից հետո նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրքական «Aksam» պարբերականին տված իր հարցազրույցում մասնավորապես նշեց, որ առաջընթաց կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: «Եթե հայկական ուժերի կողմից գրավյալ հինգ տարածքները ազատագրվեն, մենք կարող ենք խոսել տարածաշրջանի կարգավորման գործընթացի մասին: ...Ամբողջ աշխարհն է տեղյակ, որ Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքները: ...Եթե բոլոր կողմերը ընդունեն այս փաստը, ապա կարելի կլինի վերջ դնել դրան (այդ օկուպացմանը)», ասաց նա:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն էլ իր հերթին նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկեն Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Նա դիտավորյալ չնշեց Հայաստանը եւ Ղարաբաղը, որպեսզի անուղղակիորեն հասկացնի, որ ինչ որոշում էլ կայացնեն այդ պետությունները, ընդունելի պետք է լինի վերջիններիս (Հայաստանի եւ Ղարաբաղի) համար:

Կարելի էր գուցե հաշվի չնստել նման արտահայտությունների հետ, եթե այլ գործոններ եւ գործընթացներ հավաստիացում չներարկեին դրանց: Այն փաստը, որ նախագահ Սարգսյանն իր ելույթում վստահեցրեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում «միակողմանի զիջումներ» չեն լինելու, վկայում է, որ ճնշման տակ որոշ տարածքների հանձնման մասին խոսքերն այնքան էլ դատարկաբանություններ չեն:

Նախագահ Սարգսյանի ձեւակերպումն ավելի պարզ դարձրեց Վլադիմիր Պուտինը, երբ հինգ շրջաններ վերահանձնելու Ալիեւի պնդումներից հետո, պատասխանելով մի լրագրողի հարցին ասաց. «Ես չեմ մեկնաբանում իմ գործընկերների արտահայտությունները»: Հարցն այսպիսով բաց է մնում զանազան մեկնաբանությունների եւ ենթադրությունների առաջ:

Վերջերս Հայաստանում տեղի ունեցած խլրտումների պատճառներից մեկն այն ասեկոսեներն էին, թե իբր կառավարությունն արդեն համաձայնել է զիջել այդ տարածքները: Այդ զիջումներին դեմ եղողները պնդում են, որ Ադրբեջանը հակված է պատերազմ մղելու որեւէ փուլում, եւ եթե այդ պատերազմը տեղի է ունենալու տարածքները զիջելուց եւ Ղարաբաղն առավել խոցելի դարձնելուց հետո, ապա ավելի լավ է պատերազմել հիմա, քանի դեռ մեր ձեռքերում են դրանք:

Ի դեպ, խլրտումները տեղի չունեցան միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումների պատճառով, այլ նաեւ այլ գործոնների, որոնցից ամենակարեւորը կառավարության հանդեպ ամբողջական անվստահության խնդիրն է:

Մի շարք օրինական գործոններ եւս նպաստեցին դրան: Ոչ ոք հարցականի տակ չի դնում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հայրենասիրությունը: Բայց արտաքին որոշ ուժեր, որոնք «գունավոր հեղափոխություններ» իրականացրին այլ շրջաններում, հույսները դնում են հենց նման «օրինական» գործոնների վրա, որպեսզի առաջ տանեն իրենց անձնական կամ շահադիտական նպատակները: Հակառուսական տրամադրություններ առաջացնելն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու կոչերը (այն էլ ո՞ւմ կողմից. Տիգրան Խզմալյանի՞) մատնացույց են անում, որ, այո, խլրտումների ետեւում, հնարավոր է, որ կանգնած լինեն «գունավոր հեղափոխությունների» կողմնակիցներ:

Հայերս կանգնած ենք տհաճ մի իրադրության, ավելի ճիշտՙ ընտրության առջեւ: Տարա՞ծք, հո՞ղ, թե՞ խաղաղություն: Բայց արդյոք այդ բանաձեւը վերջնականապես լուծելո՞ւ է մեր խնդիրը, երբ Ալիեւը շարունակում է վանկարկել իր անհիմն պնդումները, որ ներկայիս Հայաստանը պատմական ազերի տարածք է, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Բիլանի Յըլդիրիմն էլ 21-րդ դարում պնդում է, որ հայերի բռնագաղթը (կամ Ցեղասպանությունը) 1915 թվին արդարացված էր եւ անհրաժեշտության դեպքում կկրկնվեն:

Եթե խաղաղության դիմաց որոշ տարածքների զիջումը տեղի ունենա, ո՞վ է, կողմերից ո՞ր մեկն է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը:

Եկեք դիտարկենք որոշ պատմական նախադեպեր: Սուդանում վայրագություններին վերջ տալու նպատակով ստեղծվեց Հարավային Սուդանը, բայց պատերազմը շարունակվում է այս անգամ նախագահին եւ փոխնախագահին պաշտպանող խմբակցությունների միջեւ: Միեւնույն նպատակով Սերբիան «անդամահատվեց» եւ ստեղծվեց Կոսովոն, որ մինչեւ օրս ՆԱՏՕ-ի հովանավորության տակ է գտնվում: Հենց ՆԱՏՕ-ն հեռանա, պատերազմը վերսկսելու է:

Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ուրախ պիտի լիներ խաղաղապահպան ուժեր տեղադրել տարածաշրջանում, բայց մենքՙ հայերս ունենք Կիլիկիայի պատմական զուգահեռը, որտեղ հաղթական մարտերից հետո վերադարձանք: Ֆրանսիացի գաղութարարարները, որոնք իրենց հովանու ներքո մեզ ապահով հայրենիք էին խոստացել, զինաթափեցին մեզ եւ դրժեցին իրենց խոստումը, փոխարենը միանալով քեմալականներին:

Այնպես որ, մինչեւ Հայաստանն ի՛նքը չունենա դիմակայուն ռազմական ուժեր իրեն պաշտպանելու համար, նա չի կարող իր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը վստահել որեւէ ռազմավարական դաշնակցի:

Մինչեւ հիմա ԵԱՀԿ-ն է գլխավոր հարթակը, որն զբաղվում է ղարաբաղյան հակամարտությամբ: Նրա երկու անդամ երկրներիՙ Ռուսաստանի եւ Թուրքիայի իրարից հեռանալու հետեւանքում Ղարաբաղի հարցը տեղափոխվեց այլ հարթություն եւ այդ պատճառով էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներն սկսեցին ամբարտավան հայտարարություններ հնչեցնել: Վերջին շրջանի բանակցություններից կոնկրետ արդյունքներ չարձանագրվեցին: Քաղաքականության եւ դիրքորոշումների վերաբերյալ քննարկումները հենվում են սոսկ լրատվական կցկտուր արտահոսքերի վրա:

Ադրբեջանը երբեք էլ չի երաշխավորել Ղարաբաղի անկախությունը, նույնիսկ յոթ շրջանների հանձնման դեպքում: Նա չի ընդունում նաեւ հանրաքվե անցկացնելու գաղափարը: Այն ամենը, ինչ նա խոստանում էՙ «ինքնավարության բարձրագույն մակարդակն է իրՙ Ադրբեջանի սահմաններում», որը չափազանց անորոշ է, խիստ կասկածելի, որպեսզի ընդունվի հայկական կողմում:

Երկար սպասումներից եւ ենթադրություններից հետո, վերջապես նախկինում Կրեմլին մոտիկ կանգնած մի անձնավորությունՙ Անդրանիկ Միհրանյանը «Tert.am»-ին տված իր օգոստոսի 14-ի հարցազրույցում որոշ բացահայտումներ կատարեց. «Հավատացած էի, որ նույնիսկ երեխաները Հայաստանում հասկանում են, որ անհրաժեշտ է տարածքների փոխանակում կատարել, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության կարգավիճակի հետ», ասաց նա, ավելացնելով, որ «երաշխավորներն այդ պարագայում լինելու են ԵԱՀԿ Մինսկի խումբն ու միջազգային այլ կազմակերպություններ»:

Միհրանյանի համոզմամբ նույնիսկ միջանկյալ կամ ժամանակավոր կարգավիճակը (interim status) «փայլուն հաղթանակ է նշանակելու Ղարաբաղի համար», որովհետեւ «դա միջազգային օրենքի սահմանումներով թույլ է տալու, որ Ղարաբաղը դադարի մաս կազմել Ադրբեջանին»:

Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղն իր տարածքի անբաժանելի մասն է, բայց Ղարաբաղը որպես ինքնավար մարզ Բաքվի իրավասության տակ հայտնվեց խորհրդային ժամանակներում: Ղարաբաղը հարգեց Խորհրդային սահմանադրության օրինականությունը եւ Միությունից ու Ադրբեջանից դուրս գալու նպատակով հանրաքվե անցկացրեց: Մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային իշխանությունը համարում է «իր տարածքի ապօրինի նվաճում (օկուպացիա)»: Ուստի, եթե խորհրդային իրավասությունը ապօրինի էր, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հարկադրական կցումը (անեքսիան) իրավական համարվել:

Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը, օգտագործելով իրենց միասնական իսլամական գործոնը, ՄԱԿ-ում չորս հակահայկական բանաձեւ են անցկացրել, որոնցով պնդում են, թե «միջազգային հանրությունը» պաշտպանում է Բաքվի պնդումները:

«Ոչ մի հայ առաջնորդ, հատկապես Սերժ Սարգսյանը, որն ի սկզբանե ներգրավված է եղել Արցախի անկախության պայքարում, ոչ մի թիզ հող չի վերադարձնելու առանց պատճառի, առանց Լեռնային Ղարաբաղի անկախության եւ անվտանգության լուրջ երաշխավորանքների», շարունակել է իր միտքը Միհրանյանը:

Եթե Միհրանյանի արտահայտությունները չհիմնավորվեին այլ աղբյուրների փաստերով, կարելի կլիներ ասել, որ դրանք «Ձայն բարբառոյ յանապատի են»: Սակայն բարեբախտաբար, ունենք նաեւ նրան երկրորդող մեկ այլ անձնավորության խոսքերը: Քաղաքական մեկնաբան Օլեգ Մաթվեյչենկոն, դարձյալ Կրեմլի «դերակատարներից», իր վերջերս հրապարակված հոդվածում, որի վերնագիրն է «Ժամանակն է բուժել վերքերը», ներկայացնում է որոշ մանրամասներ «տարածքների փոխանակման դիմաց ճանաչելու Ղարաբաղի անկախությունը եւ նրա Հայաստանին միանալու իրավունքը» սցենարից: Ենթադրվում է, որ հոդվածը մի յուրօրինակ փորձաքայլ է, ստուգելու համար ԵԱՀԿ ղեկավարների առաջարկությունների նոր փաթեթի արձագանքները կամ հակազդեցությունները Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում:

Ինչպես ասում են, սատանան մանրամասնությունների մեջ է: Հոդվածի հեղինակը առաջարկում է Մեղրիում ստեղծել միջանցք, 150 մետր լայնությամբ, որը հնարավորություն է տալու Ադրբեջանին հաղորդակցվելու Նախիջեւանիՙ Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից տրված մեկ այլ հայկական մարզի հետ: Սա ոտնձգություն է հայկական պետականության նկատմամբ եւ շատ նման Պոլ Գոբլի երկրորդ առաջարկին, որին ժամանակին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը արձագանքել էր, ասելով, որ երբ խաղաղություն հաստատվի, ադրբեջանական բեռնատարներ, գնացքներ եւ ինքնաթիռներ առանց որեւէ փոխադարձ հատուկ համաձայնության անցնելու են Հայաստանի տարածքով:

Կան նաեւ այլ մանրամասներ, որոնք կիրառվելու դեպքում, երկու կողմերի հակազդեցությունը կարող են առաջացնել: Ընդհանուր առումով փաթեթը կարելի է համարել «շարժ դեպի դրական ուղղություն», սակայն Ղարաբաղի անկախության վերաբերյալ վերջնական խոսքը պետք է մենք լսենք Ադրբեջանի կողմից:

Հարցն այսօր այն է, թե հայաստանյան վերջին խժդժությունները ուժեղացրի՞ն, թե՞ թուլացրին նախագահ Սարգսյանի դիրքերը բանակցությունների սեղանին: Տողերիս հեղինակը հավատացած է, որ թուլացրին, բայց ժողովրդական ցասման այդ շարժումը Հայաստանից դուրս լայն արձագանք գտնելով, կարծես զգուշացնում է բոլոր կողմերին, որ Հայաստանն արդեն պատին է սեղմված եւ առավել ճնշումներ չեն կարող կիրառվել:

Ներկայիս Ղարաբաղը գտնվում է բանակցությունների պտտահողմում: Հենց այդ պտտահողմը հանդարտվի, մեզ համար պարզ կդառնա, թե Ղարաբաղը ամբողջապես անկախ, կիսա-անկախ կդառնա՞, թե՞ դեռեւս կախյալ վիճակում կմնա:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ