ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺԵՑ ՍԻՐԻԱ Պ. Ք. Նպատակը, իբր, սահմանային միջանցքի պահպանումն է Չորեքշաբթի վաղ առավոտյան թուրքերը Սիրիայի տարածքի վրա աննախադեպ լայնածավալ հարձակում են սկսել Ջարաբլուս քաղաքի շրջանում: Սիրիական տարածք են մտել տանկեր, զրահամեքենաներ, հատուկ ջոկատներ, որոնց օժանդակում են թուրքական F-16 ռազմօդանավեր եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդանավեր: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: Հարձակման նպատակները պաշտոնապես երեքն ենՙ աջակցություն Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը, պայքար «Իսլամական պետության» եւ իսլամիստներին հավասարեցված քուրդ գրոհայինների դեմ: Չհայտարարված նպատակներից մեկը թերեւս պայքարն է նախագահ Ասադի դեմՙ «չափավոր» ընդդիմության միջոցով: Քրդերը թուրքերի գործողությունն արդեն անվանել են բացահայտ օկուպացիա: «Ալ Մայադն» հեռուստաալիքը չորեքշաբթի հետմիջօրեին հաղորդեց, որ թուրքերը երկու կողմից փաստորեն արդեն մտել են Ջարաբլուս քաղաք: Նախագահ Էրդողանը Անկարայում ելույթ ունենալով հայտարարել է, թե հարձակման նպատակը ԻՊ-ից եւ սիրիացի քրդերից բխող սպառնալիքի վերացումն է: Նա ընդգծել է, որ գործողությունը կշարունակվի, քանի դեռ սահմանամերձ տարածքներից բխող վտանգը լիովին չի վերացել: Սակայն փորձագետների կարծիքով, գործողության իրական նպատակը Ջարաբլուսը Ազազին կապող 100 կիլոմետրանոց միջանցքի պահպանումն է, այլ ոչ թե պայքարը իսլամիստ արմատականների դեմ: ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ԻՊ դիրքերի ռմբակոծումը լոկ քողարկում է «չափավոր» ընդդիմությանը հատկացվող օգնությունը, որի մարտիկներին փաստորեն անհնար է տարբերել ԻՊ դրոշի ներքո կռվող ջիհադիստներից: Իվանովի խոսքերով, հանուն սահմանային միջանցքի պահպանման թուրքերը ձեւացնում են, թե ռմբակոծում են ԻՊ դիրքերը, բայց իրականում նրանք միաժամանակ հարվածներ են հասցնում սիրիացի քրդերի դիրքերին: Թուրքերի գլխավոր նպատակներն ենՙ պահպանել թուրք-սիրիական սահմանի Ջարաբլուս-Ազազ 100 կիլոմետրանոց հատվածի վերահսկողությունը եւ Ասադի թշնամի թուրքամետ խմբավորումների մատակարարումն ապահովելու հնարավորությունը, մանավանդՙ Հալեպի շրջանում: Թուրք-սիրիական սահմանի մնացյալ 800 կիլոմետրը վերահսկում են սիրիացի քուրդ ապստամբները: |