ԴԱՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԾՐԱԳԻՐԸ Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Պետերբուրգից Հնդկաստանՙ բեռնափոխադրումների նոր ուղի Ժամանակները փոխվել են, փոխվում են ամեն օր, ամեն ժամ, եւ ներկայիս չենք կարող արդեն ասել, որ այս կամ այն (արեւելյան թե արեւմտյան) ճակատի վրա ամեն ինչ խաղաղ է: Ընդհակառակը, երկու ճակատներում էլ փոթորկալից արագությամբ փոխվում է ամեն ինչ: Մեր թերթի վերջին երկու (29 եւ 30) համապատասխանաբար հուլիսի 29-ի եւ օգոստոսի 19-ի համարներում անդրադարձել ենք կովկասյան տարածաշրջանի (եւ ոչ միայն) գուցե ամենախոշոր ծրագրերից մեկինՙ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթաժողովի արդյունքում ստորագրված մի համաձայնագրի, որ հյուսիսից հարավ ձգվող բեռնափոխադրումների նոր ուղի է նախատեսում կառուցել, շրջանցելով Սուեզի ջրանցքը եւ զգալիորեն կրճատելով ինչպես ժամանակը, այնպես էլ ծախսերը: Աշխարհաքաղաքական, տնտեսական եւ էներգակիր ընդգրկումներ ունեցող այս խոշոր ծրագրի քննարկումներն ու մեկնաբանությունները շարունակում են մնալ կարեւորագույն լրատվամիջոցների ուշադրության կիզակետում: Ստորեւ անգլերենից թարգմանաբար քաղվածքներ այդ ծրագրի զարգացումներից: Նոր ձեւաչափ համագործակցության «Եռակողմ գագաթաժողովի վերջնական հայտարարությունը արտացոլում է համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակը, որն այս նոր ձեւաչափն ընձեռում է», նշել էր Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Ծրագիրը նախարարությունների մակարդակով համագործակցություն է նախատեսում ոչ միայն ծովային եւ ցամաքային ճանպարհներով բեռնա եւ էներգափոխադրումների, այլեւ գլոբալ սպառնալիք ներկայացնող ահաբեկչության, ծայրահեղականության, զենքերի, թմրամիջոցների եւ մարդկանց անօրինական թրաֆիկինգի դեմ պայքարելու ասպարեզներում: Ծրագրի մասնակից երկրները համաձայնել են գլխավոր այն կետի շուրջ, որ այսպես կոչված «չկարգավորված հակամարտությունները» մեծագույն խոչընդոտներն են տարածաշրջանային համագործակցության համար եւ կարեւորել դրանց կարգավորումը միջազգային օրենքի սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահները իրենց երկկողմ եւ եռակողմ հանդիպումների ժամանակ կարեւորել են նաեւ «Կասպից ծովի կոնվենցիայի» շուրջ շուտափույթ համաձայնության կնքումը եւ հանձնարարել համապատասխան գերատեսչություններին շտապեցնել 5-րդ կասպյան գագաթաժողովի անցկացումը: 7200 կմ երկարությամբ ուղի Ինչպես արդեն նշել է «Ազգ»ը, գերբեռնված եւ առավել ծախսատար Սուեզի ջրանցքը շրջանցող, ցամաքային եւ ծովային փոխադրամիջոցների այս նոր հյուսիս-հարավ ուղին, որը Պետերբուրգը միացնելու է Մումբային (Բոմբեյ), 7200 կմ երկարություն է ունենալու: Դրա երկու առանձին հատվածների շինարարությունը պետք է շտապ ավարտին հասցվի: Մեկը 172 կմ երկարությամբ իրանյան Ռաշտ քաղաքից մինչեւ ադրբեջանական Աստարա նավահանգիստը ձգվող հատվածի շինարարությունն է, որն ադրբեջանական կողմը խոստացել է ավարտել մինչեւ այս տարվա վերջը, իսկ մյուսը, ըստ Արդբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինի , որն այս նախագիծը համարում է «դարի խոշորագույն ծրագիրը», Ղազվինից Ռաշտ ընկած հատվածն է, որի շինարարությունը կավարտի մինչեւ 2017-ի մարտը: Ռաշտ-Աստարա հատվածի կառուցմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Չեխիան եւ Հունգարիան: Երկաթգծի տարբեր երկրներում գտնվող տարբեր հատվածները իրար միացնելով մեկ ընդհանուր նպատակի ծառայող ուղի կառուցելու ծրագիրը քննարկվել է անցած մոտ տասը տարիների ընթացքում, առավել ինտենսիվությամբՙ 2008 թվականից: Մշակվել է գլխավորապես Հնդկաստանի, Իրանի եւ Ռուսաստանի կողմից, բայց Ռուսաստանի եւ Իրանի վրա դրված արեւմտյան պատժամիջոցները նոր ուղիներ որոնելու խթան են հանդիսացել: «Պատժամիջոցների վերացումից հետո, Իրանը բավական մեծ գումարներ վաստակեց նավթի վաճառքից եւ ավելացրեց իր արտադրությունը: Ուստի նա նոր շուկաներ է սկսել որոնել եւ պատրաստ է այդ ուղղությամբ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների շինարարության ոլորտներում», նշել է «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի» նախագահ Դմիտրի Աբզալովը : Իսկ Ռուսաստանի համար նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընդարձակելու իր ապրանքաշրջանառությունը Հնդկաստանի եւ Ծոցի երկրների հետ: Մետաքսի ճանապարհը եւ ծրագրի խոչընդոտները Ըստ տեղեկությունների հնարավոր է, որ հյուսիս-հարավ այս երկաթուղային մայրուղուց, բացի շինարարությանը մասնակից երկրներից, օգտվի նաեւ Չինաստանը: «Եթե չին արտահանողները պարզեն, որ դա ավելի հարմար, էժան եւ արագ ուղի է եվրոպական շուկա հասնելու, ապա նրանք անմիջապես կփորձեն այն Մետաքսի ճանապարհի բաղկացուցիչ մասը դարձնել», նշել է Աբզալովըՙ ավելացնելով, որ դա կլինի նաեւ այլընտրանքային տարբերակը Անդամանյան եւ Հարավ-չինական ծովերը միացնող Մալակկայի նեղուցի, որից հիմնականում ցարդ օգտվում է Պեկինը: Ըստ «Եվրասիական Զարգացման բանկի» գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկիՙ «նման ելքը կնպաստի նաեւ ռուս-չինական հարաբերությունների առավել սերտացմանը»: Սակայն կան որոշակի քաղաքական տարաձայնություններ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ հյուսիս-հարավ այս ծրագրի իրականացմանը: Առաջին հերթին Իրանի դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում: Իրանը հստակեցրել է, որ չի պատրաստվում պաշտպանել այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը: Ավելին, Իրանը նշել է, որ 2018-ին եռապատկելու է բնական գազի մատակարարումը Հայաստանին, օրական մեկ միլիոնից երեք միլիոն բարելի հասցնելով այն: «Ճիշտ է, Հայաստանը գազի համեմատաբար փոքր սպառող է, բայց կարող է կարեւոր ուղի դառնալ դեպի եվրոպական շուկա իրանյան գազ արտահանելու համար», նշել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Չանգանեն : Դա իհարկե հարված կլինի «Գազպրոմին»: Մյուս կողմից Ռուսաստանը, որպես մրցակից, կարող է սկզբունքորեն դեմ լինել, որ իրանյան գազը ընդհանրապես հասնի եվրոպացի սպառողներին: Լիսովոլիկի համոզմամբ, միջազգային քաղաքական եւ տնտեսական մրցակցության ներկա պայմաններում ոչ ոք չի կարող երաշխավորել ծրագրի հաջող ընթացքը, մանավանդ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպան կարող է Մոսկվայի այս ջանքերը դիտարկել որպես Բրյուսելի վրա ճնշում գործադրելու միջոցի: «Բայց առողջ դատողությունը կարող է գերակշռել, քանի որ Եվրոպան եւս կունենա այլընտրանքային հնարավորություն: Չմոռանանք, որ բացի Ռուսաստանից, Իրանը, Ադրբեջանն ու Չինաստանն են ավանդաբար ձգտել թափանցել եվրոպական շուկա», ասել է Լիսովոլիկը: Դիտորդները նոր ծրագիրը համարում են Ասիայի աշխարհաքաղաքական քարտեզը վերափոխելու Պեկինի ձգտումների, այսինքն «Ասիա-Խաղաղ օվկիանոս երազանքի» իրականացման մի մասը, ինչը ԱՄՆ-ում որոշակի դժգոհանք կարող է առաջացնել, որովհետեւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման տեսլականը հակադրվում է տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից «ռազմական հենակետեր» ստեղծելու ռազմավարությանը: Մինչդեռ Իրանի համար, ինչպես «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը» (NSTC), այնպես էլ «Մետաքսի ճանապարհը» նպաստավոր ուղիներ են «դեպի արեւելք շրջվելու» երկրի քաղաքականության մեջ: «Azertac-ին» տված հարցազրույցում ՌԴ նախագահ Պուտինը հույս էր հայտնել, որ շուտով Իրանի եւ «Եվրասիական տնտեսական միության» միջեւ կհաստատվի «ազատ առեւտրական գոտի»: Նա նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Իրանի հետ առեւտրային շրջանառությունը 70 տոկոսով ավելացել է, հասնելով 855 միլիոն դոլարի: Ընդդեմ ահաբեկչության եւ տրաֆիկինգի Եռակողմ գագաթաժողովի հայտարարության մեջ նշում կա նաեւ, ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի , ընդհանրապես ահաբեկչության, զենքի, թմրանյութերի եւ մարդկանց տրաֆիկինգի դեմ միասնաբար պայքարելու նպատակով տեղեկությունների փոխանակման վերաբերյալ: «Երեք պետությունները հարեւաններ են եւ դիմագրավում են նմանատիպ խնդիրներ, որոնց շարքին են գլոբալ տնտեսական ճգնաժամը, սահմանային իրադարձությունները (հատկապես Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքում), ահաբեկչության դեմ պայքարը, եւ այլն, եւ անհրաժեշտ է առավել սերտացնել մեր համագործակցությունը», ասել է Ուշակովը: Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ եռակողմ համագործակցությունը «տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխիքն» է համարել: «Մենք ապրում ենք շատ բարդ մի տարածաշրջանում, որտեղ անպակաս են սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք, դժբախտաբար, ոչ թե պակասում, այլ ավելանում են: Ուրախ եմ, որ Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի հարաբերությունները Իրանի հետՙ շատ բարձր մակարդակի վրա են եւ այդ հարաբերությունների զարգացումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն խոսելու, այլեւ համագործակցության նոր ձեւաչափեր ստեղծելու: Մենք պաշտպանում ենք եւ վստահում միմյանց», ասել է Ալիեւը: Նոր շուկաներ Ծրագիրը իրականություն դառնալու դեպքում խոստանում է Ասիայի եւ Եվրոպայի երկրներից բացի հետագայում նոր շուկաներ բացել եւ բացահայտել նաեւ Աֆրիկյան եւ Լատինամերիկյան մայրցամաքներում: Ծրագրից օգտվողների թվում են, բացի Իրանից, Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Հնդկաստանից, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Թուրքիան, Օմանը, Սիրիան, Բուլղարիան եւ Չինաստանը: Հայաստանը, առայժմ մեկուսացված լինելով հանդերձ, նույնպես կարող է եւ պե՛տք է, ինչպես նշված է մեր անցյալ համարի խմբագրականում, «գերաշխույժ տնտեսադիվանագիտական աշխատանք» տանելով մասնակից դառնալ դարի այս խոշորագույն ծրագրին: |