ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ 1000 ԴՐԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ՏԱՍԱՆՈՐԴԸ ՏԱԼՈՒ ԻՄԱՍՏԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ Բանակ-հասարակություն կապի մասին խոսվել ու խոսվում է բազմիցս: Ավելին, այն կարելի է դիտել օրակարգային: Սակայն բոլոր միջոցառումները չէ, որ իրենց հիմքում սոցիալական քաղաքականության նպատակ ունեն: «Ամեն ամիս աշխատավարձից 1000 դրամ զինծառայողների սոցիալական խնդրին հատկացնելը ոչ միայն արդար է, այլ նաեւ պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվել է օրինագծերի փաթեթը, որով սահմանված է այս նորմը: Միանգամայն իրավացի է Պաշտպանության նախարարն այն հարցում, որ «..., սա ազգ-բանակի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որով մենք ամեն ամիս մեր աշխատավարձն ստանալիս լրացուցիչ առանձին տողով մտածում ենք մեր առաջնագծում կանգնած զինծառայողի մասին: Եվ դա ոչ միայն արդար է, այլ նաեւ պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»: Այդ սիմվոլիկ գումարն իրականում, ինչ-որ տեղ հիշեցնում է տասանորդի իմաստը, որը յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի անվիճելի համոզմունքն ու սկզբունքն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է այն ճիշտ հարյուր հազարից բարձր եւ յոթանասուն հազարից ցածր աշխատավարձ ստացողների պարագայում: Բայց ճշմարտությունը մեկն է. մենք եւս պետք է ունենանք այս օրինագիծը, եւ որի հաստատմամբ դրական իմաստով փոփոխություններ տեղի կունենան մարդկանց գիտակցության մեջ ու համոզմունքներում: Յուրաքանչյուր ամիս 1000 դրամ գումարը պաշտպանության նախարարությանը փոխանցելն (*), անշուշտ, կանդրադառնա մարդկանցՙ հայոց բանակի հետ ունեցած հոգեբանական նույնացման եւ դրա հետ կապված զգացմունքների վրա, ինչը յուրատիպ ուղերձ է նաեւ մարդկանց ոչ միայն գիտակցական, այլեւ ենթագիտակցական աշխարհների համար: Հենց այսպես է, որ մենք ավելի պարտավորված կզգանք հայրենիքի ու հայրենիքը պաշտպանողների նկատմամբ: Հենց այսպես է, որ մեր ազգային ես-ն ավելի ամբողջական կդառնա, ինքնության զգացումըՙ ավելի լիարժեք: Իրականում մարդու գիտակցությունը կառուցվում է որպես նույնականացման մատրիցա, որի հիմքում ընկած են մի շարք խմբային նույնականացումներ: Այսպիսիՙ զուտ սոցիալական շեշտադրում ունեցող միջոցառումները նպաստում են կոլեկտիվ եւ խմբային մտածողության ձեւավորմանն ու համախմբվածությանը: Հայոց բանակի հետ հոգեբանական նույնացման պարագայում բավարարվում են նաեւ մարդկանց ինքնահարգանքի, սոցիալական պատկանելության հետ կապված հոգեբանական պահանջմունքները, իսկ երիտասարդ սերնդի մոտՙ հիմնարար տագնապի հաղթահարման գործընթացը: Այդ սիմվոլիկ գումարը, որ մենք, համոզված եմ, պատրաստ ենք փոխանցել հայոց բանակին, կնպաստի նաեւ մեր խմբային հիշողության պահպանմանը, ընդհանուր ապագայի նկատմամբ հավատի մեծացմանը: Այդ գումարը մեր մեջ կամրապնդի հայոց բանակի սիմվոլիկանՙ իր ամբողջության մեջ: Ճշմարտությունը թույլ է տալիս ասել, որ մենք ունենք մարդկանց անհատական ճգնաժամի խնդիր, ինչն, անտարակույս, իր հերթին բերում է նրանցից կախում ունեցող ինստիտուտների ճգնաժամին: Եթե ոչ բանակի, ապա այլ արժեքների դաշտում մենք ունենք հոգեւոր գործոնների «մաշվածության» երեւույթ, ինչը հանգեցնում է սեփական անցյալի նկատմամբ տոտալ նիհիլիստական վերաբերմունքի ձեւավորմանը: Իսկ այսպիսի միջոցառումները յուրատիպ ուղերձ են մարդկանց գիտակցությանն ու արժեհամակարգին, դիրքորոշումներին ու համոզմուքներին: Եթե ամենամյա դրամահավաքի ժամանակ մենք ունենում ենք հասարակությունը միավորող ազգային գաղափարախոսություն, որն ավելի շատ իրադրական նկարագիր է ունենում, ապա այս պարագայում խոսքն արդեն հասարակությունը համախմբող ազգային գաղափարախոսության մասին է: Այդ սիմվոլիկ գումարը յուրաքանչյուրիս համար կդառնա, այսպես կոչված «պաշտպանիչ գոտի», որով հասարակության որոշ շերտերի մոտ մեծամասամբ կչեզոքացվի նաեւ սահմանում տիրող իրավիճակից առաջացող խուճապային տրամադրությունները: Քննարկման ներկայացված օրինագիծը, համոզված ենք, որ կհաստատվի, ինչը դրականորեն կանդրադառնա ոչ միայն զինծառայողների առօրյայի, բանակաշինության գործընթացի, սպառազինության մակարդակի բարձրացման, այլեւ բնակչության մոտՙ բանակի նկատմամբ ունեցած վստահության վրա: Սա հուզական մասնակցության հիանալի օրինակ է, որի արդյուքնում են ձեւավորվում այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են կամավորականությունը, հավատարմությունն ու նվիրվածությունը: Ի վերջո սա ոչ միայն բանակի, այլեւ հասարակությանը զարգացման տանող գործըթնաց է, որը ենթադրում է սոցիալական հասունություն եւ զարգացում: *) Հոդվածագիրն այստեղ թյուրիմացության մեջ է. 1000 դրամն ուղարկվելու է ոչ թե պաշտպանության նախարարություն, այլՙ ՀՀ Կենտրոնական բանկում բացված հատուկ հիմնադրամի հաշվին: |