ՄԻՀԱՐԿԱՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ ՓԼՈՒԶՎԵՑ ՈՒ ԵՐԿՊԱՌԱԿՏՎԵՑ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Բնականաբար, ռուսաստանյան լրատվամիջոցները եւս շռայլ էին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ու անակնկալ վերջաբանի մեկնաբանություններում: Ինչքան էլ որ Վլադիմիր Պուտինը վրդովվեր երկու թեկնածուների կողմից ռուսական խաղաքարտը չարաշահելու առիթներով, այնուամենայնիվ նա չէր կարող ներքին գոհունակություն չապրել այն պարագայից, որ Ռուսաստանը դառնում է ամերիկյան եզակիությանը դիմակայող իրական ուժ, որ այլեւս հնարավոր չէ անտեսել վերածնվող գերտերության ազդեցությունը: Այստեղ գոհ էին ոչ այնքան Դոնալդ Թրամփի հաղթանակից, որքան Հիլարի Քլինթոնի անփառունակ պարտությունից: Վերջինիս առնչությամբ ոչ ոք պատրանքներ չուներ ռուս-ամերիկյան գերլարված հարաբերությունների թուլացման կապակցությամբ: Մեկնաբանությունները կարող էին լինել անողոք. «Քլինթոնը զոմբի էր, մեռյալ: Թեեւ որպես այդպիսին շարունակում էր պարել, ձգել ժպիտները, հռհռալ: Ընդսմին օրորվում էր եւ ընկնում: Երեւում էր, որ նրան կործանում են ոչ թե նրա անկարողությունները, այլ նախորդած քաղաքական ճանապարհի ծանր բեռըՙ նեխած, անպտուղ, սարսափազդու»: Կարող էին լինել նաեւ պաթետիկ մեկնաբանություններ. «Թրամփի հաղթանակը Ամերիկայի ապստամբությունն էր, որը երկար տարիներ գտնվում էր ֆինանսական լիբերալ-դեմոկրատական սարդոստայնի խառնամիտ իշխանության ներքո, որի մեջ հյուսվում էր ամերիկյան գլոբալ քաղաքականությունը, որտեղ մարդու իրավունքների ու հանդուրժողականության գործիքակազմը մնացյալ մարդկությանը ճզմելու դաժան ձեւերի քողածածկույթ էր: Ամերիկան գիտակցված թե անգիտակցորեն ընդվզեց այդ դերի դեմ, որը նրան պարտադրել էին դեմոկրատական կուսակցության մոգերն ու կախարդները»: Քիչ չէին սարկաստիկ մեկնաբանությունները. «Դեմոկրատների համար Հիլարին նախագիծ էր, ինչպես որ Օբաման: Բազմազանության համար: Ինչու առաջին անգամ չառաջադրել գունամորթ թեկնածու: Չորս տարի հետո նրան հակադրել աղանդավոր մորմոնի: Իսկ ահա եկավ կին արարածի ժամանակը, որը դեռ չի թափանցել Սպիտակ տուն: Եթե այս նախագիծը գործեր, ապա ինչու մոռացությունից լույս աշխարհ չհանել հնդկացուն, որին այնքան դաժանորեն ցեղասպանության էին ենթարկել: Այնուհետեւ կարելի էր նախագահ դարձնել միասեռականի, սեւամորթ լեսբուհու, տրանսգենդեր լատինոսի, ՁԻԱՀ-ով հիվանդի, միայնակ մորը կամ անմարդ կնոջը եւ նմանների »: Անշուշտ լրատվամիջոցներում առավել եւս հիմա գերակշռում են լրջմիտ վերլուծությունները: Սակայն այս ագամ «Ազգի» ընթերցողներին ներկայացնենք մի տեսակետ, որն առանձնանում է իր մասշտաբայնությամբ եւ որով փորձ է արվում իրադարձությունների զարգացումն ու եզրագիծը մեկնաբանել ոչ այնքան Թրամփի «ֆենոմենով», որքան, ի հետեւանք, Ամերիկայում եւ ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունեցող էական գլոբալ փոփոխությունների: Ինքնին հարց է առաջանումՙ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման, ԱՄՆ-ում ռուսամետ տրամադրությունների գրեթե կատարյալ բացակայության պայմաններում ինչո՞ւ էր Թրամփը դրական արտահայտվում Պուտինի մասին, պատրաստակամություն հայտնում նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ այլն: Թրամփն իհարկե քաղաքական կյանքի մեծ փորձ չունի, երբեք չի եղել ոչ սենատոր, ոչ նահանգապետ, ոչ նախարար: Բայց այդ դեպքում նա առնվազն կարող էր զգույշ լինել եւ քննատության շանս չտալ իր հակառակորդինՙ փորձառու քաղաքագետ Հիլարի Քլինթոնին: ԱՄՆ-ը դասական օլիգարխիական պետություն է, հայտարարում են այս գլոբալ տեսության կողմնակիցները: Եվ չնայած նրա նախագահը օժտված է սահմանադրական լայն լիազորություններով, այդուհանդերձ նրա դերը չի կարելի գերագնահատել: Տեղի ունեցած նախընտրական գոտեմարտում բախվեցին բարձրագույն պաշտոնին հավակնող երկու թեկնածուներ, որոնց մոտեցումները երկրի զարգացման ստրատեգիայի հարցում սկզբունքորեն ոչ թե տարբեր էին, այլ պարզապես անհամատեղելի. միհարկանի Ամերիկան փլուզվեց ու պառակտվեց երկու թիմի: Մեկն այն կարծիքին է, որ Ամերիկան համաշխարհային գերիշխանության կհասնի սեփական ռեսուրսների, սեփական հզոր էկոնոմիկայի շնորհիվ: Հակադիր կողմի գլխավոր մտահոգությունն է պահպանել ու առավելագույնս համապարփակ դարձնել համաշխարհային ֆինանսական համակարգը, ու թե ինչ կլինի կոնկրետ մեկ երկրի հետ, եթե նույնիսկ դա Ամերիկան է, էական նշանակություն չունի: Ահա եւ, Դոնալդ Թրամփը, հագնելով ազգային հայրենասերի պատմուճանը, հանդես է գալիս որպես առաջին սցենարի կողմնակից: Իսկ Հիլարի Քլինթոնը, առտահայտելով խոշորագույն բանկային համակարգի շահերը, դառնում է անդրազգային (տրանսնացիոնալ) վերնախավի ներկայացուցիչը: Ասել է թե բուն Ամերիկայի համաշխարհային հեգեմոնիան է այդ երկրի ազգային օլիգարխիայի նպատակը, այն դեպքում, երբ անդրազգային օլիգարխիայի համար ԱՄՆ-ը միջոցներից մեկն է սեփական համաշխարհային տիրակալման հասնելու համար: Ըստ էության, երկու օլիգարխիական համակարգերը իրական հակառակորդներ են աշխարհանվաճ նկրտումներում, եւ երկրորդը միակն է, որ հակասության մեջ մտնելով ԱՄՆ-ի հետ, ի վիճակի է մարտահրավեր նետելու նրան ու ամենայնս շահագրգռված է դրանում: Եվ այստեղ ի դեմս անդրազգային օլիգարխիայի հառնում է Համաշխարհային կառավարության ուրվականը, թեեւ, շատ փորձագետների կարծիքով, նա արդեն ուրվական էլ չէ, այլ ձեւավորվող իրական ուժ: Թրամփ-Քլինթոն հակամարտությունը նոր փուլ նշանավորեց այդ երկու հսկաների ինքնահաստատման ճանապարհին: Այդ գոտեմարտում, սակայն, խնդիրը չի սահմանափակվում սոսկ համամոլորակային իշխանության հաստատմամբ: Անդրազգայինների նպատակը կարող է իրականալ միայն լիբերալ գաղափարների կենսագործման միջոցով, այն էՙ մարդկությանը սոսկ վերածել նյութական բարիքներ սպառող զանգվածիՙ զերծ հոգեւոր արժեքներիցՙ հայրենիք, ազգ, ընտանիք, կրոն եւ այլն: Այստեղից էլ «հայր» եւ «մայր» նվիրական անունների համարակալումը, սեռական այլասերվածությունների քարոզչությունն ու պարտադրումը, անհատի դիմազրկումը եւ այլն: Եվ այստեղ մի կողմ թողնենք հայտնի ու անհայտ քաղաքագետներին ու հիշատակենք ռուսաց պատրիարք Կիրիլի նորերս արած մի հայտարարություն, որն առավելագույնս արտացոլում է նկարագրված իրողությունը. «Արդիականության ամենասուր հակամարտությունը ոչ թե ամերիկացի փիլիսոփա Սամուել Հանթինգտոնի հռչակած «քաղաքակրթությունների բախումն է», այլ անդրազգային, արմատական, ապակրոնական գլոբալիստական նախագծի բախումն է բոլոր ավանդական մշակույթների եւ բոլոր լոկալ քաղաքակրթությունների հետ: Եվ հենց այստեղ է տեղի ունենում երկու աշխարհների, մարդու եւ մարդկային քաղաքակրթության ապագայի նկատմամբ երկու հայացքների առճակատումը »: Բայց ուր կորավ այս համաշխարհային հեղաբեկումների մեջ Ռուսաստանը: Ոչ, չկորավ: Ներկա իրողությունները հուշում են, որ անդրազգայինների հետ գլոբալ դիմակայության պայմաններում ԱՄՆ-ի ազգային օլիգարխիայի շահերը կարող են համընկնել Ռուսաստանի շահերի հետ, եւ Թրամփը դա հասկանում է, նա «առողջ» Ամերիկային կողմնակից է: Առավել եւս, որ եվրոպական երկրների դիմազուրկ լիդերների ֆոնի վրա (կամ առանց դրա) Վլադիմիր Պուտինը խոշոր տերությունների առաջնորդների մեջ այն քչերից է, որ հստակորեն կողմնորոշվել է դեպի ավանդական արժեքները: Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտնելու Թրամփի ազդանշանները նրա անձնական «ինքնատիպության» արտահայտությունը չեն, այլ այն ուժերի դիրքորոշումը, որոնց նա ներկայացնում է: Թեեւ այստեղ մի ուրիշ հարց էլ է առաջանում: Այդուհանդերձ, համաշխարհային գերիշխանության ձգտող ամերիկյան ազգային օլիգարխիայի ինչին է պետք Ռուսաստանը, որի նախագահը հանդես է գալիս բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու օգտին: Ինչքան էլ որ պարադոքսալ թվա, Ռուսաստանի հակաանդրազգային դիրքորոշումը ԱՄՆ-ի ազգային օլիգարխիայի հետ համագործակցելու գործոն է դառնում: Մյուս կողմից, իսկ Ռուսաստանի ինչին է պետք Ամերիկան միջազգային լիբերալ խավերի հետ գլոբալ կոնֆլիկտում: Ամերիկյան լիբերալիզմի այլասերիչ գաղափարները որպես անդրազգային օլիգարխիայի իշխանության ապահովման միջոցներ արմատավորվում են Արեւմուտքի պետությունների վարչական, ֆինանսական եւ լրատվական ռեսուրսների կիրառմամբ: Այդ դեպքում նրանց հակազդեցությունը գոնե թուլացնելու նպատակով ինչու չհամագործակցել այդ աշխարհի առնվազն մի մասի հետ: Տվյալ դեպքում կոնկրետՙ Թրամփի հետ, որը որոշակի հույսեր է ներշնչում: Հ.Գ. Ինչով են տարբերվում ամերիկացի եւ հայաստանցի ընտրողները: Դժվար է պատկերացնել, եթե չասենք անհնարին է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած ընտրողները նրանց հաղթանակից հետո... հեծկլտային կամ հոնգուր-հոնգուր լաց լինեին: Շատ քաջարի, առնական ժողովուրդ ենք, եթե նույնիսկ չենք սիրում մեր լիդերներին: |