RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3653, Տպվել է` 456, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ եք կարծում, մե՞նք ենք ավելի ձեւական ազգ, թե՞, օրինակ, ամերիկացիները: Որ ամերիկացիները ձեւական են, բոլորին է հայտնի, որ այդ երկրի բոլոր ոլորտներում, այդ թվումՙ քաղաքականության մեջ միայն մեկ իսկական բան կաՙ շոուն, որն ինքնին արդեն ձեւականություն է, գաղտնիք չէ: Բայց այ մեր ձեւականության մասին հայտնի է միայն, որ մենք փող չունենք, բայց մանավանդ Ամանորին ճոխ սեղան ունենք, «քյասիբ» երկիր ենք, բայց մեծահարուստ քաղաքացիներ ունենք, այնինչ քաղաքական ձեւականության մասին քիչ բան է հայտնի: Օրինակ, ինչո՞ւ պետք չէ պաշտպանության նախարարը կամ արտգործնախարարը լինեն իշխող կուսակցության ներկայացուցիչ, ու կապ չունի այդ կուսակցությունը ՀՀԿ-ն է, Դեմկուսը, թե՞ Կոմկուսը: Պարզ չէ՞, որ նա, ում կուսակցական իշխանությունը նշանակում է նման բարձր պաշտոնների, ինչպիսին է, օրինակ, պաշտպանության նախարարի պաշտոնը, ապա տվյալ մարդը չի կարող քաղաքական այլ գիծ տանել, եւ սկզբունքորեն տարբերվել իշխող կուսակցությունից: Նա թիմի մաս է, անդամ, իսկ եթե նման բարձր պաշտոնի է նշանակված, ուրեմն կարեւոր անդամ: Հիմա, ո՞րն է խնդիրը, որ նախարար Վիգեն Սարգսյանը անցած շաբաթ մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: Գուցե այն, որ ՀՀԿ-ն մեր երկրում իշխող կուսակցությունն է, խնդիր է, համենայն դեպս շատերի համար, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցության կողմից պաշտպանության նախարարի խիստ կարեւոր պաշտոնին նշանակված անձի «հանրապետականացումը» պետք է որպես խնդիր ընկալել: Լավ, ենթադրենք Վիգեն Սարգսյանը չի անդամակցում ՀՀԿ-ին. դա ձեւականություն չէ՞, եւ հակառակըՙ ավելի ազնիվ չէ՞, որ նա ՀՀԿ-ի անդամ է դառնում:

Ասում են, որ պաշտպանության նախարարը չպետք է լինի կուսակցական: Ո՞վ է ասում, լավ, եթե դուք կարող եք ասել 80 երկիր, որոնց պաշտպանության նախարարները կուսակցական չեն, ապա ես կարող եմ թվարկել 81-ը, որտեղ այդ գերատեսչությունը ղեկավարող նախարարները կուսակցականներ են: Չմոռանանք, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, իսկ կուսակցությունը քաղաքական մարմին է, բնական է, որ ցանկացած քաղաքական որեւէ ընտրություններում հաղթանակի հասած եւ խորհրդարանում մեծամասնություն կազմած, ապա եւ կառավարություն ձեւավորած քաղաքական կուսակցությունը նախարարներին պետք է նշանակի իր իսկ քաղաքական թիմից, այլ կերպՙ կուսակցությունից: Կարող է, իհարկե, նշանակել ոչ կուսակցականի, ով հավանաբար կհայտարարի, որ ինքը անկախ պաշտոնյա է, ունի իր սեփական տեսլականը եւ ուրույն է պատկերացնում առկա մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհներն ու նպատակներին հասնելու միջոցները, բայց կներեքՙ դա ձեւականություն է: Նկատի ունեմՙ նրա անկուսակցականությունը, քանի որ եթե դու ամեն օր, ենթադրենք, հաց ես ուտում միեւնույն մարդկանց հետ, որոնց հետ նաեւ ֆուտբոլ ես նայում, նարդի ես խաղում, ճանապարհորդում ես, երկրի եւ մշակույթի ճակատագրի մասին կեսգիշերն անց զրույցներ ես ունենում, ազգի հեռանկարներն ես պարզում եւ անցյալի սխալներն ես մատնանշումՙ մի շիշ կոնյակի ընկերակցությամբ, ուրեմն ժամանակի ընթացքում դու սկսում ես բոլոր հարցերի շուրջ մտածել նրանց պես, եթե իհարկե այդ միաձեւ մտածելը ձեզ մոտ ի սկզբանե չէր: Իսկ քաղաքական կուսակցությունը գոնե դրա բառացի իմաստով հենց միաձեւ մտածող մարդկանց խումբ է:

Նույն տրամաբանությամբ, Հանրապետության նախագահն էլ չպետք է կուսակցական լինի, օրինակ Ռուսաստանում Պուտինը կուսակցական չէ, եւ երբ պատրաստվում էր առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, դուրս եկավ «Յեդինայա Ռոսիա» կուսակցության կազմից, հրաժարվելով նաեւ կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նրան փոխարինեց Մեդվեդեւը: Հիմա, ինչպես հասկանում ենք, Պուտինը «Յեդինայա Ռոսիա»-ի հետ որեւէ կապ չունի, հա՞ որ... Պարզ է, որ ունի եւ ակնհայտ է, որ նրա կուսակցությունից դուրս գալը զուտ ձեւականություն է:

Այնպես որ, երբ Վիգեն Սարգսյանն անդամակցի ՀՀԿ-ին, ձեւականությանը գոնե իր մասով վերջ կտա: Բացի այդ եւ թերեւս ամենակարեւորըՙ ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ, այն որ ՀՀԿ-ի անդամ է Վիգեն Սարգսյա՞նը, թե՞ օրինակ Առաքել Մովսիսյանը...

ՀՀԿ-ն առհասարակ լավը չէ՞, էհ, բա առավել եւս, պետք է չէ՞ գոնե փորձելՙ լավը դարձնել այն... Մանավանդ եկող տարի կայանալիք համապետական ընտրություններից առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ