ԱՆՀՈՒՅՍ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Մտորումներ Հայաստանի զարգացման հեռանկարի մասին Հայաստանի վարչապետի մի անկեղծ հայտարարությունից հետո երկրում բանավեճ հրահրվեց այն մասին, թե վատ վիճակո՞ւմ է արդյոք Հայաստանը, թե՞ ոչ: Կարծես թե ասվածի անկեղծության աստիճանից որեւէ քաղաքական հետեւություն է բխում: Հետո բոլորը հասկացան, որ սկզբունքորեն, իհարկե, ոչ մի: Շատ կարեւոր է հիմա, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, հասկանալ եւ մեզ համար որոշել, թե զարգացման հեռանկար ունի՞ արդյոք Հայաստանը: Այս հարցը կարեւոր է մի քանի առումով: Նախորդ չորս տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ արտագաղթը գնալով աճում է: Մեծանում է աղքատների թիվը եւ վիճակը աղետալի չի գնահատվում միայն այն պատճառով, որ աղքատության գնահատման ՄԱԿ-ի, Եվրոմիության եւ էլի ինչ-ինչ ատյանների չափանիշները տարբեր են: Բայց մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, երկրի տնտեսության հեռանկարի հարցում հայաստանցիների հոռետեսությունը ոչ մի լավ բան չի խոստանում: Նոր կառավարության նկատմամբ երկրում դրական սպասումներ կան եւ մարդիկ ուզում են հասկանալՙ բան փոխվելո՞ւ է, թե՞ ոչ: Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանը տարին փակելու է երկու-երեք տոկոս տնտեսական աճով: Եվրասիական տնտեսական միության տարածքում շարունակվող ճգնաժամի մեր օրերում այս աճը վատ ցուցանիշ չի համարվում, որովհետեւ այն ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում: Իրականացան Համաշխարհային բանկի եւ մեր փորձագետների կանխատեսումները: Տնտեսական ճգնաժամի ծանրությունն իրենց վրա կրող հայաստանցի գործարարներն այդ ցուցանիշին շատ չեն հավատում եւ խոսում են ապրանքաշրջանառության ծավալների անկման մասին: Քչփչոցն ու կիսաձայն դժգոհությունները մի բան, բայց իրավիճակի իրական պատկերը իմանալն ու հասկանալըՙ այլ բան: Այս վերջինի մասին: Խնդիր էր դրված. տնտեսական աճը յոթ տոկոսի հասցնելու: Հետո դրա մասին մոռացան: Մեր տնտեսագետները պնդում են, որ միայն յոթ տոկոս եւ ավելի տնտեսական աճն է ի վիճակի Հայաստանի տնտեսությունը դուրս բերել իրական զարգացման մայրուղի, լավատեսությամբ զինել բնակչությանը եւ ձեռնամուխ լինել լուրջ հարցերի լուծմանը: Ուրեմն եթե տնտեսական աճ նույնիսկ կա, բայց վերեւում բերված թվերի սահմաններում, մարդիկ դա չեն զգալու եւ լուրջ հարցեր լուծել երկրի տնտեսության մեջՙ չի հաջողվելու: Պետք չէ լինել բարձրորակ տնտեսագետ ձեւակերպելու համար հաջորդ հարցը: Կարողանալո՞ւ է արդյոք Հայաստանի իշխանությունը այդպիսի տնտեսական աճ ապահովել եւ ի՞նչ է հարկավոր անել դրան հասնելու համար: Ավելի պարզ ասածՙ մեր շարքային սրտացավ հայրենակիցները հարցը կարող են ձեւակերպել այսպես. «Ինչո՞վ օգնենք ձեզ, որ երկիրը դուրս բերեք տնտեսական հետամնացության ճահճից»: Աճին նպաստող խթանների փնտրտուքը Հոկտեմբերին ես մասնակցեցի Եվրասիական տնտեսական կոլեգիայի գիտափորձագիտական խորհրդի նիստին, որը վարում էր կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հաճելիորեն զարմացած եմ քննարկման որակով եւ հնչած ելույթների կոմպետենտությամբ: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ռուսաստանը այս տարի զրոյական տնտեսական աճ կունենա, իսկ հաջորդ տարի շատ կամաց, բայց, այնուամենայնիվ, աճի ճամփան կարող է բռնել: Ավելի ուշ իմացա, որ Ռուսաստանի գիտական եւ վերլուծական կենտրոններում լուրջ ուսումնասիրվում է այն հարցը, թե Արեւմուտքի հետ շարունակվող քաղաքակրթական առճակատման պայմաններում հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանում հասնել տնտեսական աճի եւ ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Արդեն բոլորն են հասկանում, որ շարունակվող ճգնաժամը եւ նրա առաջացրած ճահճացումը մի հնարավորություն են լրջորեն նախապատրաստվելու նոր, բուռն զարգացման: Ղազախստանի նախագահն իր ժողովրդին նախապատրաստում է երրորդ սերնդի ինդուստրիալ հեղափոխությանը, որը Ղազախստանը դուրս կբերի աշխարհի տնտեսապես զարգացած երկրների շարք դարի կեսերին: Եվրոպայում խոսում են չորրորդ սերնդի ինդուստրիալ հեղափոխության մասին, որը կապահովի տեխնոլոգիական առավելությունը հաջորդ մի քանի սերունդների համար: Ռուսաստանում պայքար է գնում ազդեցիկ մի քանի խմբավորումների միջեւ, որի իմաստը հանգում է այն հարցին, թե ներկրմանը փոխարինող սեփական արտադրությունների ստեղծման քաղաքականության մեջ որքա՞ն հեռու կարող է գնալ երկիրը առանց ցնցումների եւ առանց Արեւմուտքին կամ Չինաստանին հանձնվելու: Զարգացման Եվրասիական Բանկի վերլուծաբանները անգլիացի վերլուծաբանների հետ համատեղ մի ուսումնասիրությամբ եզրակացրել են, որ Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը չի վերջանա 20-ական թվականներից շուտ: Սա նշանակում է, որ սպասել նախաճգնաժամային առեւտրատնտեսական համագործակցության ցուցանիշների վերականգնմաննՙ անիմաստ է: Սա էլ պետք է որ նշանակի, որ տեխնոլոգիական զարգացման եւ ընդհանրապես զարգացման հարցում Ռուսաստանը պետք է հույս դնի միայն իր վրա: Մեկ էլ իր քիչ, բայց հավատարիմ դաշնակիցների վրա: Նաեւ այն պարզ պատճառով, որ ուրիշները չկան: Հայաստանի պարագայում սա նշանակում է մի բան. քանի որ Ռուսաստանը միակ երկիրն է, որ տեսականորեն կարող է հետաքրքրված լինել Հայաստանի արդյունաբերությամբ, իսկ արդյունաբերական զարգացումը միակ տեսական հնարավորությունն է Հայաստանը տնտեսական հետամնացության ճահճից դուրս քաշելու համար, ապա պետք է եզրակացնել, որ ստեղծվել է մի զարմանալի իրավիճակ, երբ մենք կարող ենք այս իրավիճակից նույնիսկ շահած դուրս գալ: Ընդ որում, երբ ես ասում եմ մենք, նկատի ունեմ ոչ միայն առանձին ձեռներեց հայերի, որոնք հանճարեղ են եւ միշտ էլ կարող են շահել, այլեւ նկատի ունեմ մեր հասարակությունն ամբողջությամբ վերցրած, որը կարոտ է խոշոր կատեգորիաներով մտածող ազնիվ ու հայրենասեր առաջնորդների, որոնք կօգնեն ժողովրդին հաղթելու աղքատությանն ու հետամնացությանը: Կօգնի՞ արդյոք հարցի պատմությունը Խորհրդային Հայաստանը փլուզված ԽՍՀՄ-ի ամենազարգացած արդյունաբերական շրջաններից մեկն էր: Փլուզումից հետո օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով խորհրդային արդյունաբերական ժառանգությունից մնացին միայն բեկորներ: 90-ականների վերջին ռուս տնտեսագետները Հայաստանի համար սկսեցին օգտագործել «դեինդուստրիալիզացիա» եզրը: 25 տարին բավական է, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ ենք ձեռք բերել եւ ի՞նչ ենք կորցրել: Ամեն դեպքում իրար փոխարինած կառավարություններից եւ ոչ մեկը չի ցանկանա իր վրա վերցնել դեինդուստրիալիզացիայի մեղքը եւ դրա համար կբերի բազմաթիվ պատճառաբանություններ: Բայց եթե վերեւում մենք ասացինք, որ անիմաստ է վիճաբանությունը, թե ծա՞նր է արդյոք տնտեսության վիճակը, թե՞ ոչ, այստեղ էլ ասում ենք, որ միայն ակադեմիական հետաքրքրություն ունի այն հարցը, թե ինչն էր հնարավոր էլի փրկել խորհրդային արդյունաբերական ժառանգությունից: Հիմա խնդիրը բոլորովին այլ էՙ հասկանալ, թե ի վիճակի՞ է արդյոք մեր երկիրը մի նոր թռիչք կատարել եւ ունենալ, ասենք, 15-20 տարի հետո ժամանակակից առաջավոր տնտեսություն: Նույնիսկ խոշոր հայ բիզնեսմենների կապիտալը բավարար չէ լուրջ արտադրական ձեռնարկություններ ստեղծելու համար: Հարկավոր են լուրջ վարկեր: Այստեղ տեղը չէ խոսելու հայկական բիզնեսի հայրենասիրության մասին, որը, ինչպես, օրինակ, ռուսական բիզնեսն էլ, ազատվող գումարների մեծ մասը այսօր էլ փախցնում է արեւմտյան բանկեր եւ օֆշորային գոտիներ, բայց երբեք չի ուզենա ներդնել սեփական երկրի զարգացման համար: Ո՞վ չգիտի, թե, խոշոր հաշվով, ում են ծառայում օֆշորների փողերը: Բանավեճը չթեժացնելու համար լոկ արձանագրենքՙ ում ասես, բացի ծագման երկրի տնտեսությունից: Մնում է ապավինել պետական միջամտությանը տնտեսության գործերին: Սոցիոլոգիական հետազոտությունները միաբերան հաստատում են, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսը հարազատ իշխանությունից ակնկալում է պետության դերի մեծացում տնտեսության մեջ, ամբողջովին պետական կամ պետական-մասնավոր խառը կապիտալով նոր արդյունաբերական հզորությունների գործարկում: Աշխարհին հայտնի են այն օրինակները, թե ինչպես պետությունը չգնալով խորհրդային բռնատիրական մեթոդների գործադրմանը, ստեղծում է տնտեսական հզորություններ, զարգացնում է դրանք, իսկ հետո, հարկ եղած դեպքում, մասնավորեցնում է դրանք կամ ոչ: Հարեւան Թուրքիայի օրինակը պետական կապիտալիզմի ճանապարհով հարգանք առաջացնող զարգացման օրինակ է: Մեր հասարակության մեջ վատ չէր լինի մի քննարկում սկսել, թե կլինե՞ն արդյոք այնպիսի ազնիվ, ձեռներեց, գործունյա ու հայրենասեր պետական գործիչներ, որոնք կձեռնարկեն Հայաստանում այդ ճանապարհով զարգացման շնորհակալ գործը: Առաջին հայացքից թվում է, թե նման գործիչներ նախկինում էլ եղել են, հիմա էլ կլինեն եւ կլինեն ապագայում էլ: Բայց իրականում հարցը շատ ավելի բարդ է եւ պատասխանն էլ դժվար գտնվող: Թռիչքաձեւ զարգացում հասարակական համախմբման արդյունքում Հայաստանում գիտնականների պակաս չկաՙ գիտության դոկտորների եւ թեկնածուների, պրոֆեսորների եւ դոցենտների: Բայց չգիտես ինչու ճգնաժամի մեր օրերում չկա քննարկում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Հայկական գործարար աշխարհըՙ լի կասկածամտությամբ եւ բազում անհանգստություններով, չի էլ մտածում խթանել նման հասարակական քննարկում: Լավատեսություն է ներշնչել այն հանգամանքը, որ այս տարի ավելի քան 50 տոկոսով կաճի արտահանումը դեպի Ռուսաստան: Նախ եւ առաջ գյուղատնտեսական մթերքների արտահանումը: Կամ լավատեսություն է ներշնչում նաեւ թեթեւ եւ վերամշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի աճը: Ուրեմն այս փուլում ճիշտ են նրանք, ովքեր պնդել են, որ եվրասիական տնտեսական տարածքում Հայաստանի համար դեռեւս չօգտագործված հնարավորություններ եւ ռեսուրսներ կան: Գաղտնիք չէ, որ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում ոչ միայն ռուսների, այլ նաեւ չինացիների ուշադրությունը մեր երկրի վրա գրավելու համար: Բայց ակնհայտ է, որ այս ջանքերը լոկ համեստ նախաբանն են այն իրական նոր ներդրումների, որոնք տեսականորեն կարելի է սպասել ազնիվ, կոմպետենտ կառավարման եւ հասարակական աջակցության դեպքում: Հասարակական աջակցություն Կարեն Կարապետյանի կառավարությունն ունի: Առ այժմ պարզ չեն միջնաժամկետ եւ երկարաժամկետ մտադրությունները, որով կարելի էր հասնել մեր ժողովրդի կողմից իրական լուրջ աջակցության: Կան հոռետեսներ, որոնք ասում են, որ հայ ժողովրդի դիմադրության եւ համբերության ռեսուրսը սպառված է, դրա համար էլ մարդիկ պասիվ են ու անտարբեր: Սակայն ես համոզված եմ, որ երկրի բնակչության մեծ մասը սրտացավ, հայրենասեր մարդիկ են, որոնք պատրաստ են համախմբվելու, միատեղվելու, իշխանությանը թեւ ու թիկունք կանգնելու, եթե իշխանությունը ազնիվ ու գործունյա լինի, եթե ապացուցի, որ ինքը սրտացավ է եւ ականջալուր արտագաղթել չցանկացող մարդկանց հոգսերին: |