RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3736, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶԱԳԻՐՔԸ

ՆԱԻՐ ՑԱՆ

Արցախի քարտեզային պատկերն առաջին անգամ ներկայացվում է երեք լեզվովՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերենՙ ներառելով քաղաքների ու գյուղերի, կրթօջախների, գրչօջախների, պատմական հուշարձանների, պաշտպանական կառույցների, բերդերի, ամրոցների քարտեզներ: Արցախի քարտեզագիրքը կազմված է 40 էջից, որոնց մի մասի հիմքում օտարազգի ուսումնասիրողներիՙ մի քանի դար առաջ կազմած քարտեզներն են, ինչպես նաեւ մեր ժամանակներում արված չափագրություններն ու հետազոտությունները: Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է նախաձեռնել եւ «Հոգու պարտք» հայագիտական կազմակերպության հետ կազմել Արցախի քարտեզագիրքը: Այն առայժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով raa.am կայքում, իսկ 2017 թվականի սկզբներին կհրատարակվի ու կտրամադրվի տարբեր կրթօջախների ու գրադարանների:

Արցախի քարտեզագրքում հակիրճ տեղեկություններ են հաղորդվում Արցախի մասինՙ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Աշխատությունն էջ առ էջ ներկայացնում է Արցախի պատմությունը: Օտարազգի քարտեզագիրներն էլ են վկայում, որ Արցախը հայոց պատմական հայրենիքի մի մասն է: Նրանք դեռեւս դարեր առաջ կազմել են Հայաստանի քարտեզը, որի տարածքում է նաեւ Արցախը: Ընդ որումՙ նրանք քարտեզի վրա նշում են հենց Արցախ, ոչ թե Ղարաբաղ անունը: Այդպես է նաեւ Կարլ Ֆոն Սպրուներիՙ 1865 թվականին կազմած քարտեզում:

Արցախի ֆիզիկական քարտեզի հիմքում խորհրդային ռազմական շտաբի քարտեզներն են: 1914 թվականի հունվարի 1-ի մարդահամարիՙ ցարական կառավարության վիճակագրության համաձայն գծվել է Արցախի ազգաբաշխական քարտեզը, որտեղ տարբեր գույներով նշված են հայկական եւ այլ բնակավայրեր: Հայկական գյուղերի մի մասը խորհրդային հենց առաջին տարիներին մուսավաթական կառավարության ավազակային հարձակումների պատճառով ոչնչացվել է: Հին քարտեզներում կանաչ գույնով նշված են Արցախի բռնազավթված տարածքները, իսկ կարմիրովՙ հայկական բնակավայրերը: Նշված են նաեւ կարեւոր գրչօջախներըՙ այնտեղ ստեղծված ձեռագրերի տարեթվերով: Կրթօջախներն էլՙ ծխական, եկեղեցական դպրոցները, ներկայանում են իրենց ստեղծման տարեթվերով: Պայմանական նշաններով ըստ ոլորտների ու տեսակների են բաժանված նաեւ հուշարձանները: Առանձին տեղ է հատկացված ճարտարագիտական կառույցներին, Արցախի բնությանը, թաղակապ աղբյուրներին: Սամվել Կարապետյանը նկատում է, որ քարտեզագիրքն ավելի շատ տեղեկություններ է հաղորդում, քան մի հաստափոր ժողովածու:

Քարտեզագրքում ներկայացված է նաեւ Հյուսիսային Արցախը. ուսումնասիրությունները կատարվել են մինչեւ 1990-ականնրը: Ադրբեջանի կողմից բռնազավթված այդ տարածքի հուշարձանների, հայկական բնակավայրերի մասին մեր տեղեկությունները թարմացվում են միայն օտարազգի ճամփորդների միջոցով: Նրանք երբեմն-երբեմն լուսանկարներ եւ ուսումնասիրություններ են հրապարակում, սակայն ակնհայտ են նրանց նկատմամբ ադրբեջանկան հետապնդումները: Եթե օտարազգիներն իրենց ուշադրությունը սեւեռում են Հյուսիսային Արցախի քրիստոնեական հուշարձանների վրա, հետաքրքրվում են հայկական եկեղեցիներով ու ճարտարապետությամբ, արժանանում են ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքին: Այդպես է եղել նաեւ շոտլանդացի ճանապարհորդ Սթիվեն Սիմի հետ, երբ նա Նախիջեւանում շրջել ու լուսանկարել է հայկական հուշարձանները: Նրան տարել են ոստիկանություն ու վտարել Նախիջեւանից:

Սամվել Կարապետյանը պատմեց, որ իր ուսումնասիրությունները երբեմն հիմնվել են հենց ադրբեջանցիների հաղորդած տեղեկությունների վրա: Նրանք «Ճամփորդ» խորագրով մի հեռուստահաղորդաշար ունեն, որը տեսանյութերի միջոցով ներկայացնում է Հյուսիսային Արցախըՙ գյուղ առ գյուղ: Այդ հաղորդումների ընթացքում պատմվում են տարբեր բնակավայրերում գտնվող հուշարձանների, ճարտարապետական այլ շինությունների մասին: Ադրբեջանցի լրագրողը հայկական եկեղեցիները ներկայացնում է որպես իրենց քրիստոնյա նախնիներիՙ աղվանների պատմամշակությաին ժառանգություն: Ի տարբերություն Նախիջեւանի, Արցախի ադրբեջանաբնակ տարածքներում հայկական հուշարձաների հետքերն ու մասունքները պահպանվում են: Ճիշտ է, շատ եկեղեցիներ ու վանքեր են պայթեցվել, հայկական արձանագրությունները ոչնչացվել են, բայց ըստ հենց ադրբեջանցիների հաղորդած տեղեկությունների ու տեսագրություն-լուսանկարներիՙ Հյուսիսային Արցախում հայկական հուշարձանների նմուշներ դեռեւս կան:

Արցախի քարտեզագիրքը համեմատական կարգով ներկայացնում է մինչեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ հակամարտությունից հետո նույն տարածքում արված ուսումնասիրությունները, չափագրումներն ու լուսանկարները:

Վկայակոչելով օտարազգի քարտեզագիրներինՙ այս աշխատությունը նորից ու կրկին ապացուցում է, որ Արցախ աշխարհը հայոց պատմական հայրենիքի բաղկացուցիչ հատվածն է: Սամվել Կարապետյանը հույս է տածում, որ Արցախի բանակցային սեղանին կդրվի այս քարտեզագիրքըՙ որպես պատմական վկայություն: Զենքը ստեղծված է. մնում է, որ մեր քաղաքական գործիչներն այն օգտագործելու ցանկություն ու նպատակ ունենան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ