ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ... ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱՎ ԹԵՀՐԱՆԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Բաքվում իսլամական խաղերին ընդառաջ Իլհամ Ալիեւը մուսուլմանական երկրներին կոչ արեց խզել Հայաստանի հետ հարաբերությունները, որովհետեւ «Ղարաբաղում հայերը պայքարում են ոչ միայն Ադրբեջանի պատմության եւ ազգային ինքնության, այլեւ իսլամական քաղաքակրթության եւ ավանդույթների դեմ»: Որպես այդ հարցում ընդօրինակելի` նա առանձնացրեց Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան, երկրներ, որ դիվանագիտական հարաբերություններ չունեն Հայաստանի հետ: Դրանից կարճ ժամանակ անց նա հայտնվեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, որտեղ ԱՄՆ նախագահը կլոր սեղանի շուրջ էր հավաքել Պարսից ծոցի եւ հետխորհրդային տարածքի մի շարք իսլամադավան պետությունների առաջնորդներին: Ալիեւը Թրամփի ուշադրությանը չարժանացավ: Այդ դերը վերապահված էր Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահներին, որոնց հետ Թրամփը հանդիպեց առանձին-առանձին: Հայտնի չէ, թե ինչով է զբաղվել Ալիեւը Էր-Ռիադում, բայց գիտենք, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ հետ 110 միլիարդ դոլարի սպառազինությունների պայմանավորվածության է եկել: Բացառված չէ, որ որոշ զինատեսակներ Էր-Ռիադը խոստացել է հետագայում վերավաճառել Ադրբեջանին: Թեհրանում հունիսի 7-ին առնվազն տասներկու մարդու կյանք խլած ահաբեկչությունների առթիվ մեկնաբանություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ դրանք «ունեն արտաքին հետագիծ»: Վերլուծաբանները ոչ առանց հիմքի ենթադրում են, որ տարածաշրջանում համարձակ գործելու քարտ-բլանշ ԱՄՆ-ից ստացել է Սաուդյան Արաբիան: Մյուս երկրները «ոգեւորված են Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերմունքից»: Չխորանալով խնդրի մանրամասնություններում, նկատենք մի հանգամանք. եթե ադրբեջանական կողմի ընկալումներում Սաուդյան Արաբիան բարեկամ երկիր է, որովհետեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում, ապա Իրանը համարվում է «իսլամական համերաշխությունը խախտող եւ Հայաստանի զավթիչ քաղաքականությանը սատարող» երկիր: Այս հարթությունում Իրանը դիտվում է որպես գրեթե թշնամի, հետեւաբար նրա նկատմամբ գործում է «որքան` վատ, այնքան` լավ» սկզբունքը: Ադրբեջանում, ինչ խոսք, կան խմբեր եւ անհատներ, որոնք Իրանի հետ հակամարտությունը համարում են անարդյունավետ: Այդուհանդերձ, մասնագետները տագնապով նշում են, որ վերջին տասնամյակում Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են իսլամի սուննի աղանդը տարածելու քաղաքականություն: Դա նպատակադրվածություն է, որով Բաքուն իրեն ապահովագրում է շիա Իրանի ազդեցությունից: Թեհրանի ահաբեկչությունից հետո ադրբեջանական մամուլի սրված հետաքրքրությունը եւ հանգամանքը, որ Իրանի նախագահի անունով Իլհամ Ալիեւի ցավակցական հեռագիրը տարածվեց միայն օրվա վերջին, խիստ կասկածելի են թվում: Այս առումով ուշագրավ մեկնաբանություն է արել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր եւ իրանագետ Արազ Ալիզադեն: Նա չի կասկածում, որ ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետությունը», «ավելի ճիշտ` նրա այն թեւը, որին ղեկավարում է Սաուդյան Արաբիան»:(https://haqqin.az/news/102132) Ստացվում է հետաքրքրական դիսոնանս. Ադրբեջանի նախագահը գովաբանում է Սաուդյան Արաբիային, խորացնում այդ երկրի հետ համագործակցությունը, իսկ ադրբեջանցի խորհրդարանականը մեղադրանք է հնչեցնում բարեկամ պետության հասցեին` չկասկածելով, որ Թեհրանի ահաբեկչությունները կազմակերպել է «Իսլամական պետության»` Էր-Ռիադից ղեկավարվող թեւը: Այսինքն, Արցախի հարցում Ադրբեջանը օժանդակություն է ակնկալում մի երկրից, որը միջազգային ահաբեկչության հովանավորներից, թերեւս, ամենագլխավորն է: Թեհրանի ահաբեկչություններն, ինչպես ասացինք, տասնյակից ավելի մարդկային կյանք են խլել, կան ավելի քան քառասուն վիրավորներ: Մարդկային կորուստների եւ կրած նյութական ու բարոյական վնասների համար Իրանի բարեկամ ժողովուրդն արժանի է աջակցության, մենք նրա հետ միասին ցավում ենք կատարվածի համար եւ դատապարտում ահաբեկչությունը: Դա փորձություն է, որի շուտափույթ հաղթահարումը Իրանի հնարավորությունների եւ կամքի սահմաններում է: Բայց կատարվածը նաեւ Իրանի համար բացում է կանխարգելիչ քայլերի դաշտ: Այս իմաստով Ադրբեջանը կարող է հայտնվել շատ անհարմար վիճակում. կա՛մ Ալիեւը կսառեցնի Սաուդյան Արաբիայի հետ քաղաքական մեղրամիսը, կա՛մ ստիպված կլինի բացատրություններ տալ Իրանին: Որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե ինչ եղավ հետո, երբ Իրանի խորհրդարանում կրակոցներ հնչեցին եւ պայթյուններ որոտացին իմամ Խոմեյնիի դամբարանում... |