ՎՐԱՍՏԱՆԻ ՉՈՒՇԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Մեր նախորդ հոդվածում (http://www.archive.azg.am/AM/2017060205) կարծիք էինք հայտնել, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առեւանգման հետ կապված դեպքը սեւ բիծ է Վրաստանի դեմքին, որը մաքրելու համար ժամանակ եւ ահռելի ջանքեր են պետք լինելու: Խոստովանենք, որ թերագնահատելի էինք հարեւան երկրի հաստատակամությունը, նրա իշխանությունների օպերատիվությունը: Անցել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ, իսկ արդեն հայտնի է, որ Մուխտարլիի գործով հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին : Ի մասնավորի, նա ասել է, որ այն հարված է հասցնում երկրի հեղինակությանը: «Կատարվածի կապակցությամբ հետաքննություն է սկսված, եւ մեր պետության շահն է, որպեսզի գործընթացը լինի առավելագույնս թափանցիկ: Այդ իսկ պատճառով իրավապահ կառույցները ակտիվ կոմունիկացիաների մեջ են ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ եւ արտահայտում են բաց համագործակցության պատրաստակամություն»,- ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ, որը փոխանցել է «Թուրան» գործակալությունը: (http://www.contact.az/ext/news/2017/6/free/politics%20news/ru/62865.htm) Ճիշտ է, նրա խոսքից հասկացվում է, որ վրացական իշխանությունները գործում են միջազգային կազմակերպությունների եւ Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի առանձին ներկայացուցիչների, ամենայն հավանականությամբ` արեւմտյան երկրներից, լուրջ անհանգստության համատեքստում, բայց տվյալ պահին պետք չէ մտասեւեռվել դրա վրա: Գլխավորն այն է, որ Թբիլիսիիՙ Բաքվին հասցեագրված պատասխանը չի ուշացել եւ հնչել է այն պահին, երբ երկու երկրները Թուրքիայի հետ միասին համատեղ զորավարժություններ են անցկացնում: Այդ մասին է, հավանաբար, Վրաստանի վարչապետի հետեւյալ ակնարկը. «Մենք բավական բարդ ճանապարհ ենք անցել եւ հանդիսանում ենք իրավական, ժողովրդավարական երկիր, որը ձգտում է եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին, կիսում նրանց արժեքները, ճանաչում օրենքի գերակայությունը եւ պաշտպանում մարդու իրավունքները: Մենք ոչ մի գնի դիմաց չենք զիջի այդ նվաճումները եւ ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր մարդու, անկախ այն բանից` նա որ երկրի քաղաքացի է կամ ինչ քաղաքական հայացքների կրող, լիովին պաշտպանված լինեն»: Պարզ է, որ Վրաստանի վարչապետը նկատի ունի Ադրբեջանի հետ տնտեսական առումով բավական շահավետ հարաբերությունները, բայց եւ հասկացնում է, որ դա այն գինը չէ, ինչի դիմաց Վրաստանը կարող է հաշտվել միջազգային ասպարեզում իրավական եւ ժողովրդավարական երկրի վարկի կորստյան հետ: Եթե Կվիրիկաշվիլիի խոսքը դիվանագիտականից փոխանցվի առօրեականի, ապա պիտի ասենք, որ դա մի շառաչուն ապտակ է Ալիեւին: Պաշտոնական Թբիլիսին այդպիսով իրեն լիովին տարանջատում է Բաքվի բռնատիրական վարչախմբից եւ կանգնում քաղաքակիրթ երկրների շարքում: Այդուհետեւ Ադրբեջանի հետ համագործակցության որեւէ քայլի գնալուց առաջ Վրաստանը պարտադիր ծանրութեթեւ է անելու բոլոր թեր եւ դեմ կողմերը: Դա է վկայում Վրաստանի վարչապետի բաց դիմումը երկրի նախագահին` բացառության կարգով եւ հնարավորինս կարճ ժամկետում Աֆղան Մուխտարլիի կնոջը եւ երեխաներին քաղաքացիություն շնորհելու միջնորդությամբ: Մեկ այլ տեղեկատվության համաձայն, Վրաստանի ՆԳՆ Մուխտարլիի կնոջն առաջարկել է իրեն եւ երեխաներին անվտանգության միջոցներ տրամադրել: Դրանով Վրաստանի ՆԳՆ խոստովանում է, որ Մուխտարլին առեւանգվել է, եւ կա սպառնալիք, որ նույնը կարող է կատարվել նաեւ նրա կնոջ եւ երեխաների հետ: Այս ամենը, սակայն, հարցի մի կողմն է: Մյուս եւ, մեր կարծիքով, ավելի կարեւորն այն է, որ Վրաստանը ձեռնարկում է իր տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործունեությունն այսուհետեւ արգելափակելու քայլեր: Դա պետք է ավելի վաղ արվեր, բայց ինչպես ասում են` լավ է ուշ, քան` երբեք: Վրաստանը պարտավոր է վերականգնել Թբիլիսիի տարածաշրջանային եւ միջազգային կարեւորությունը: Վրաստանի վարչապետի հայտարարության իմաստն իր երկրի վարկանիշի հանդեպ խորին մտահոգությունը եւ այն հետեւողականորեն պաշտպանելու պատրաստակամությունն է: Անշուշտ, Մուխտարլիի հետ կապված միջադեպը ծանր է անդրադառնալու վրաց-ադրբեջանական հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետագա համագործակցության վրա: Վրաստանը, թերեւս, ստիպված է լինելու վերանայել նաեւ Թուրքիայի հետ որոշ հարաբերություններ` նկատի ունենալով թուրք-ադրբեջանական սերտ կապերը: Իսկ եթե ընդհանրացնելու լինենք, ապա Մուխտարլիի առեւանգումը Բաքվի վարչախմբի համար նմանվում է «սեփական աչքը հանելուն»: Համենայն դեպս` վրացական ուղղությամբ դա այդպես է: Շատ հավանական է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները տեւական ժամանակ այլեւս չեն վերադառնա նախկին մակարդակին: Իսկ այդ դեպքում Ադրբեջանը կկորցնի շատ ավելի, քան Մուխտարլիի առեւնագմամբ ստացել է Իլհամ Ալիեւը: |