RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 15231, Տպվել է` 1156, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԺՇԿԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ. ՄԱՍՈՒՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Պրոֆեսոր Վահան Արծրունու 160-ամյա հոբելյանին ընդառաջ

ՆՎԻՐՈՒՄ Ո՛Չ ՄԻԱՅՆ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՎ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ, ԱՅԼԵՎՙ ՍՐՏՈՎ ՈՒ ՄՏՔՈՎ

Նա 1920-ականներին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով գիտության, մշակույթի, կրթության ոլորտի հայազգի այլ երեւելիների հետ վերադարձել է Հայաստանՙ այնտեղ հաստատվելու վճռականությամբ: Նա ոչ միայն հիմնադրել ու ղեկավարել է Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը (1922թ.), իսկ մի փոքր ուշՙ նաեւ նորաբաց Բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնը (1926թ.), այլեւ «Մարդու մարմնակազմություն» հայալեզու առաջին դասագրքի եւ «Ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների բառարանի» հեղինակն է (նրա մահից հետո բառարանը վերահրատարակել է բժշկապետի քրոջ դուստրըՙ Խ. Հայաստանի առաջին կին երկրաբան, ականավոր գիտնական Սիրան Տիգրանյանըՙ 1950-ականներին), որն իր տեսակի մեջ եզակի է մինչեւ այսօր: Նա նամակագրական կապի մեջ է եղել եվրոպական խոշորագույն գիտնականների հետ, հետաքրքրվել հոգեբուժության ամենառաջադեմ մեթոդներով (հրատարակել է «Հիպնոտիզմ» երկհատորյակը), ինչպես նաեւ կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, հանդես եկել գրախոսականներով: Ծերունազարդ Էմիլ Զոլայի հետ նրա նամակագրության արդյունքում Արծրունին գրել է «Էմիլ Զոլայի նատուրալիզմը» աշխատությունը, դարձել է վերջինիս ստեղծագործությունների առաջին հայերեն թարգմանիչը: Այս ամենի հետ մեկտեղ զբաղվել է նկարչությամբ, երաժշտությամբ, բեմադրություն կատարել Թիֆլիսի «Արծրունու թատրոնում»: Բժշկապետ Վահան Արծրունու գործունեության միայն մեկ մասն է սաՙ դպրոցական հիգիենիստ, սանիտարական բժիշկ-համաճարակաբան, քիթ-կոկորդ-ականջաբույժ, լուսավորիչ, հրապարակախոս, մանկավարժ, կազմախոս, լեզվաբան-տերմինաբան, հրատարակիչ, թանգարանագետ, գրող-վիպասան, գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր, որը գնահատված էր ու սիրված իր կենդանության օրոք (Կարմիր դրոշի շքանշանակիր, Աշխատանքային արիության համար» մեդալ):

Սակայն որքան նվիրական է նրա ապրած կյանքը, նույնքան անհավանական կտակը. բժշկապետն իր alma mater-ին է կտակել իր ուղեղն ու սիրտըՙ իբրեւ գիտությանն ու կրթությանը անմնացորդ նվիրումի եւ անաչառ ծառայության խորհրդանիշ, եւ քանի որ նա պրակտիկ բժիշկ էրՙ նաեւ որպես ուսումնական պրեպարատՙ ապագա բժիշկների համար: Այդպիսին էին նրանքՙ հայ գիտության ու մշակույթի այդ սերնդի կերտողներըՙ նվիրում ո՛չ միայն ամբողջ կյանքով ու առաքելությամբ, այլեւՙ սրտով ու մտքովՙ նաեւ բառի բուն իմաստով: Այսօր Վ. Արծրունու բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության եւ կրթության սկզբնավորման գործում: Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պրոֆեսորի վախճանից հետո իր իսկ ստեղծած Մարդու անատոմիայի թանգարանը կրում է Վահան Արծրունու անունը: Բժշկական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի լավագույն առաջադիմությամբ ուսանողներին շնորհվում է Վահան Արծրունու անվանական կրթաթոշակ: Բժշկապետի աճյունը հանգչում է Երեւանի քաղաքային Պատվո պանթեոնում:

2017 թ. հունիսի 10-ին կլրանա Վահան Արծրունու(1857-1947) 160-ամյակը:

ԱՆԲԻԾ ԿՈՍՏՅՈՒՄՈՎ ՈՒ ԿՈԿԻԿ ՀԱԳՆՎԱԾՙ ԱՆԳԱՄ ԱԽՈՌԻ ԲԱԿՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼԻՍ

«Գալով Երեւանՙ նա տեղափոխել էր նաեւ իր գրադարանը, կահույքը, բժշկական բոլոր գործիքները: Սովետական անշուք իրականության մեջ վերստեղծել էր իր հոգուն ու աչքին հաճելի միջավայր: Անգամ խոհարարին էր հրավիրել, որը մինչեւ Հայրենական պատերազմի սկիզբը ֆրանսիական խոհանոցի կերակրատեսակներն էր պատրաստում Արծրունու համար: Երբ 1922թ. բացվել է Համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի անատոմիայի ամբիոնը տեղակայվել էր նախկին լվացքատան խարխուլ շենքումՙ ախոռի հարեւանությամբ, դասերն ընթացել են կերոսինի լամպի լույսի տակ կամ ախոռի բակում, ու չնայած նման պայմաններին, բժշկապետը միշտ աշխատանքի է եկել անբիծ կոստյումով, կոկիկ հագնվածՙ նույնն էլ պահանջելով իր ուսանողներից: Արծրունին բժշկական ինստիտուտ գալիս էր ֆայտոնով: Մայրս պատմում էր, որ երբ նա գնում էր քննությունների, իր հետ միշտ վերցնում էր երկու տուփ, մեկի մեջՙ թանկարժեք շվեյցարական շոկոլադ, իսկ մյուսի մեջՙ սիգարներ, որոնք հատուկ գնում էր տորգսինից (1930-ին գործած խորհրդային հատուկ առեւտրական կազմակերպություն - Ա. Ա.): Քանի որ նրա մոտ քննություն անցնելը շատ դժվար էր, գերազանց գնահատական ստանալու դեպքում աղջիկներին «պարգեւատրում էր» շոկոլադով, իսկ տղաներին հյուրասիրում էր սիգար: Սակայն դրա հետ մեկտեղ նա պահպանում էր հարաբերությունների էթիկան. ուսանողներին դիմում էր դուք-ովՙ դրանով իսկ բարձր օրինակ ծառայելով վերջիններիս: Բժիշկների եւ գիտնականների առաջին սերունդը ձեւավորեցին Վ. Արծրունին եւ իր գործընկեր պրոֆեսորներըՙ Համբարձում Քեչեկը, Լեւոն Հովհաննիսյանը, Սպանդարատ Կամսարականը, Գրիգոր Արեշյանը, Աբգար Իսահակյանը եւ այլք»,- պատմում է Վահան Արծրունու ծոռըՙ երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, որն ի պատիվ նախապապի վերջինիս անունն է կրում եւ իր առաջին կրթությամբ նույնպես բժիշկ է: -«Դեռ դարասկզբից նա ո՛չ միայն անվճար բուժել է, այլեւ սեփական միջոցներով հրատարակել է «Առողջապահիկ» թերթը, որը շուկաներում եւ հրապարակներում անվճար բաժանվել է ժողովրդին: Այնտեղ նկարագրված էին բոլոր հիվանդությունների եւ վարակների ախտանիշները, քանի որ այդ տարիներին ժողովուրդը սովորություն չուներ բժիշկների օգնությանը դիմելու, իսկ Երեւանում տարածված էին մալարիան, տիֆը եւ այլ վարակիչ հիվանդություններ: Մարդիկ կարդում էին այդ թերթը, ինքնուրույն ախտորոշում իրենց հիվանդությունները, հասկանում դրա լրջության չափը եւ անմիջապես դիմում էին բժշկական օգնության»:

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՈՐ ՄԻԿՈՅԱՆԻ ՔԹԻ ԾԱԿԸ ՉԲԱՑԵԻ, ՀԻՄԱ ԳԻՏԵՔ, ՉԷ՞, ԻՆՉ ԾԱԿՈՒՄ ԷԻՆՔ ԲՈԼՈՐՍ..»

Տունը, որտեղ ապրում է բժշկապետի ծոռն իր ընտանիքով, քաղաքում առաջին «մասնագետների շենքերից» մեկն է եղել, որը 1927-ին բնակեցվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմով: Ցավոք, տասը տարի անց այն գրեթե դատարկվել է. աքսորների եւ ստալինյան բռնաճնշումների հետեւանքով հաշված ընտանիքներ են մնացել շենքում, որոնցից մեկը բժշկապետ Արծրունու ընտանիքն էր: 1916-ին, երբ դեռ Արծրունին Էջմիածնի ճեմարանում գլխավոր սանիտարական բժիշկն էր, մի միջադեպ է տեղի ունեցել նրա կյանքում, որն էլ հետագայում ճակատագրական դեր է խաղացել Արծրունիների տոհմի շառավղի պահպանման հարցում: Անաստաս Միկոյանի քիթը ինչ-որ ծեծկռտուքում վնասվել էր, եւ քանի որ Արծրունին բուն մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբույժ էր, հենց նրան են դիմել Միկոյանի քիթը վիրահատելու համար: «Չարագույժ 1937-ին որպես ազգի թշնամի ձերբակալել են տատիկիս, իսկ 10 տարեկան մայրիկիս հանձնել են հատուկ ազգի դավաճանների երեխաների համար նախատեսված մանկատուն: Պրոֆեսորը նամակով դիմել է Միկոյանին, հիշեցրել նրա հետ կապված միջադեպը եւ միայն այդպիսով կարողացել է ստալինյան դժոխքից փրկել տատիկին եւ մայրիկին: Հաճախ կատակում էր. «Ժամանակին, որ Միկոյանի քթի ծակը չբացեի, հիմա գիտեք, չէ՞, ինչ ծակում էինք բոլորս,- հիշում է երաժիշտ Վահան Արծրունին: -Պետք է նշեմ, որ ես ամբողջովին վերականգնել եմ պապիկիս աշխատասենյակը այն տեսքով, որը եղել է իր կյանքի օրոք: Այնտեղ եմ տեղափոխել Փարիզից բերած իր կահույքը, գրադարանը, աշխատությունները, բոլոր անձնական իրերը, հին լուսանկարները, «Սորբոնի բանալին», որը խորհրդանշում է համալսարանի դռների մշտապես բաց լինելը փայլուն շրջանավարտի համար: Սենյակում 21-րդ դարի գրեթե ոչինչ չկա, տիրում է իր եւ իր գերդաստանիՙ Արծրունիների փառապանծ տոհմի շունչն ու ոգին»:

Բժկապետը նաեւ մի շարք գեղարվեստական գործերի հեղինակ է, հայտնի են նրա «Մատնիչ» վեպը եւ այլ արձակ ստեղծագործությունները, որոնք բժշակապետի հոբելյանի առիթով ծրագրում են վերահրատարակել ընտանիքի անդամները:

ՄԱՀԱՑՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌ

Ոչ պակաս հետաքրքրական է բժշկապետի մասնագիտության ընտրության պատմությունը: Ապագա բժշկի ուսման խնդիրներով զբաղված էր հորեղբայրը` Բարսեղ աղա Արծրունին: Վ. Արծրունին բնավորությամբ շատ ըմբոստ է եղել եւ դեռ դպրոցական տարիներին առնչություններ է ունեցել սոցիալ-դեմոկրատական որոշակի խմբակների հետ. հայացքներով լիբերալ էր, բացահայտ արտահայտում էր հակացարական տրամադրություններ: Այս պատճառով ցարական կառավարությունը նրան տվել է «դեղին տոմս», ինչը նշանակում էր, որ Ռուսաստանի կայսրության տարածքում որեւէ համալսարանում իրավունք չուներ կրթություն ստանալու: Եվ Բարսեղ աղան, որը տոհմի նահապետն էր, հեգնանքով ասել է. «Դե... եթե չի կարող սովորել Ռուսաստանում, մենք էլ կուղարկենք Ֆրանսիա»: Եվ այդպես, 1880թ. քսաներեքամյա երիտասարդը հայտնվում է Սորբոնի համալսարանում: Կլիմայական փոփոխության, թե՞ այլ պատճառով, ապագա բժիշկը հիվանդանում է, ախտորոշումը հավասարազոր էր մահվան դատապարտմանՙ տուբերկուլյոզ, այդ ժամանակների համար անբուժելի հիվանդություն: Սակայն բախտը նրան ժպտում է. փայլուն վիրահատությունը, որի ընթացքում հեռացնում են նրա ախտահարված թոքը, երիտասարդին նոր կյանք է պարգեւում, եւ այս վճռորոշ իրադարձությունը վերջինիս դրդում է մինչեւ կյանքի վերջը նվիրվել բժշկությանը, հիգիենայի տեսությանը եւ սանիտարական ծառայության խնդիրներին: Նա իր կյանքի օրինակով ցույց տվեց, որ մեկ թոք ունենալով էլ կարելի է ապրել երկար ու առողջ եւ օգտակար լինել մարդկությանը: «Մայրիկս պատմում էր, որ պապիկս պարտադրում էր իրենՙ երիտասարդ աղջնակին, քայլել իր մեջքի վրայովՙ ոտքերով մերսելու նպատակով: Մինչեւ խորը ծերություն նա զբաղվում էր մարմնամարզությամբ, ամեն առավոտ` ամառ թե ձմեռ, սառը ջրով ցնցուղ էր ընդունում եւ մինչեւ վերջին օրը աշխատում էր իբրեւ գիտնական: Նրա ո՛չ ուղեղն էր մթագնել, ո՛չ մարմնով էր տկարացել, ո՛չ էլ որեւէ հիվանդություն ուներ: Պարզապես մի սովորական օր, երբ նա աշխատելիս է եղել իր բառարանի վրա, ցերեկը ննջելու ցանկություն է հայտնել, ինչը շատ տարօրինակ էրՙ իր սովորություններից դուրս: Նա պառկել է եւ տատիկիս խնդրել, որ լույսը մարի: Տատս զարմացել էՙ ասելով, թե լույսն ինչպե՞ս անջատեմ օրը ցերեկով, սակայն որոշել է փակել վարագույրները... Պապիկս քնել է ու այլեւս չի արթնացել, նա 90 տարեկան էր»,-պատմում է երաժիշտ ծոռը:

Ժամանակին Վահան Արծրունու հոբելյանները արժեւորել ու տոնել են ըստ պատշաճի: Ծննդյան 100-ամյակը նշվել է մեծ շուքով եւ կառավարական մակարդակով, բժշկական ինստիտուտում կազմակերպվել են գիտական կոնֆերանսներ: Արծրունին Հայաստանի գիտության եւ կրթության համալսարանական գործի եւ բժշկական համալսարանի պատմության ակունքն է, խորհրդանիշներից մեկը, հետեւաբար նրան հիշելը ոչ միայն շատ կարեւոր է որպես դաստիարակչական լծակ հենց ապագա բժիշկների համար եւ պատմական հիշողությանը տուրք տալու իմաստով, այլեւ որպես բարոյական օրինակՙ իր ազգապահպան նշանակությամբ: Վահան Արծրունին այն բացառիկ տեսակն է, որով կարելի է չափել նվիրվածությունը ժողովրդին ու գիտությանը: Շա՞տ են արդյոք նրանք, որոնք իրենց սիրտն ու ուղեղն են կտակել ապագա սերունդներին:

Հուսով ենքՙ այն գեղեցիկ ավանդույթը, որը ժամանակին հաստատվել է Համալսարանի հիմնադիր երախտավորների հոբելյանները նշելու առիթով, կրկին կվերականգնվի, եւ բժշկապետի հոբելյանը գոնե այս տարվա ընթացքում կնշվի այնպես, ինչպես որ վայել էր նրա ապրած կյանքին ու անգնահատելի ժառանգությանը: Մեր մտահոգությունն անհիմն չէ, քանի որ, ցավոք, Արծրունու 150-ամյակն առհասարակ անտեսվել է թե՛ կրթության, թե՛ առողջապահության նախարարությունների եւ թե՛ Պետական համալսարանի ու Բժշկական համալսարանի կողմից... իսկ վաղը կլրանա բժշկապետի 160-ամյակը, եւ դարձյալՙ խոր լռությո՞ւն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ