Ի ՃԱՆԱՉՈՒՄՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ Ararat Asociacion Իսպանիա Եվս մեկ ապտակ Թուրքիային Իսպանիայի կողմից: Եվ այսպես Սուեկան դարձավ Իսպանիայի 28-րդ քաղաքը, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սուեկայի քաղխորհուրդը կազմող 5 կուսակցությունները, Կոմպրոմիսը, Սիուդադանոսը, Սոցիալիստական եւ Ժողովրդական կուսակցություննները եւ Պոդեմոսը կողմ քվեարկեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագրին, որը ներկայացրել էին Սուեկայում միության ներկայացուցիչներ Էլլա Ղազարյանը եւ Արարատ Առաքելյանը: Բանաձեւը նիստում պաշտպանեց քաղաքապետ Ռակել Տամարիտը: Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությանն ուղղված քննադատական ելույթներով հանդես եկան նաեւ խորհրդի մյուս ներկայացուցիչները, հորդորելով Իսպանիայի կենտրոնական իշխանությանը հետեւել իրենց օրինակին: Շնորհակալական խոսքով հանդես եկավ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը , ով պատմական համարեց Սուեկայի այս քայլը եւ խնդրեց միասնաբար պայքարել արդարության հաստատման եւ ցեղասպանության միջազգային ճանաչման համար: |