ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս «ԿԱՏԱՐԸ» ԴԱՐՁԱՎ ՔԱԹԱՐ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մայիսի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Քաթարի պետություն: Մայրաքաղաք Դոհայի օդանավակայանում բարձր մակարդակի ընդունելության արժանանալուց հետո, արդեն հաջորդ օրըՙ մայիսի 15-ին, Սերժ Սարգսյանին ընդունեց եւ նրա հետ առանձնազրույց ունեցավ Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին: Մինչ այդ, էմիրի դիվանում տեղի էր ունեցել ՀՀ նախագահի ընդունելության արարողություն, որն, ինչպես ականատեսներն են պատմում, ոչ պակաս մեծ շուքով է անցել, որքան Դոհայի օդանավակայանում ընդունելությունը: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը էմիրին շնորհակալություն է հայտնել այդքան ջերմ ընդունելության համար եւ նրան հրավիրել է Հայաստան: Էմիրն ընդունել է հրավերը եւ մոտ ապագայում կժամանի մեր երկիր: Շատ կարեւոր է, որ էմիրի հետ զրույցում ՀՀ նախագահը շեշտել է, որ ինքը Քաթարում է, քանի որ Հայաստանն անչափ կարեւորում է արաբական աշխարհի հետ շփումները, հարաբերությունների զարգացումը, որոնք, ի դեպ, դարերի պատմություն ունեն եւ միշտ էլ Հայաստանի համար եղել են առանձնահատուկ: Կոնկրետ Քաթարի հետ, ինչպես նշել է նախագահը, ՀՀ-ն շահագրգռված է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ակտիվացմամբ եւ բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Բարձրաստիճան զրուցակիցները հատուկ շեշտել են, որ տարեց տարի ավելանում է Ծոցի երկրներից, հատկապես Քաթարից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը եւ այս համատեքստում քննարկել են մուտքի երկկողմ ազատականացման մասին համաձայնագիրը: Մի անչափ կարեւոր դրվագ եւս. հանդիպումից հետո, ի պատիվ ՀՀ նախագահի, էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Շատ համեղ: Նույն օրը Սերժ Սարգսյանը Քաթարում հանդիպել է «Քաթար էյրուեյզ» ավիաընկերության գործադիր տնօրեն Աքբար ալ Բաքրիի հետ: Իմիջիայլոց, այս ավիաընկերությունը 2016-ի մայիսից իրականացնում է կանոնավոր ավիափոխադրումներ Երեւան-Դոհա-Երեւան ուղղությամբ: Հայաստանի նախագահը Ալ Բաքրիին ասել է, որ Հայաստանը կողջունի եւ կաջակցի մեր տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվումՙ ավիացիոն բնագավառում քաթարցի ներդրողներին: Հենց այս խոսքի վրա էլ, Ալ Բաքրին ասել է, որ ինքն արդեն իսկ Քաթարի էմիր, Նորին Գերազանցություն Թամիմ բին Համադ Ալ Թանիից ստացել է հատուկ հանձնարարություն Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու վերաբերյալ եւ վստահեցրել է, որ ինքն անձամբ կանի ամեն ինչ, որպեսզի կատարի էմիրի հանձնարարությունը: Ալ Բաքրին, իր հերթին ասել է, որ ինքը տեսնում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման հնարավորություն: Հիմա դուք հավանաբար կզարմանաք, թե ինչո՞ւ եմ Հայաստանի նախագահիՙ մեկ ամիս առաջ Քաթար կատարած այցին հիմա անդրադառնում: Բանն այն է, որ այս օրերին 7 երկիր, որոնցից 6-ըՙ արաբական, Քաթարի հետ խզեցին դիվանագիտական կապերը: Այդ երկրներն են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եմենը, Լիբիան (ի դեմսՙ անցումային կառավարության), եւ Մալդիվյան կղզիները: Բոլոր այս երկրները Քաթարից հետ են կանչել իրենց դիվանագետներին ու քաղաքացիներին: Ինչպես նշում են հիշյալ երկրները, իրենք Քաթարի հետ խզում են հարաբերությունները (ոչ միայն դիվանագիտական), քանի որ Քաթարը, ուշադրություն, «2012-ից ի վեր «Մուսուլման եղբայրներ» շարժման լիբիական մասնաճուղի եւ այլ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների զենքի մատակարարման հիմնական աղբյուրն է եւ վտանգ է ներկայացնում արաբական աշխարհի ազգային անվտանգությանը»: Այս իրարանցումից հետո ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը արաբական աշխարհին համախմբելու կոչով հանդես եկավ, նշելով, որ այդ համախմբումն անչափ կարեւոր է տարածաշրջանի եւ առհասարակ ողջ աշխարհի համար: Իմիջիայլոց, Քաթարի մեկուսացումից հետո, նավթը թանկացավ ու հավանաբար հենց սա է առավելաբար անհանգստացրել պարոն Թիլերսոնին: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը անհրաժեշտ չի համարում միջամտել արաբական աշխարհի իրադարձություններին: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Քաթարն ինքը: Այդ երկրի ԱԳՆ-ն սոցցանցի իր էջում նշեց, որ Քաթարին ուղղված արաբական աշխարհի բոլոր մեղադրանքները անհիմն են: Իսկ այդ հայտարարությունների անհիմն լինելու հիմքերը Քաթարն, իհարկե, չներկայացրեց: Հիմաՙ ամենակարեւորի մասին: Չգիտե՞ր արդյոք Հայաստանը, Բաղրամյան 26-ում աշխատող ինչ-որ մեկը, մանավանդ նախագահի համար լուրջ աշխարհաքաղաքական վերլուծություններ ներկայացնող հմուտ եւ բանիմաց փորձագետներից որեւէ մեկը, որ Քաթարը 2012-ից ի վեր... Լավ, ենթադրենք արաբական աշխարհը սխալվում է, որ Քաթարն ամենեւին էլ ահաբեկիչներին չի աջակցում, այն էլՙ զենքով, բայց Բաղրամյան 26-ում չգիտեի՞ն, չէի՞ն զգում, կանխատեսում, հասկանում, որ արաբական աշխարհը շուտով մեկուսացնելու է Քաթարին, եւ այն, որ այդ երկիրը համարվում է «Ծոցի մարգարիտ», չի փրկելու իրեն: Եթե չգիտեին, ուրեմն այդ փորձագետներն ամենեւին էլ հմուտ չեն, ինչը տվյալ պարագայում կարող է անչափ ծիծաղելի ու անհարմար դրության մեջ դնել Հայաստանին, իսկ եթե գիտեին, ուրեմն ինչո՞ւ չեն ասել նախագահին, որպեսզի Հայաստանը ծիծաղելի եւ անհարմար դրության մեջ չհայտնվի: Գոնե Քաթարի հետ ազատ ելումուտ սահմանող միջպետական համաձայնագրի ժամանակ մեկն ասերՙ պետք չէ ստորագրել... Դուքՙ չգիտեմ, բայց ես հակված եմ այն մտքին, որ նախագահի համար աշխատող փորձագետների բանակը չի իմացել, որ Քաթարը, մեղմ ասած, «կասկածելի» երկիր է, կամ էլ իմացել է, բայց չի ասել: Ունեմ անգամ դրա ապացույցը: Բանն այն է, որ արաբական այդ երկիրը հայերեն գրվում է Քաթար, ոչ թե Կատար, ինչպես գրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում: Ու եթե Բաղրամյան 26-ում չգիտեն, թե ինչպե՞ս է հայերեն ճիշտ գրվում Քաթարը, ուրեմն որտեղի՞ց իմանան, որ այդ երկիրը 2012-ից ի վեր... Չնայած, չի բացառվում, որ նախագահի կայքը հատուկ դիվանագիտական հնարք է կիրառելՙ այդ երկրին կոչելով Կատար: Եթե որեւէ մեկը ծիծաղի Հայաստանի վրա, կամ պահանջի խզել կապերը Քաթարի հետ, Հայաստանն էլ կարող է հայտարարել, որ ինքը կապված է ոչ թե Քաթարի հետ, այլ Կատարի... Սպասենք Նորին Գերազանցություն էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի փոխադարձ այցին Հայաստան, որն անպայման կգա, մանավանդ, որ գնալու տեղ առանձնապես չունի հիմա: Իսկ մինչ այդ քաթարցիներն ազատ ելումուտ կանեն մեր երկիր, քանի որ Հայաստանն անչափ կարեւորում է արաբական աշխարհի, կրկնում եմ, արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումն ու այդ աշխարհի հետ դարավոր բարեկամական կապերի ամրապնդումը: Խմբ. կողմից- Համաձայն չենք մեր աշխատակցի հնչեցրած մեղադրանքին, թե պաշտոնական Երեւանը մայիսի կեսերին պետք է իմանար, բայց չի իմացել, թե ինչ է կատարվելու Քաթարի հետ: Բայց անշուշտ համաձայն ենք, որ հայերեն պետք է գրել «Քաթար» եւ ոչ թե ռուսերենից տառադարձելովՙ «Կատար»: Իրենքՙ արաբները գրում են ՂաԹար (ընդ որումՙ կոշտ «թ» ով), իսկ անգլերեն ու ֆրանսերենՙ Qatar: |