Ո՞ՒՄ Է ՏԵՍԵԼ ԴԵՍՊԱՆ ՍՎԻՏԱԼՍԿԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չորեքշաբթի օրն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկուն: Բաբլոյանը նշել է, որ ինքը, որպես ԱԺ նոր նախագահ, վերահաստատում է, որ Հայաստանը շահագրգռված է բոլոր ոլորտներում խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ու Եվրոպան միեւնույն արժեհամակարգը կրողներ են: Սվիտալսկին, իր հերթին, նշել է, որ Երեւանում իր հարատեւ աշխատանքի ընթացքում ինքը հասկացել է, որ հայերն ավելի եվրոպացի են, քան ԵՄ-ի անդամ որոշ երկրների ներկայացուցիչներ: Թե կոնկրետ ո՞ր երկրների, դեսպանը չի մանրամասնել: Սվիտալսկին, ցավոք, նաեւ չի նշել, թե ինքը Հայաստանում ո՞ւմ է կոնկրետ հանդիպել, որից ստացել է նման տպավորություն: Ի դեպ, մեր երկրում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է, որ շատ է սիրում երեկոյան ժամերին զբոսնել Երեւանի կենտրոնում...Բայց սաՙ իմիջիայլոց: |