ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ Մ. Խ. Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական փաթեթ, որով Հայաստանի համայնքների խոշորացման ծրագրեր են իրականացվելու: Ըստ նախաձեռնության հեղինակ կառավարության ներկայացուցչի` ավելի շուտ խոշորացվում է համայնքների կառավարման համակարգը, որը կբերի ներդրումների, ֆինանսական միջոցների կենտրոնացման ու արդյունավետ բաշխման, իսկ վերահսկողության մեծացման ու կոլեգիալ կառավարման արդյունքում կբարելավվի համայնքների բնակիչների կենսամակարդակը: Փաթեթը, սակայն, միանշանակ չի ընդունվում պատգամավորների կողմից, այն ունի ընդդիմախոսներ` ի դեմս «Ծառուկյան» դաշինքի խմբակցության հատկապես: Նշենք, որ համայնքների զգալի մասում նույնպես դիմադրում են խոշորացմանը` տարբեր մտահոգություններ առաջ քաշելով: Սա ճակատագրական օրինագիծ է Հայաստանի համար, որն էականորեն փոխելու է իրերի դրությունը համայնքներում, բացի այդ` կնշանակվեն նոր ընտրություններ` արդեն խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման նոր մարմիններ ձեւավորելով: Վստահ ենք, որ փաթեթի շուրջ կրքեր դեռ բորբոքվելու են: |