RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3167, Տպվել է` 325, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Մոտավորապես 10 տարի առաջ «Ազգ» օրաթերթում հոդված էի տպագրելՙ «Հայ քաղաքական դաշտի բարոյական թշվառությունը» ընդհանուր վերնագրով: Հոդվածի հիմնական բովանդակությունը Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերից սկսած մինչեւ մեր օրերը (այդ պահի համար 2009թ.) ստեղծված եւ ձեւավորված քաղաքական էլիտայի բարոյական թշվառությունն էր:

Այսինքն, խոսքը իշխանության եկած այն մարդկանց մասին էր, ովքեր իրենց համար կուռք են կարգում պետության ղեկին գտնվող աձին, իսկ իրենց պաշտամունքի առարկա են ընտրում փողը եւ իշխանությունը: Այն ժամանակվա քաղաքական, այսպես կոչված, էլիտայի այդ պահվածքը վաղ թե ուշ պետք է հանգեցներ իշխանության հեղինակության վերջնական անկմանը եւ մարդկանց զայրույթին:

Քրիստոնյային ոչ վայել այդ պահվածքըՙ կռապաշտությունը եւ փողի հանդեպ մոլուցքը հանգեցրել էր նրան, որ իշխանության կերակրատաշտակի մոտ գտնվող անձինք հանուն դրա պատրաստ էին ամեն ինչի, կորցնելով իրենց մարդկային դեմքը եւ նկարագիրը: Նմանատիպ «արժեհամակարգ» ունեցող անձինք վտանգավոր էին ոչ միայն գործող իշխանությունների, այլեւ պետության համար, քանի որ հաստատուն կարծիք էին ձեւավորել բնակչության մի հսկա զանգվածի մոտ, որ միայն այդ «արժեքների» շնորհիվ կարելի է մաս կազմել իշխանական համակարգին:

Հասկանալի է, որ բոլորը չէ, որ ունեին նմանատիպ «որակներ», բայց որ այդ մարդիկ վարկաբեկում էին պետական ամբողջ համակարգը, դա փաստ էր: Քծնանքն ու շողոքորթությունն էին դարձել պետական աստիճանակարգով առաջ շարժվելու հիմնական շարժիչ ուժը: Մասնագիտական որակները երկրորդ պլան էին մղվում, իսկ այդպիսիք ունեցողները միայն երրորդական դիրքերում էին գտնվում:

Հասկանալի է, որ այդ անառողջ մթնոլորտի պայմաններում սպասել ու առավել եւս ակնկալել ինչ-որ զարգացումներ ու էական առաջընթաց կգրանցվի պետությունում, անհնար էր: Այդ իրավիճակը հանգեցրել էր գործող քաղաքական ուժի եւ նրա իշխանության հանդեպ անվստահության, ինչն էլ, հասկանալի կերպով հանգեցրեց իշխանափոխության:

Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց նախագահական աթոռից սահուն կերպով անցում կատարել դեպի իր համար պատրաստված սուպերվարչապետական բազկաթոռին, ապա այդ «օպերացիան» հասկանալի կերպով առաջացրեց բնակչության մի հսկայական հատվածի դժգոհությունը եւ հանգեցրեց «թավշյա հեղափոխությանը»: Հին քաղաքական էլիտան վերջնականապես հեռացվեց քաղաքական թատերաբեմից, արագ կերպով ձեւավորվեց նոր իշխանություն եւ բեմ դուրս եկան արդեն երիտասարդ էլիտայի ներկայացուցիչները:

Թվում էր թե նորերը արդեն պետք է որ դասեր քաղած լինեն նախկինների սխալներից ու փորձեին ձեւավորել քաղաքական նոր մշակույթ ու նոր կանոններ, սակայն այն ինչ տեսնում ենք արդեն այս օրերին, մեղմ ասած, հիասթափեցնող է: Նորօրյա «էլիտարները» իրենց նոր կարգավիճակըՙ բացարձակ իշխանությունը, մի բան, որ չունեին նույնիսկ նախկիններըՙ ընդդիմության փաստացի բացակայությունը, փորձում են օգտագործել ի շահ իրենց, մտածելով միայն սեփական անձի եւ անձնական բարօրության մասին:

Նոր քաղաքական էլիտայի բարոյալքման այս գործընթացը տեղի է ունենում շատ սրընթացՙ այդ իշխանությունը պաշտպանողների եւ աջակցողների ապշահար հայացքի ներքո: Վերջիններիս հիասթափությունը կարող է կործանարար լինել քաղաքական այս նոր խավի համար, եթե վերջիններս ժամանակին չսթափվեն ու քայլեր չձեռնարկեն այս ուղղությամբ:

Առիթ ունեցել եմ գրելու, որ չկիսելով ներկա իշխանության քաղաքական հայացքներն ու տեսակետները, այնուամենայնիվ կարծում եմ, որ վերջիններիս ձախողումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության ձախողմանը եւս: Հիասթափությունը այնքան մեծ կլինի, որ այդ իրավիճակը կարող է սպառնալ պետության զարգացմանը եւ նույնիսկ գոյատեւմանը:

Այս իրավիճակը էլ ավելի է խորանում, երբ պարզ է դառնում, որ նորելուկները «սկզբունքորեն» դեմ են Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, փորձելով վերջինիս դուրս մղել հայկական դպրոցից եւ մեր կյանքից, աջակցում են ընտանեկան ինստիտուտները խաթարող կառույցներին ու իրենց քայլերով նպաստում են Արցախյան պատերազմի հաղթանակները կերտած անձանց ու բանակի մի շարք գեներալների վարկաբեկմանը: Պատերազմի մեջ գտնվող հայկական պետականության համար կարեւոր նշանակություն ունեցող այս կառույցների նկատմամբ հարձակումները թուլացնում են պետության հիմքերը:

Վիճակը էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ պարզվում է, որ հների անբարոյականության դեմ պայքարի անվան տակ իշխանության եկած քաղաքական նոր էլիտան իրեն շրջապատում է նույն այն կոմֆորտով, ինչը հատուկ էր հներին: Երկրում աղքատության բարձր տոկոսի պայմաններում չեն ամաչում եւ ինքն իրենց բարձր վարձատրություն ու հավելավճարներ են նշանակում, եւ այսպես շարունակ:

Պահանջները քաղաքական այս ուժի հանդեպ շատ ավելի մեծ են լինելու քան երբեւէ, եւ փաստացի ընդդիմության բացակայության պայմաններում, նույն այդ ընդդիմությունը կարող է ձեւավորվել փողոցում, ինչը շատ ավելի վտագավոր է ոչ այնքան իշխող վերնախավի, որքան պետության ապագայի հեռանկարով: Քաղաքական այս ուժըՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է փորձի հրաժարվել ընդդիմադիր գործչին հարիր պահվածքից եւ վերջապես զգա պետության համար պատասխանատուի իր դերըՙ գործի ու վարվի համապատասխանաբար:

Այս կառավարությունը պետք է օր ու գիշեր զբաղվի պետության կառուցման գործընթացով, որպեսզի կարողանա գոնե մասամբ բավարարել այն սպասումները, որոնք կան նրանից: Քաղաքական նոր էլիտան պետք է փորձի չկրկնել նախկինի սխալները, իրեն վեր չդասի բոլորից, չօգտագործի իր քաղաքական իշխանությունը ի նպաստ իրեն, իր քաղաքական թիմի կամ ընտանիքի:

Բառացիորեն մի քանի ամիս առաջ իշխանության եկած քաղաքական ուժի այլասերումը կործանարար է բոլորիս համար: «Իշխանությունը մերն է, ինչ կուզենք կանենք» սկզբունքը անընդունելի է, քանի որ մարդկանց համոզում է, որ իրականում տեղի ունեցածը, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը իրականում պարզունակ հեղաշրջում էր բարձրագոչ լոզունգների ներքո:

Կունենա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ նրա շրջապատը այդքան խելք ու հմտություն խուսափելու համար զարգացման վատագույն սցենարներից, թե՞ մենք կարող ենք ականատեսը լինել «թավշյա հեղափոխություն 2» տարբերակին: Փողոցներ փակել բնակչության մի ստվար զանգված սովորել է եւ նույնիսկ հմտացել, մնում է, որ գործող իշխանությունը իր քայլերով դրա առիթը չտա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ