ԶԵՆՔ ՏՈՒՐ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Առաջիկայում 5-րդ ալիքով սպասվում է «Զենք տուր. խաղաղություն եմ ուզում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմն Արցախյան ազատամարտի մասին է, ավելի ճիշտ` պատճառների, ավելի ճիշտ` դրանից խուսափելու, պատվով խուսափելու: Դատողություններ անելով Արցախի հետ կապված վերջին քաղաքական զարգացումների շուրջ, հասկանալի է դառնում, որ վերնագիրը հենց այնպես չէ ընտրված, եւ արդեն մի խիստ կարեւոր, զգաստացնող ասելիք ունի: Մինչ օրս Արցախյան ազատամարտի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, բայց այս ֆիլմը կարելի է միանշանակ տարբեր համարել` իր գաղափարական հարցադրումներով. հերոսը` հայ ժողովուրդը, խաղաղություն է ցանկանում` զենքի միջոցով: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայը խաղաղությունն ավելի շատ խնդրել է, քան` պահանջել ու վաստակել, ինչի մասին պատմում է այս ֆիլմը: Հենց այստեղ է կայանում ֆիլմի բացառիկությունը. զինվենք, որ չկռվենք, զինվենք, որ ցույց տանք` պատրաստ ենք պատերազմի... հաղթելու: Ֆիլմի ստեղծագործական կազմը բավականին երիտասարդ է. սցենարիստը լրագրող, արձակագիր Հովիկ Աֆյանն է, ռեժիսորը` ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի «Լավագույն դեբյուտ-2018» հաղթող Արթուր Սահակյանը : Ես փորձեցի զրույց ունենալ նրանց հետ եւ ընթերցողի համար բացահայտել այն, ինչ մնացել է էկրանից այն կողմ: Ժամանակի սղության պատճառով զրույցը չափազանց կարճ ստացվեց... եւ չափազանց հստակ: Հովիկ - Հովի՛կ, վավերագրական կինոսցենարը տեքստային լուրջ միջամտություն չի ենթադրում, իսկ Դուք, կարծեմ` սովոր եք հենց տեքստի հետ աշխատել: Ի՞նչն էր Ձեզ համար ամենահետաքրքրական նորությունը կադրային մտածողության իմաստով: - Այն, որ շատ կարեւոր բաներ ասելու համար կարելի է եւ չխոսել: Նույնիսկ լռել: Այն, որ կան դեմքեր, իսկ դրանք շատ են, որոնք բերանով չեն խոսում: Մի տեսակ նայում են քեզ ու խոսում են` լուռ: Եւ վերջապես այն, որ ինչ-որ բան, թեկուզ մեկ տող գրելուց հետո պետք է փակել աչքերն ու փորձել տեսնել: Եթե չի երեւում, իսկ երեւալուց հետո հուզում, ուրեմն բացել աչքերը եւ ջնջել: Նորից փորձել, հետո նորից... Մինչեւ տեսնես գրածդ: - Կհիշե՞ք ռեժիսորին տված` Ձեզ համար ամենասկզբունքային խորհուրդը: - Ասացի, որ կարեւոր չէ, թե ինչ ենք մտածում ադրբեջանցիների մասին: Պատերազմում. կարծում եմ, թշնամին կարեւոր չէ, գոնե մեզնից: Կարեւորն ու հետաքրքիրը մենք ենք: Ի՞նչ ենք անում, որքա՞ն ենք ամուր, ինչո՞վ ենք ուժեղ, ի՞նչ ենք երազում, այո, պատերազմում... Խորհուրդ եմ տվել` ուշադրություն դարձնել պատերազմող մարդու երազանքին: Մեզ` առանց թշնամու: - Խաղաղությունն ու զենքն ուղիղ հատկանիշներ են: Ինչո՞ւ եք պնդում, որ խաղաղության համար զենք է պետք: - Որովհետեւ խաղաղություն չի լինում: Միֆ է: Երազանք, առանց որի հնարավոր չէ ապրել, ինչպես եւ առանց զենքի: Ի դեպ, հետաքրքրական կլինի հաշվել չպատերազմող` խաղաղ երկրներում զենքը, վստահեցնում եմ` սարսափելի թիվ կլինի: Կարծում եմ, որ խաղաղությունը նվաճում են, ինչպես ցանկացած երազանք, իսկ նվաճում են զենքով: Ու հենց այստեղ խաղաղությունն ու զենքը դադարում են հականիշներ լինել, եւ զենքը դառնում է խաղաղության հասնելու գործիք: Արթուր - Արթո՛ւր, մարդիկ սովոր չեն իրենց երկրի պատմության ամենահերոսական դրվագներին նայել մի մարդու ճակատագրի տեսանկյունից: Այս ֆիլմում նման փորձ է արված: Երբեւէ չէ՞ք վախեցել, որ Ձեր հստակ դիտարկումը, թե պատերազմը, ինչի համար էլ լինի, կյանք է կործանում, սխալ կընկալվի: - Սխալ ընկալումներ միշտ կան եւ կլինեն: Ու դրանից պետք չէ վախենալ: Պետք է պայքարել դրա դեմ: Պատերազմն արդեն պարտություն է: Կապ չունի մեկ մարդու տեսանկյունի՞ց են նայում, թե՞ հազարի: - Ֆիլմի նյութն ամբողջովին արխիվային է. որպես վավերագրող ռեժիսոր, կարիք, պակաս զգացե՞լ եք դեպքերին Ձեր հայացքով նայելու, թե՞ ժամանակակից օպերատորության արածը լրիվ բավարար էր ասելիքը տեղ հասցնելու համար: - Այո, ֆիլմում օգտագործվել են արխիվային կադրեր: Ու անկախ այդ ահռելի արխիվից, որն ուսումնասիրել եմ, միեւնույն է, մոնտաժային սեղանի առջեւ զգում ես, որ գուցե ինչ-որ պակաս բաներ կան: Չնայած` հույս ունեմ, որ ասելիքս փոխանցել եմ: - Ուսումնասիրության ընթացքի մասին էլ պատմեք, խնդրում եմ: Ո՞ր կադրերը կամ դրվագներն են սուր էմոցիաներ առաջացրել եւ ինչպե՞ս եք դրանք շեշտել ֆիլմում: - Այս ֆիլմը պատերազմի մասին է, իսկ այնտեղ բոլոր էմոցիաներն են սուր: Ֆիլմում հայացքներ են, որոնք պատերազմ են տեսնում. այդ բոլոր հայացքներն իմ շեշտերն են: Նկար 1. Հովիկ Նկար 2. Արթուր |