ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ Հայաստանի հարավային դարպասը համարվող Սյունիքի մարզի Մեղրի քաղաքն օրվա անցուդարձն սկսում եւ ավարտում է տրանսպորտային ակտիվ հոսքով: Երեւան-Մեղրի M2 միջպետական մայրուղում երթեւեկը գրեթե չի դադարում: Դեպի սահմանային անցակետ եւ հակառակ ուղղությամբ օրվա ընթացքում անցնում են ոչ միայն ուղեւորատար, այլեւ ծանրաքարշ բեռնատար բազմաթիվ մեքենաներ: Մեղրիում գտնվող սահմանապահ զորամաս, զինվորական ավան եւ գյուղատնտեսական նշանակության տարածքներ հասնելու համար ավելի քան մեկ կիլոմետր հատված մարդիկ քայլում են մայրուղու եզրով, որտեղ գրեթե չկա երթեւեկելի եւ ոչ երթեւեկելի մասերի սահմանազատում: Վրաերթի ենթարկվելու հավանականությունն ավելանում է հատկապես գիշերային ժամերինՙ բացարձակ մթության մեջ հայտնվելուց հետո: Տարիների վաղեմությանՙ լուսավորության խնդիրն առկա էր ամիսներ առաջ եւ համարվում էր լուծման ենթակա առաջնահերթություն: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 5 ամիս առաջ ստանձնել են խնդիր լուծումը: Արտաքին լուսավորության ապահովման հարցն ընդգրկված է եղել նաեւ համայնքի զարգացման ծրագրում, սակայն կոնկրետ այդ հատվածում դա հաջողվել է կյանքի կոչել միայն գործակցող կողմերի աջակցությամբ: Մայրաքաղաքից ավելի քան 370 կմ հեռավորություն վրա գտնվող Մեղրիում, խնդրահարույց ճանապարհահատվածում վերջերս մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է էներգաարդյունավետ 33 LED-լուսատու: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորվել է ավելի քան մեկ կմ ճանապարհ: «Մեղրի համայնքի զարգացման ծրագրիՙ լուսավորության բաղադրիչն այսօր համարում ենք ապահովված: Լուծվել է ոչ միայն սոցիալական, այլեւՙ անվտանգության հարց: Երեւան-Մեղրի մայրուղու կոնկրետ այդ ճանապարհահատվածում, միշտ ստեղծվում է կիսավթարային իրավիճակ: Հուսով ենք, որ իրականացված աշխատանքի արդյունքում ապահովված լուսավորության շնորհիվ ամեն ինչ կփոխվի: Ծրագիրը նաեւ բնապահպանական խնդիր է լուծել»,-ասել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը : «Հայաստանի մի շարք համայնքներում իրականացված ծրագիրն արդյունավետ է մի քանի տեսանկյունից: Այն ժամանակակից մոտեցում է եւ լուծում է սոցիալական, բնապահպանական ու նաեւՙ անվտանգության հարցեր: Այս լուսատուներն ի տարբերություն գազային կամ էկոնոմ լամպերի, ավելի երկար են շահագործվում, հաճախակի չեն փոխարինվում եւ ֆինանսական կամ մարդկային աշխատուժի լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջում: Արձանագրվող էներգախնայողությունն էլ կազմում է շուրջ 65-80 %», - ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը : Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձանագրել են հերթական ձեռքբերումը. լուծվել է եւս մեկ համայնքի հուզող հարց: Մեղրիի խնդրահարույց ճանապարհահատվածում էներգախնայող համակարգն արդեն գործարկվել է: |