RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2336, Տպվել է` 322, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈԼՈՐԻՆ ՑԱԽԱՎԵԼՈՎ ՔՇԵ՛Լ ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Պաղեստինյան շարժման առաջնորդ Յասեր Արաֆաթի կինը ֆրանսուհի էր, իրենից մոտ 30 տարով փոքր մի լրագրողուհի:

Նա Արաֆաթից հարցազրույց էր խնդրել, եւ հենց այդ հարցազրույցի ժամանակ էլ նրանից ամուսնության առաջարկ էր ստացել ու... ընդունել էր այդ առաջարկը: Երբ պիտի ծննդաբերեր, ամուսնու համաձայնությամբ Փարիզ էր թռելՙ այնտեղ իր հարազատների հոգածության ներքո եւ ֆրանսիացի բժիշկների հսկողության տակ զավակին աշխարհ բերելու: Նրա երբեմնի գործընկեր-լրագրողները հարցրել էինՙ մի՞թե Պաղեստինի ինքնավարությունում որեւէ հմուտ բժիշկ-գինեկոլոգ չկար, որի հսկողությամբ ծննդաբերեիր: Տիկնոջ պատասխանը, որը հրապարակեցին աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում «Ազգ» թերթը, բառացի հիշում եմ.

- Ամուսինս ֆանատիկոս է,- ասել էր տիկին Արաֆաթը,- նա ինձ համար կենցաղային ոչ մի պայման չի ստեղծում... Գտնում է, թե ինքը, որպես ժողովրդի առաջնորդ, բարոյական իրավունք չունի ավելի լավ ապրելու, քանի դեռ ամենավերջին պաղեստինցու կյանքը չի բարելավել...

Որքանո՞վ էր տիկին Արաֆաթի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանըՙ թողնենք ապագա պատմաբաններին: Արաֆաթը թե՛ կյանքի ընթացքում, թե՛ դրանից հետո հակասական մեկնաբանությունների արժանացած գործիչ էր, մանավանդ մահից հետո շատ առասպելներ էին պտտվում նրա մասին: Մասնավորապես, նշում էին, թե աշխարհի բազմաթիվ բանկերի նրա հաշվեհամարներում տասնյակ-միլիարդարվոր դոլարներ կային: Մինչդեռ կենսագիրներից ոմանք ընդգծում են, թե այդ գումարները պարզապես Արաֆաթի անունով էին հավաքվում, որպեսզի օգտագործվեն Պաղեստինի օգտին: Որովհետեւ բոլոր նրանք, ովքեր աշխարհով մեկ խոշոր գումարներ էին զոհաբերում պաղեստինյան ինթիֆադային (ընդվզում), անվերապահորեն հավատում էին Արաֆաթի ազնվությանը, վստահում էին նրա անշահախնդրությանը: Գիտեին, որ Արաֆաթը ստացած գումարների մինչեւ վերջին ցենտը կտրամադրի իր ղեկավարած շարժման շահերին, Պաղեստին պետության ստեղծման նպատակներին:

Այս պատմությունը ակամայից կրկին հիշեցի, երբ վերջին շրջանում մեզանում բավական տուրեւառումներ եղան մի շարք մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց այսպես կոչված թիմակիցներին խոշոր չափերի պարգեւավճարներ տրամադրելու մասին: Զանգվածային լրատվամիջոցներում նույնիսկ վարչապետ Փաշինյանին արված հղումներ կային, թե իբր երկրի ղեկավարը այդ պարգեւավճարների մեջ ոչ մի դատապարտելի բան չի տեսել եւ վերջերս դավոսյան իր այցի ժամանակ ասել է, թե այդ պարգեւավճարների հարցում օրենքի ոչ մի խախտում չկա: Միգուցե վարչապետն իրո՛ք այդպիսի բան է ասել (ի՞նչ մեղքս թաքցնեմՙ անձամբ ես չեմ լսել), միգուցե որքան էլ անհավատալի էՙ իսկապե՛ս օրենքի տեսակետից այստեղ ոչ մի խախտում չկա: Բայց մի՞թե տեսանելի չէ, որ ժողովրդի զգալի մասի համար նյութական առումով «թավշյա հեղափոխությունից» հետո էական գրեթե ոչինչ չի փոխվել: Այդ առթիվ մի տխուր անեկդոտ է շրջանառվում.

- Ի՞նչ էիք ուտում հեղափոխությունից առաջ,- հարցնում են շարքային հայաստանցուն:- Խաշած մակարոն,- պատասխանում է:

- Իսկ հեղափոխությունից հետո՞ ինչ եք ուտում:

- Էլի՛ խաշած մակարոն:

- Բա հին ու նոր մակարոնների տարբերությունը ո՞րն է,- հարցնում են:

- Հիմա նույն մակարոնը դուխո՛վ ենք ուտում, է՜, դուխո՛վ...

Ասել կուզեմՙ քանի դեռ Հայաստանում միայն խաշած մակարոնով օրը մթնացնողների հսկայական բազմություն կա, ի՞նչ խղճով են պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենք իրենց հարյուր-հազարավոր եւ անգամ 8-10 միլիոն դրամների պարգեւավճարներ տրամադրել: Ասենք թեՙ օրենքը իրո՛ք չի արգելում: Բա տարրական պարկեշտությունն է՞լ չի արգելում: Ըստ ֆեյսբուքյան հավաստիացումներիՙ վարչապետը այդ պարգեւավճարներից հրաժարվել է: Մյուս պաշտոնատարնե՞րն ինչու չեն հետեւել վարչապետի օրինակին, մինչդեռ այլ առիթներովՙ արեւո՛վ են երդվում: Ինչպե՞ս ենք կառուցելու նոր Հայաստան, եթե ով գալիս էՙ առաջին հերթին մտածում է... անձամբ իր նյութականի բարելավման մասին: Քանի կալի վրա ենՙ ձգտում են օգտվե՞լ: Թե՞ հիշյալ պարգեւավճարները դիտարկում են իբրեւ չվերցվող կաշառքների փոխհատուցում, կաշառքի յուրատեսակ օրինականացում...

Վարչապետին խորհուրդ կտայի բոլոր այդ կարգի պաշտոնատարներին ցախավելով քշե՛լ պետական ապարատից...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ