ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՉՈՐՐՈՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Վարշավայի հանդիպման ժամանակ կստեղծվի՞ հակաիրանական դաշինք Լիբանանում օրերս ավարտված Արաբական պետությունների լիգայի չորրորդ գագաթաժողովը նվիրված էր տնտեսական ու սոցիալական զարգացմանը եւ առանձնապես ուշադրության չէր արժանանա, եթե չլինեին որոշ հետաքրքրական մանրամասնություններ: Այսպես, տվյալ հանդիպումը կարող էր իսկական հեղաշրջում լինել արաբական աշխարհում, եթե դրան մասնակցեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա հրավեր էր ստացել Լիբանանի նախագահ Միշել Աունից, բայց չէր օգտվել դրանից: Թե որքան խելամիտ էր Աունի որոշումը, դժվար է ասել: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, հրավերը կշռադատված եւ նպատակամետ բնույթ էր կրում: Հնարավոր կլիներ աշխուժացնել արաբական երկրների մի մասի գործունեությունը սիրիական ուղղությամբ, քննության առնել Արաբական պետությունների լիգային Սիրիայի մասնակցության հարցը եւ խորհել այն մասին, թե արաբական երկրները ինչպես կկարողանային օժանդակել Սիրիայի վերականգնմանը: Ինչպես այս կապակցությամբ ասել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը , Սիրիայի վերադարձը Լիգա դեպի արաբական աշխարհ նրա վերադարձի մի մասն է, եւ դա բխում է բոլոր արաբական երկրների շահերից: Առավել եւս, որ ֆրանսիական Le Figaro թերթի գնահատման համաձայն, 2011 թ. Արաբական պետությունների լիգայից վտարված Սիրիան սկսել է աստիճանաբար դուրս գալ արաբական աշխարհում իր օտարումից եւ մեկուսացումից: Այն ժամանակ արաբական մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ էին կանչել: Հետագայում Լիգան չէր մասնակցում Սիրիային նվիրված բանակցություններին, թեեւ խոսքը արաբական աշխարհի կարեւոր երկրներից մեկի մասին է: Արաբ քաղաքական գործիչներից շատերը սխալ են համարում Լիգայի այդ քաղաքականությունը: Իսկ ի՞նչ է կատարվում այժմ: Արաբ դիվանագետներից մեկը պարզաբանում է, որ «ամեն ինչ կապված է գործնական մոտեցման հետ: Լիգայից Սիրիայի հեռացումը հանգեցրեց այն բանին, որ Սիրիային առնչվող բոլոր դիվանագիտական մեխանիզմներում բացակայում է արաբական բաղադրատարրը»: Սակայն այժմ անգլիական Financial Times թերթը արձանագրում է. «Սիրիայի հարեւան երկրները, որոնք այս կամ այն չափով աջակցում էին ընդդիմությանը, զգուշորեն սկսում են Դամասկոսի հետ վերականգնել դիվանագիտական շփումները, որոնք ընդհատված էին ընդհուպ 2018 թվականի վերջերը»: Իսկ Իրաքը, Լիբանանը եւ Ալժիրը առհասարակ չէին խզել կապերը Դամասկոսի հետ: Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առաջամարտիկներ դարձան Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը, որոնք վերականգնեցին իրենց ներկայացուցչությունների աշխատանքը Դամասկոսում: Ինչ վերաբերում է ֆիզիկական շփումների վերահաստատմանը, այստեղ առաջնության դափնին պատկանում է Սուդանի նախագահ Օմար Բաշիրին, որը պաշտոնական այցով Դամասկոս այցելեց 2018-ի դեկտեմբերին: Հորդանանը բացել է Սիրիայի հետ սահմանային հսկիչ անցակետերը: Այնպես որ Լիբանանում անցկացված Լիգայի գագաթաժողովը կարող էր խթանել այդ գործընթացը: Հայտնի է, որ Արաբական երկրների լիգայի մասնակից 22 երկրները այլեւս չեն հակազդում Սիրիայի վերադարձին: Սակայն ի հայտ են եկել ընդհանուր առմամբ սպասելի ներածական գործոններ: ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է փետրվարի վերջերին Վարշավայում անցկացնել հանդիպում 70 երկրների, այդ թվում մերձավորարեւելյան որոշ պետությունների (օրինակՙ Իսրայելի) ղեկավարների մասնակցությամբ, որպեսզի ձեւավորեն հակաիրանական դաշինք: Վաշինգտոնի երկյուղները կապված են այն բանի հետ, որ Արաբական պետությունների լիգա վերադառնալովՙ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը է՛լ ավելի անհարմար գործընկեր կդառնա Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված բանակցություններում: Այնպես որ ամերիկացիները գոհ են, որ Սիրիան չմասնակցեց Լիբանանի գագաթաժողովին: Պատահական չէ, որ Վաշինգտոնն անչափ ուժգին ճնշում էր գործադրում Արաբական պետությունների լիգայի եւ մի շարք այլ երկրների վրաՙ պահանջելով հանդիպման չհրավիրել Սիրիային: Սա առաջին: Երկրորդ, Վաշինգտոնը վախենում է, որ արաբական աշխարհի երկրների միջեւ տեղի կունենա մերձեցում տարածաշրջանային մի շարք հարցերի առնչությամբ: Ըստ ամերիկացիների, եթե արաբական երկրները հասունացել են իրար հետ իրոք հաշտվելու համար, ապա նրանք պետք է դա անեն բացառապես հակաիրանական, այլ ոչ թե սիրիական հողի վրա: ԱՄՆ-ը հասավ որոշակի արդյունքի: Քաթարի, Քուվեյթի եւ Եգիպտոսի ղեկավարները հրաժարվեցին մեկնել Բեյրութ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները առայժմ մտադիր չեն դեսպանատուն բացել Դամասկոսում: Լիգայի մյուս երկրների ղեկավարներից Լիբանան ժամանեցին միայն Քաթարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին եւ Մավրիտանիայի նախագահ Մուհամմեդ Աբդել Ազիզը: Մնացած տասնյոթ պատվիրակությունները գլխավորում էին կառավարությունների ղեկավարներ եւ նախարարներ: Լիբիայի պատվիրակությունը գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվեց այն բանից հետո, երբ Լիբանանի շիաները սպառնացին բողոքի ելույթներ կազմակերպել պատվիրակության ժամանման դեպքում: Այս ամենի արդյուքում Սիրիայի թեման մղվեց երկրորդ կամ երրորդ պլան, իսկ Արաբական պետությունների լիգայի ամփոփիչ հայտարարությունը գերհագեցած էր ընդհանուր արտահայտություններով նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր Լիգայի Մաքսային միության եւ Ազատ առեւտրի արաբական գոտու ստեղծմանը: Բարդ է մնում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման խնդիրը: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Արաբական պետությունների լիգայի տնտեսական ու սոցիալական զարգացմանը նվիրված հաջորդՙ հինգերորդ գագաթաժողովը տեղի կունենա Մավրիտանիայում 4 տարի հետո: Հիմա մնում է միայն սպասել Վարշավայի գագաթաժողովի աշխատանքի արդյունքներին: Շատ փորձագետների գնահատումների համաձայն, այդ համաժողովը հրավիրվում է ռազմական կամ քաղաքական որեւէ ձեռնարկման նախօրեին կամ հակաիրանական շարժման պահպանման նպատակով: Սակայն Վաշինգտոնին դժվար թե հաջողվի արաբների հակաիրանական լուրջ կոալիցիա ստեղծել այն պայմաններում, երբ արաբները չեն կարողանում միմյանց հետ փոխհամաձայնության հասնել: |