ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ Արմենոցիդը եւ հոլոքոստը համարվում են դասական ցեղասպանություններ: Բայց ունեն նաեւ առանձնահատկություններ եւ տարբերություններ : Դրանք ակնհայտ են դառնում նրանց համեմատությունից: Առաջին, հայերի ցեղասպանությունն իրագործվել է նրանց բնօրրան-հայրենիքումՙ Արեւմտյան Հայաստանում: Հոլոքոստն իրականացվել է Գերմանիայում եւ նրա արբանյակ եվրոպական երկրներում, որը հրեաների ոչ բնօրրանն է եւ ոչ էլ պատմական հայրենիքը: Երկրորդ, հայերի ցեղասպանությունը կատարվել է եկվորներիՙ թուրքերի կողմից, որոնք ներխուժել էին Ալթայից եւ Միջին Ասիայից դեռեւս XI դարում եւ իրագործել նրա բնիկներիՙ հայերի ֆիզիկական ոչնչացումը: Հրեաների պարագայում եկվորներն իրենքՙ հրեաներն էին, որոնք հաստավել էին Գերմանիայում եւ նրանց հոլոքոստը կամ ողջակիզումը իրականացվել է բնիկներիՙ գերմանացիների կողմից: Երրորդ, արմենոցիդի հետեւանքով հայերը կորցրեցին իրենց հայրենիքըՙ Արեւմտյան Հայաստանը: Հրեաները հոլոքոստի հետեւանքով հայրենիք չկորցրեցին, քանի որ նրանք եկվորներ էին, եւ Գերմանիան նրանց հայրենիքը չէր: Հրեաների հայրենիքը գտնվում էր Եվրոպայից դուրս: Նրանց պատմական հայրենիքը գտնվում էր Մերձավոր Արեւելքում; Հոլոքոստից հետո, կենդանի մնացած հրեաների մոտ ուժեղացավ սեփական հայրենիք ունենալու գաղափարը եւ ձգտումը, որը 1948թ. պսակվեց հաջողությամբ: Չորրորդ, արմենոցիդից հետո հայերի փրկված բեկորները ցրվեցին համայն աշխարհով մեկ: Այդպես ձեւավորվեց հայկական նոր սփյուռքը, որտեղ հայերի թվաքանակն ավելի շատ է, քան Հայաստանի Երրորդ Հանրապետությունում: Հրեաների մոտ հակառակ գործընթացը սկսվեց: Հրեական ստվար սփյուռքը գոյություն ուներ եւ մինչեւ հոլոքոստը: Հոլոքոստից եւ Իսրայել պետության կազմավորումից հետո սկսվեց հրեաների ազգային համահավաքը: Միլիոնավոր սփյուռքահրեաներ աշխարհի տարբեր ծայրերից վերադարձան եւ սկսվեց հրեական ազգի վերակազմավորման պրոցեսը: Այժմ կանգ առնենք Հայաստանի եւ հայերի կողմից հրեական հոլոքոստի եւ Իսրայելի ու հրեաների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա: Հայերը սկզբից եւեթ ճանաչել են հրեական հոլոքոստը: Իսկ 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը դարձավ անկախ պետություն եւ հռչակվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ապա նա պաշտոնապես ճանաչեց հրեական հոլոքոստ-շոան: Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա այստեղ դրությունը միանգամայն այլ է: Երբ վերականգնվեց Հայաստանի անկախությունը եւ հռչակվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, հայերի մոտ ոչ մի կասկած չկար, որ հայոց ցեղասպանության առաջին ճանաչողների շարքերում կլինի Իսրայելը: Նրանց այդ վստահությունը հիմնված էր երկու գործոնների վրա: Առաջին, հայերը ցեղասպանության հարցում իրենց եւ հրեաներին համարում էին բախտակից ժողովուրդներ: Ուստի նրանք գտնում էին, որ միմյանց ցեղասպանության ճանաչումը միանգամայն բնական էր: Ճանաչելով հրեական հոլոքոստը, հայերն ակնկալում էին համանման դիրքորոշում Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Երկրորդ, հայերը շատ լավ տեղյակ էին, որ գենոցիդ եզրի հեղինակը հրեա Ռաֆայել Լեմկինն է, որը այդ գյուտը կատարել էր ելնելով բացառապես հայոց ցեղասպանության իրողությունից եւ անժխտելի փաստից: Ռաֆայել Լեմկինի պարագան հայերի մոտ վստահություն էր ներշնչում Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում: Բայց այդպես չեղավ: Այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն: Հայոց ցեղասպանությունը հրաժարվում են ճանաչել Իսրայելի կառավարությունը, քնեսետըՙ պառլամենտը, եւ այլ պաշտոնական պետական մարմիններ: Սակայն, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Իսրայելի թե՛ կառավարության եւ թե՛ քնեսետի կազմում կան պետական գործիչներ, նախարարներ եւ պառլամենտականներ, որոնք հանդես են գալիս հանուն հայոց ցեղասպանության ճանաչման:Դրանց մեջ առաջին հերթին պետք է նշել Իսրայելի կրթության նախարար եւ Մերեց կուսակցության ղեկավար Յոսի Սարիդին, որը դատապարտում էր Իսրայելի դիրքորոշումը հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում: Համաձայն չլինելով Իսրայելի կառավարության այդ քաղաքականության հետ, նա հրաժարական տվեց Կրթության նախարարի պաշտոնից:# Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր սեփական դիրքորոշումն ունի հրեական-իսրայելական մտավորականությունը, որը ոչ միայն կանգնած է հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերում, այլեւ պահանջում է, որ Իսրայելի քնեսետը եւ կառավարությունը ճանաչեն հայոց եղասպանությունը: Այդ իմաստով արժանին պետք է հատուցել Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Օրոնին, որի հայոց ցեղասպանությանը նվիրված արժեքավոր աշխատությունը թարգմանվել է հայերեն եւ հրատարակվել Երեւանում: Նա իր անհամաձայնությունն է արտահայտում նաեւ այն իրողության կապակցությամբ, որ թեեւ Իսրայելում դասավանդում են հոլոքոստի հետ կապված հարցերը, «սակայն Իսրայելում կրթական համակարգը եւ համալսարանները սովորաբար խուսափում են գործ ունենալ այլ ցեղասպանությունների հետ»#: Նա ի նկատի ունի նաեւ հայոց ցեղասպանությունը: Իսկ Յեհուդա Բաուերը, պրոֆեսոր, Յադ Վաշեմ, Իսրայել, խստիվ դատապարտում է «ցեղասպանության ժխտումը, որը հատկապես աղաղակող է հայկական ցեղասպանության պարագայում#»: Նրա այդ տեսակետն ուղղված է Իսրայելի կառավարության վարչապետիՙ Բենյամին Նաթանյահույի քաղաքականության դեմ, որը զանազան պատրվակներով հեռու է հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունից: Շատ կարեւոր է նաեւ մի այնպիսի ականավոր եւ համաշխարհային հռչակ վայելող ցեղասպանագետի դիրքորոշումը, որպիսին Նյու Յորքի ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, ազգությամբ հրեա Էլեն Ֆայնն է: Նա հենց սկզբից, քսանականների վերջերից եւ երեսունականների սկիզբներից, կանգնած է եղել գենոցիդ եզրի հեղինակ Ռաֆայել Լեմկինի կողքին, ոգեւորել նրան, պաշտպանել նրա տեսակետը հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Եվ երբ 1994թ. ստեղծվեց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, ապա Էլեն Ֆայնն ընտրվեց նրա առաջին պրեզիդենտը: Ասոցիացիայի մեջ ընդգրկվեցին համաշխարհային մեծ ճանաչում ունեցող տարբեր ազգությունների եւ երկրների ականավոր ցեղասպանագետները, քաղաքագետները, իրավաբանները, պատմաբանները եւ այլք: Տողերիս հեղինակը նույնպես նրա անդամներից է: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (ՑՄԱ) երկու անգամՙ 1997 եւ 2005թվականներին, անտեսելով Իսրայելի կառավարության եւ պառլամենտի բացասական դիրքորոշումը, ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Դա համարձակ քայլ էր եւ ուներ համաշխարհային պատմական ու քաղաքական մեծ նշանակություն : Այդ քաղաքականությունը շարունակեց ՑՄԱ-ի նախագահի պաշտոնում Էլեն Ֆայնին փոխարինած Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործսդիր տնօրեն, Ցեղասպանագիտության Հանրագիտարանի գլխավոր խմբագիր պրոֆեսոր Իսրայել Չարնին: Նա գտնում է, որ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ նրա զոհերին»: Այդ փիլիսոփայության շրջանակներում ՑՄԱ-ն 2005թ. հունիսի 4-7-ը Ֆլորիդայում, ԱՄՆ, գումարեց վեցերորդ գիտաժողովը, որում քննարկվեց «Իննսուն տարի հայոց ցեղասպանությունից հետո : Վաթսուն տարի Հոլոքոստից հետո» հարցը, որին մասնակցելու եւ զեկուցումով հանդես գալու պատիվն ենք ունեցել մենք: Այդ գիտաժողովում ոչ միայն կրկին ճանաչվեց հայոց ցեղասպանությունը, այլեւ հաստատվեց հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունը լինելու իրողությունը: Ավելացնենք, որ երբ 2005թ. Երեւանում գումարվեց հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, Իսրայել Չարնին ժամանեց Երեւան, մասնակցեց գիտաժողովին եւ փայլուն ելույթ ունեցավ ի պաշտպանություն հայոց ցեղասպանության ճանաչման#: Մենք միասին աշխատում էինք այդ գիտաժողովի ամենակարեւոր սեկցիայում: Ես նրան նվիրել էի իմ «Հայոց ցեղասպանությունըՙ Արմենոցիդը ամենագենոցիդային գենոցիդ» մենագրությունն աշխարհի տասը լեզուներով, որը նա բարձր գնահատեց: 2010թ. նոյեմբերի 30-ին ինձ հասցեագրված նամակում, պրոֆեսոր Իսրայել Չարնին գրել է. «Իմ թանկագին պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյան: Ես խորապես շնորհակալ եմ ձեզ ձեր շատ կարեւոր եւ տպավորիչ գիրքն ինձ նվիրելու համար: Ես շնորհակալ եմ ձեզ ձեր շատ բարի մակագրության համար: Բայց ամենից շատ ես շնորհավորում եմ ձեզ եւ շնորհակալություն հայտնում հայոց ցեղասպանության պատմական հիշողության մեջ ձեր շատ ինքնատիպ ներդրման համար: Ջերմագին հարգանքներով, Իսրայել Չարնի»: Բավարարվենք վերոնշյալ բարձրահարգ մտավորականներին եւ գործիչներին նշելով եւ ավելացնենք, որ Իսրայելի եւ հրեական սփյուռքի ամենահոծ հրեական զանգվածները նույնպես համաձայն չեն, որ Իսրայելի ղեկավարությունը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը: Մեր արտասահմանյան այցելությունների ժամանակ հրեական քաղաքական գործիչների, մտավորականության եւ հասարակ մարդկանց հետ հանդիպումների ժամանակ, որպես կանոն, հրեաներն իրենց զարմանքն էին արտահայտում, որ Իսրայելի կառավարությունը դեռեւս չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ վստահ էին որ այդ ճանաչումը վաղ թե ուշ կայանալու է: Իսրայելի ղեկավարության կողմից հայոց ցեղասպանությունը չճանաչելը ջուր է լցնում Թուրքիայի ջրաղացին, որը նույնպես չի ճանաչում հայոց ցեղասպանությունը: Թուրք հայտնի պատմաբան, ԱՄՆ-ի Մինեսոթայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը նշում է, է, որ «Թուրքիան ցեղասպանության ժխտման ինդուստրիայի հիմնադիրն է»: Ընդ որում, ժխտվում է ոչ միայն հայոց ցեղասպանությունը, այլեւ կան հոլոքոստը ժխտողներ: Այդ հարցին Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի նիստերից մեկում, 2005թ., անդրադարձավ հրեա պրոֆեսոր, Դանիայի Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Էրիկ Մարկուզեն: Նա այդ հարցին անդրադարձավ հակասեմիտզմի ակտիվացման հարցի քննարկումների համատեքստում, նշելով, որ մի շարք երկրներում, հատկապես եվրոպական, այն տեսակետն է արտահայտվում, որ հոլոքոստի ժամանակ չի սպանվել վեց միլիոն հրեա, որ այդ թիվը չափազանցված է հրեաների եւ Իսրայելի կողմից: Ինչպես նշեց պրոֆեսոր Մարկուզեն, հոլոքոստի ժխտման կողմնակիցները գտնում են, որ երբեք Եվրոպայում վեց միլիոն հրեա չի եղել, որ այդ թիվը հրեաները միտումնավոր ուռճացնում են: Ինչպես տեսնում ենք, ցեղասպանության ժխտման ինդուստրիան զորեղ է եւ իր ալիքների մեջ ներառնում է ոչ միայն հայոց ցեղասպանությունը, այլեւ հրեական հոլոքոստը եւ առանց բացառության մյուս բոլոր ցեղասպանությունները: Սա շատ վտանգավոր ահազանգ է, որը պետք է հաշվի առնեն Իսրայելի անհեռատես ղեկավարները, որոնք չեն հասկանում, որ հայոց ցեղասպանությունը եւ հրեական հոլոքոստը ոչ թե մրցակիցներ, այլ դաշնակիցներ են : Մեկի թուլացումն անխուսափելորեն կթուլացնի մյուսի դիրքերը: Իսրայելի ղեկավարությունը պաշտպանում է Թուրքիային, որը հրեա ցեղասպանագետներ Իրվինգ Հորովիցի, Լեո Կուպերի եւ այլոց տեսակետով հանդիսանում է «Ցեղասպան պետություն»: Վերադառնանք հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Մենք ավելի քան կես դար զբաղվել եւ շարունակում ենք զբաղվել հայոց ցեղասպանության հարցով եւ եկել ենք այն եզրակացության, որ հայոց ցեղասպանությունը կամ Արմենոցիդն արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է#: Նման եզրակացության հանգելու համար շատ կարեւոր է պետությունների կողմից ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 31 պետություն. 1.Ավստրիան, 2.Արգենտինան. 3.Բելգիան, 4.Բոլիվիան 5.Բրազիլիան, 6.Բուլղարիան, 7.Գերմանիան, 8.Դանիան, 9.Իտալիան, 10.Լեհաստանը, 11.Լիբանանը, 12.Լիտվան, 13.Կանադան, 14.Կիպրոսը, 15.Հայաստանը, 16.Հունաստանը, 17.Նիդերլանդները, 18.Շվեդիան, 19.Շվեյցարիան, 20.Չեխիան, 21.Չիլին, 22,Պարագվայը, 23.Ռուսաստանի Դաշնությունը, 24.Սիրիան, 25.Սլովակիան, 26.Սլովենիան, 27.Վատիկանը, 28.Վենեսուելան, 29,Ուրուգվայը (որն առաջինն է ճանաչել հայոց ցեղասպանությունըՙ 1965թ.), 30.Օսմանյան կայսրությունը եւ 31. Ֆրանսիան: Նշված պետություններից երկուսը Ռուսական Դաշնությունը եւ Ֆրանսիան, մտնում են աշխարհի հինգ խոշոր կամ մեծ տերությունների շարքը եւ հանդիսանում են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եւ ունեն վետոյի իրավունք: Այս կապակցությամբ կցանկանայինք հետեւյալ դիտողությունն անել:Դեռ չի սահմանված, թե քանի պետությունների կողմից տվյալ ցեղասպանությունը ճանաչելուց հետո կարելի է ասել, որ այն արդեն միջազգայնորեն ճանանաչված է: Այդպիսի կարգ չկա սահմանված: Հետեւաբար այս կամ այն պետության կողմից տվյալ ցեղասպանության չճանաչելը չի կարող հիմք հանդիսանալ ասելու, որ տվյալ ցեղասպանությունը ճանաչված չէ: Այդ սկզբունքը միանգամայն կիրառելի է բոլոր ցեղասպանությունների, այդ թվում եւ հայոց ցեղասպանության պարագայում: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրորդ խումբը կազմում են պետական ինքնավար կազմավորումները կամ նահանգները, նրանց օրենսդիր կամ գործադիր մարմինները: Մենք, ըստ էության, առաջինն էինք, որ հայոց ցեղասպանության ճանաչման համակարգում ներառանք այս կամ այն պետության կազմում գտնվող տարածքային ինքնավար մարմիններին: Նույնիսկ այն պարագայում, երբ մետրոպոլիան կամ մայր պետությունը դեռ չի ճանաչել հայոց ցեղասպանությունը: Եվ այսպես, հայոց ցեղապանությունը ճանաչել են Ավստրալիայի 2, Բրազիլիայի 4, Իսպանիայի 4, Իտալիայի 1, Կանադայի 2, Մեծ Բրիտանիայի 3, Շվեյցարիայի 1, այսինքնՙ 17 վարչատարածքային ինքնավար մարմիններՙ ի դեմս նրանց օրենսդիր մարմինների եւ կառավարությունների: Այսպիսով, հայոց ցեղասպանությունը միասին ճանաչել են աշխարհի 48 պետություն եւ ինքնավար պետական կազմավորում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Եվրոմիության երկպալատանի օրենսդիր մարմինըՙ Եվրոպական պառլամենտը եւ Եվրոպայի խորհրդը, որը կազմված է 47 պետությունից ՙ 800 միլիոն բնակչությամբ: Ուշագրավ է եւս մեկ հանգամանք: ԱՄՆ-ի 50 նահանգներից հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 48-ը.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ-ի չորս պրեզիդենտներՙ Վուդրո Վիլսոնը, Ջիմի Կարտերը, Ռոնալդ Ռեյգանը եւ Բարակ Օբամանՙ ամեն մեկը յուրահատուկ կերպով եւ ձեւակերպումով: Այսպես, Վուդրո Վիլսոնի պրեզիդենտության շրջանում, երբ դեռեւս հայտնագործված չէր «գենոցիդ» եզրը, նա օգտագործել է «Հայերի զանգվածային ջարդեր» եւ »Հայերի անիհիլացում (annihilation, անէացում)» սահմանումը, պրեզիդենտ Ջիմի Կարտերը 1978 մայսի 16-ին հայտարարել է, որ «1916թ. նախորդած տարիներին փորձ արվեց ոչնչացնել (to eliminate) ողջ հայ ժողովրդը», պրեզիդենտ Ռոնալդ Ռեյգանը 1981թ. ապրիլի 22-ին, հոլոքոստի զոհերի հիշատակի օրը հանդես եկավ հատուկ Հռչակագրով եւ հայտարարեց. «Ինչպես հայոց ցեղասպանությունը մինչ այդ, եւ կամբոջացիների ցեղասպանությունը դրանից հետո, ինչպես նաեւ շատ այլ ժողովուրդների հալածանքները, հոլոքոստի դասերը երբեք չեն մոռացվի»#: Իսկ պրեզիդենտ Բարակ Օբաման, 2009 եւ 2012 թվականներին ամերիկյան ժողովրդին հասցեագրված իր ուղերձներում ցեղասպանության փոխարեն օգտագորեց «Մեծ Եղեռն» ձեւակերպումը, ինչպես դա ի սկզբանե ընդունված է հայերի կողմից, ընդգծելով, որ «Մեծ եղեռնը կշարունակի ապրել մեր հիշողությունում»#: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Խաղաղության կողմնակիցների Համաշխարհային կոնգրեսը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Երիտասարդների քրիստոնեական ասոցիացաիան, Ժողովուրդների մշտական տրիբունալը, Նոբելյան մրցանակակիրների «Հանուն հումանիզմի» հիմնադրամը, ինչպես արդեն նշել ենք Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Թուրքիայի Մարդու իրավունքների Ստամբուլի բաժանմունքը, Հրեական հակազրպարտչական լիգան, Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտը, Նյու Յորքի ցեղասպանության ուսումնասիրության թանգարանը, Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանը եւ այլն, եւ այլն: Հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի 2005թ. հունիսի 7-ի նամակին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանինՙ ի պատասխան նրա նամակի, որով նա կոչ էր անում ՑՄԱ-ին հայոց ցեղասպանության հարցում լինել անկողմնակալ: Էրդողանին ուղղված նամակում, որը ստորագրել էին ՑՄԱ-ի պրեզիդենտ Իսրայել Չարնին (Իսրայել), փոխպրեզիդենտ Գրեգորի Ստենտոնը (ԱՄՆ), երկրորդ փոխ-պրեզիդենտ Լինդա Մերվերնը (Մեծ Բրիտանիա) եւ քարտուղար Սիվեն Ջեկոբսը ( ԱՄՆ), ասվում էր, որ նրանք համաձայն չեն թուրքական վարչապետի հետ, որ նրանք անկողմնակալ չեն: Նրանք Էրդողանին են ներկայացնում ասոցիացիայի միաձայն ընդունված հայեցակարգային ամփոփիչ եզրակացությունն առ այն, որ «Հահոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական եւ մարդու իրավունքների հանրության կողմից»: Եվ վերջ: Վերոշարադրյալի հիման վրա կարելի է ասել,, որ մենք իրավացի ենք, երբ ասում ենք, որ հայոց ցեղասպանությունն արդեն միջազգայնորեբն ճանաչված ցեղասպանություն է: Այս ֆոնի վրա Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը չճանաչելը դառնում է երկրորդական-երրորդական կարգի երեւույթ: Իսրայելը կճանաչիՙ լավ, ոչ ոք նրան չի խնդրում, չի ճանաչիՙ դա արդեն նրա գործն է, որը միջազգային որեւէ նշանակություն չունի եւ բնավ չի անհանգստացնում Հայաստանին եւ հայությանը: Ցեղասպանության վերաբերյալ հայկական նյութի հիման վրա հրեա Ռաֆայել Լեմկինի դարակազմիկ հայտնագործությունն անմահացրեց նրան: Ռաֆայել Լեմկինն այս կյանքից հեռացավ 1959թ,ՙ 59 տարեկան հասակում, սրտի կաթվածից:: Վիճակագրության սիրահարները հաշվել են, որ այդ ժամանակ ցեղասպսնությանն ընդհանուր առմամբ զոհ էր գնացել մոտ 20 մլն մարդ: Ռաֆայել Լեմկինի թաղմանը ներկա է եղել ընդամենը յոթ մարդ: |