ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ Երեւանում 1988 թվականի փետրվարի 27-28-ը Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի տարելիցին նվիրված սգո եւ հիշատակի միջոցառումներ են եղել: Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ծառուղում, հայկական խաչքարի մոտ, երեկ հավաքվել են Սումգայիթյան ջարդերի վկաները, զոհերի հարազատները: Նրանց են միացել իշխող «Իմ քայլը» դաշինքից Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, հանրային գործիչներ: Իսկ առավոտյան Ծիծեռնակաբերդի բարձունք էր այցելել նախագահ Արմեն Սարգսյանը, ծաղկեպսակ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հանդես եկել զոհվածների հիշատակը ոգեկոչող եւ ադրբեջանցիների գործած անմարդկային ոճրագործությունը դատապարտող խոսքով: |