ՀԱՐՎԱԾ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Հոգլանդի հարցազրույցի առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանինՙ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին այն պայմաններում, երբ ինքը արդեն թողել է պետական ծառայությունը եւ արտահայտում է անձնական կարծիք: Խնդիրն այն է, որ նա հերթական ինտրիգն է հյուսում Արցախի առնչությամբ: Հոգլանդը մասնավորապես անդրադարձել է «Լավրովի ծրագրին», որին «հակամարտող կողմերից ոչ մեկը հավանություն չի տվել»: «ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Սերգեյ Լավրովի ծրագիրը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրաՙ որոշ տարբերություններով: Հոգլանդը նշում է, որ գլխավոր տարբերությունը հանրաքվեն է, որին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում տեղահանված ադրբեջանցիները, որոնք ներկայումս բնակվում են մասնավորապես Բաքվում: Կողմերի մերժման պատճառը հանրաքվեի անցկացման ժամկետների անորոշությունն է: Ներկա պահին թե՛ Երեւանը, եւ թե՛ Բաքուն ուզում են հանրաքվեի անցկացման ժամկետների հստակեցում»: Ըստ Հոգլանդի, կողմերը կարծես թե ամեն ինչ համաձայնեցրել են, եւ մնում է միայն հստակեցնել հանրաքվեի անցկացման ժամկետները: Սակայն նա ինքը, պաշտոնաթող լինելով եւ էստաֆետը Էնդրու Շոֆերին փոխանցելով, նշել է հավելյալ մանրամասնություններ, որոնք «Ամերիկայի ձայնն» անվանում է «Հոգլանդի, այլ ոչ թե Լավրովի ծրագիր: Հոգլանդի փաստաթղթում նշվում է, որ «նախկին ԼՂ ինքնավար շրջանից դուրս գտնվող եւ Բաքվի կողմից չվերահսկվող տարածքները պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, որը երաշխավորում է անվտանգություն եւ ինքնակառավարում: Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Ծրագիրը նախատեսում է Հայաստանը ԼՂ-ին միացնող միջանցքի ստեղծում, որը չի կարող ներառել Լաչինի շրջանը: 2017-ի վերջերին Հոգլանդը հայտարարել էր, թե Լավրովի ծրագիր գոյություն չունի, իսկ հիմա ինչո՞ւ է հակառակը պնդում: Նրա վերջին հարցազրույցից պարզ են դառնում որոշ բաներ: Խոսելով հակամարտության կարգավորման վրա արտաքին խաղացողների ազդեցության մասինՙ նա կարծիք է հայտնել, որ Իրանն ուզում է կարգավորում, բայց Ռուսաստանի հարցում Հոգլանդը թերահավատ է: «Մոսկվայում կան ուժեր, որոնք հակամարտության կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդելու լծակները»: Նույն հարցի կապակցությամբ Հոգլանդը անցյալում համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ, մինչդեռ պատերազմը կարող է ապակայունացնել այն: Վաշինգտոնը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի, այժմ սկսել է տեղեկատվության արտահոսք իրականացնել, ինչը հարցականի տակ է դնում Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող կարգավորման երկարատեւ գործընթացը, արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը: Ճիշտ է, համանախագահները չեն թաքցնում, որ ներկա պայմաններում իրենք փորձում են գոնե պահպանել ստատուս-քվոն: |