ՕԴՅՈՒԲՈՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՌՉՆԱԴԻՏԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հ.Ծ., (Arm. Mirror-Spectator) «Թռչնադիտողի (birder կամ bird-watcher) համար չկա ավելի ցնցող տպավորություն, քան տեսնել այդ տեսակի կենդանիներին ազատ ճախրելիս երկնքում: Իսկ առավել ցնցող կլինի տպավորությունը, եթե Հայաստանում կատարեք այդ դիտարկումը»: Նման հորդորով է սկսում իր հոդվածը Ռոքսաննա Էթմեքչյանը «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում, նշելով որ Մասաչուսեթսի Օդյուբոն ընկերությունը, որն արդեն ավելի քան 50 տարիներ թռչնադիտական շրջագայություններ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այս տարի առաջին անգամ նման շրջագայություն է ծրագրել Հայաստանում: Այն նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 15-ից 29-ը եւ հնարավորություն է ընձեռում դիտարկելու Հայաստանում ամրագրված 350 տեսակի թռչուններից շատերին, ներառյալ Եվրոպայից եւ Ասիայից չվողներին: Ծրագրին մասնակցողները կլինեն Սեւանում, Դիլիջանում, Սելիմի լեռնանցքում, Նորավանքի կիրճում, Գնդասարում, Մեղրիում, Շվանիձորում, Գորիսում, Տաթեւում, Ջերմուկում, Գառնիում, Գեղարդում եւ Արագածում: Մինչ շրջագայությունը թռչնադիտարկման նպատակ է հետապնդում, պատմական եւ մշակութային վայրերի այցելությունները եւս ընդգրկվելու են ծրագրում: Զբոսաշրջիկների խմբին ուղեկցելու է ինչպես տարածաշրջանային թռչունների կենցաղին լավատեղյակ մի հայ մասնագետ, այնպես էլ Օդյուբոնի ընկերությունից մի ներկայացուցիչ: Օրն սկսվելու է շատ վաղ, հնարավորինս շատ թռչուններ դիտարկելու համար, եւ նախատեսվելու է 1-2 մղոն քայլարշավ օրական: Նախաձեռնողները հավատացած են, որ ծրագիրը նպաստելու է բարելավելու Հայաստանի տնտեսությունը, հատկապես քիչ զարգացած գյուղական վայրերում: Արձանագրությունները արդեն սկսված են եւ հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում այցելել «https//www.massau-dubon.org/get-out-doors/travel-tours/upcoming-tours» կայքը: |