21 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԳՅՈՒՏԱՐԱՐ ՍԻՐԻԱՀԱՅԸ Հ.Ծ. «Տարածությունը Հալեպից Մոնրեալի Թրուդո օդանավակայանի լաբորատորիան 8.580 կմ է, բայց Շուշի Բաքարյանի դեպքում հետագիծը ավելի ճիշտ կլինի չափել լույսի արագությամբ», գրում է Դալիո Այալան կանադական «Գլոուբ ընդ Մեյլ» պարբերականում: Սիրիայի պատերազմից փախչելով Լիբանան տեղափոխված Շուշին, իր հորՙ Անդրանիկի, մորՙ Անիի եւ ավագ քրոջՙ Մեղրիի հետ անորոշ ապագայի սպասումներից հետո, շնորհիվ իր նպատակուղղված, հետեւողական աշխատանքի եւ թիմային հեշտ ներգրավվածության, Կանադայում բավական արագ կարողանում է հաջողությունների հասնել եւ դառնալ գյուտարարՙ 21 տարեկանում: 2016-ի Ծննդյան օրերին Մոնրեալում հաստատվելուց հետո նա այժմ Կոնկորդիա համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է եւ արաբերենից ու անգլերենից բացի նա արդեն խոսում է նաեւ ֆրանսերեն: Սովորելուն զուգահեռ երկու հեռանկարային աշխատանքներում է ընդգրկված, մեկըՙ Բոմբարտիե օդային տարածությունների բաժնում, մյուսըՙ Ստրատոս ավիացիոն ընկերությունում, որտեղ էլ երկար փորձարկումների արդյունքում ստեղծել է «Cessna» օդանավերի համար փոքրիկ «Ventus»ՙ 5-վոլտանոց գեներատորը, որը օդի ճնշման միջոցով ինքնաթիռի օդանցքները հովացնելու կարողություն ունի: Մասնագետները նորարարությունը համարում են «խիստ պիտանի» ժամանակակից օդաչուների համար, որոնք սմարթֆոններով են հաճախ առաջնորդվում: Նա նաեւ հետազոտական խմբի ղեկավարն է եւ փորձում է փորձարարական հմտություններ փոխանցել իր հասակակիցներին: Նրա հմտությունները նկատել է Stratos-ի սեփականատեր Նաոր Կոհենը , որ վստահել է նրան ղեկավարելու համակարգիչներով եւ 3-D տպիչներով հագեցած լաբորատորիան: «Սիրիայում, 10րդ, 11րդ դասարաններում սովորելիս մենք ոչ էլեկտրականություն, ոչ ջուր եւ ոչ էլ համացանց ունեինք: Չգիտեինք տնից դուրս գալուց ինչի կհանդիպենք: Տեղացող ռումբերը ամեն րոպե կարող էին կպնել մեզ: Լիբանանում մայրս վիրահատության ենթարկվեց: Բարեբախտաբար հաջող: Կանադայում մենք պետք է հաղթահարեինք նախ ցուրտ եղանակը: Մի խոսքովՙ ես ֆիզիկապես, հոգեպես եւ մտավորապես հյուծված վիճակում էի: Հիմա փառք Աստծո, ամեն ինչ ավելի հեշտ է դարձել, եւ ես հպարտ եմ իմ ընտանիքով», հիշում է Շուշի Բաքարյանը: |