ԱՄՆ-Ը ՓՈԽԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Դաշնակիցների դիրքորոշումը վճռական դեր խաղաց ԱՄՆ նախագահի վարչակազմը վերանայել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը իր դաշնակիցների կոշտ դիրքորոշման պատճառով: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal թերթը : Օրերս ԱՄՆ-ը Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային առաջարկեց զինծառայողներին Սիրիայի տարածքում թողնել եւ ստանձնել սիրիացի քրդերի եւ Թուրքիայի միջեւ անվտանգության գոտու ստեղծման պարտականությունները: Նախատեսվում է 32 կիլոմետր լայնությամբ այդ գոտին ստեղծել Թուրքիայի սահմանի երկայնքով: Սակայն ԱՄՆ-ի դաշնակիցները հրաժարվեցին Սիրիայի տարածքւմ մնալ այնտեղից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերումից հետո: Այդ պատճառով ամերիկյան բոլոր զորքերը դուրս բերելու որոշումը փոխակերպվել էր դրանց մասնակի դուրսբերման որոշման: Պենտագոնը հաղորդում է, որ ամերիկացի 200 զինծառայողներ կմնան Սիրիայի հյուսիսում, եւս 200 զինծառայողՙ Հորդանանի սահմանի մոտ գտնվող Էտ-Տանֆ ռազմակայանում: Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ամերիկյան զորաբաժինը կաջակցի ԱՄՆ-ի տեղական դաշնակիցներինՙ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (սիրիացի քրդերին): Էտ-Տանֆի զորաբաժինը պաշտոնապես կլուծի հակաահաբեկչական խնդիրներ, իսկ իրականում այդ տարածաշրջանում կզսպի իրանական ուժերին: Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Վասիլյեվը «Ռեգնում» գործակալության հարցմանն ի պատասխան այն տեսակետն է արտահայտել, որ զորքերի լիակատար դուրսբերումից ամերիկացիների հրաժարումը վատ տարբերակ է սիրիացիների համար: Վերջին հաշվով, դա կձգձգի իրավիճակը: Սիրիացի քրդերը կընդվզեն, եւ կծառանա Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի կիսապետական կազմավորման ստեղծման հարցը: Վասիլյեվն ավելացրել է, որ զորքերի դուրսբերումից հրաժարվելը կվնասի նաեւ Թուրքիայի շահերին, քանզի նահանջ է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից: Սա նշանակում է սիրիացի քրդերի ինքնավարության եւ ռազմական ենթակառույցի պահպանում: Մյուս կողմից, դա հավելյալ ազդակ կդառնա Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցման համար: Նրա կարծիքով, զորքերի լիակատար դուրսբերումից հրաժարվելը լուրջ սպառնալիք է ստեղծում Սիրիայի քաղաքական եւ տնտեսական ինքնիշխանության համար: ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների վերահսկողության տակ է մնում երկրի նավթի հանքավայրերի 70 տոկոսը, որոնք գտնվում են հենց Սիրիայի ժողովրդավարական ուժերին ենթակա տարածքում: Բացի դրանից, տարածաշրջանում դա ուժեղացնում է Իսրայելի դիրքերը, ինչն ակնհայտորեն ձեռնտու չէ Դամասկոսին: |