RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2050, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐՏԻ 1-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ 11 ՏԱՐԻ ԱՆՑ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Այս տարվա մարտի 1-ին, իրեն նոր Հայաստանի հեղափոխական ղեկավարություն հռչակած քաղաքական ուժը որոշել է անդրադառալ 11 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը պետական մակարդակով: Թե որն է այդ իրադարձությունների վրա քաղաքական քարոզչություն կազմակերպելու նպատակըՙ կարծում եմ առանձնապես վերլուծության թեմա չէ, քանի որ հայտնի է այն կապը, որ կա այդ ամենի եւ նոր իշխանությունների միջեւ:

Այնուամենայնիվ ահանգստություն է պատճառում փաստը, որ հերթական անգամ փորձ է արվում պառակտել ազգը մերոնց ու նրանց միջեւ, կամ ինչպես այսօր է մոդա ասելՙ սպիտակների ու սեւերի: Բաժանման այս գործընթացը, ու հատկապես այս օրերին, երբ իշխանությունը սրընթաց կերպով կորցնում է իր նախկին վարկանիշը, հատկապես վտանգավոր է, քանի որ աճող դժգոհությունը կարող է այլ երանգներ ընդունել ու հետեւանքների հասցնել, ինչպես եղավ 2008թ. մարտի 1-ի գիշերը:

Հետեւաբար հիմնական հարցը, որը պետք է մտահոգի Հայաստանի խնդիրնեով ապրող մարդուն, ինչպես հաղթահարել գոյացած պառակտումը, ինչպես գտնել համերաշխության եզրեր եւ արդյոք մարտի 1-ի ողբերգության շահարկումով հնարավո՞ր է դրան հասնել: Հիմնական հարցը այն է, թե ինչպես է պետք սկսել կյանքը մարտի 2-ին եւ արդյոք կա՞ հնարավորություն սկսելու երկխոսություն, որը հնարավոր է կանխարգելի հետագայում նմանատիպ ողբերգությունների կրկնությունը:

Տասնմեկ տարի առաջ, երբ Հայաստանում իրադարձությունները զարգանում էին մեղմ ասած ոչ բարենպաստ սցենարով, «ԱԶԳ» օրաթերթը ուշի ուշով հետեւում էր իրադարձություններին, փորձելով կանխատեսել զարգացման հնարավոր հետեւանքները: Արդեն իսկ պարզ էր, որ կան քաղաքական ուժեր, որոնց ոչ այնքան քաղաքական գործընթացներն էին հետաքրքրում, այլ իրավիճակի սրումը եւ պղտոր ջրում ձուկ բռնելու ցանկությունը:

«ԱԶԳ» օրաթերթը չուներ քաղաքական նախապատվություն եւ իր էջերը ազատ կերպով տրամադրում էր թե՛ իշխանամետ եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերին, փորձելով այսպիսով հնարավորինս ազատ ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը: Ու չնայած արհեստավարժ թերթին հարիր այդ դիրքորոշմանըՙ «ԱԶԳ»-ը շարունակաբար սպառնալիքներ էր ստանում այն ժամանակվա հիմնական ընդդիմության առաջնորդ Լեվոն Տեր Պետրոսյանի կողմնակիցներից:

Երբ այդ սպառնալիքները ահագնացան, ստիպված էինք դիմել ոստիկանություն, որը շատ արագ պարզեց, որ սպանության սպառնալիքներով լի նամակները մեզ ուղարկում են Ռուսաստանում բնակվող մեր երիտասարդ հայրենակիցներից, որոնք այնտեղ էին մեկնել ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափելու համար: Այս դեպքը նկարագրում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մթնոլորտ էր տիրում Հայաստանում եւ թե ինչպես էին ատելություն սերմանում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բոլոր նրանց հանդեպ, ովքեր համարձակվում էին այլ կարծիք ունենալ:

Հենց այդ շրջանում, ընտրություններից մի քանի օր առաջ, տպագրեցի մի ընդարձակ վերլուծությունՙ «Մենք նախագահական ընտրությունների՞ ենք պատրաստվում, թե՞ քաղաքացիական պատերազմի» վերնագրով, որով փորձում էի հասկանալ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների քայլերը ինչ հետեւանքի կարող են հանգեցնել: Այդ հոդվածում մասնավորապես գրել էի, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների առաջ քաշած գաղափարը, թե հիմնական դեպքերը կծավալվեն ընտրություններից հետո, հուշում է, որ նախ` վերջիններս համոզված չեն իրենց թեկնածուի հաղթանակի մեջ, երկրորդՙ որ ընդհանրապես նրանք դրա համար չեն սկսել իրենց նախընտրական պայքարը: Ընդհանրապես առաջին նախագահի աջակիցները ռուսական մի շարք լրատվամիջոցներում զետեղել են հոդվածներ, որտեղ... պնդում են նաեւ, թե ընտրություններից հետո եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չանցնի, ապա փողոց դուրս եկած ժողովրդին կմիանան նաեւ ուժային նախարարությունների որոշ ստորաբաժանումներ» :

Շանտաժի այս լեզուն այդ օրերին միակն էր, որ օգտագործվում էր ընդդիմության կողմից ու դա ոչ միայն մտահոգության առիթ էր, այլեւ անհասկանալի էր, քանի որ խրտնեցնում էր շատ ընտրողների, որոնք դժգոհ լինելով գործող վարչակազմից պատրաստ էին աջակցել նույն Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց ոչ այդ գնով: Շարունակելով այս միտքը գրում էի. «այսինքն` եթե հավատանք այս լուրերին, առաջին նախագահը պատրաստվում է քաղաքացիական բախումներ հրահրել երկրում: Անկեղծ ասած, լեւոնականների նման բարբաջանքներին հակված չեմ հավատալու, ավելի շուտ ընդունում եմ ՌԻԱ-Նովոստի գործակալությանը տված Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում նա հավաստիացնում էր, թե իր չընտրվելու դեպքում բողոքի գործողությունները տեղի կունենա միայն օրենքի սահմաններում» :

Այսինքն, հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը, այնուամենայնիվ հույս էին հայտնում, որ ամեն ինչ կընթանա օրենքի սահմաններում եւ կողմերը զերծ կմնան իրավիճակը սրելու քաղաքականությունից: Այս հարցում կար, թեկուզ եւ մի փոքր, բայց հավատ, որ ՀՀ առաջին նախագահը ունենալով պետական աշխատանքի հսկայական փորձՙ չի գնա սադրանքների ճանապարհով:

Ընտրապայքար կոչվածը իրականացվել էր բարոյականության օրենքների խախտումներովՙ միմյանց նկատմամբ անարգանքի, սպառնալիքի ու հային ոչ վայել բառապաշարի կիրառմամբ: «Ամեն դեպքում պարզ է, որ ընտրություններից հետո երկրում պետք է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, քաղաքական դաշտում ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերի միջեւ առկա բարիկադային տրամադրություններին պետք է փոխարինելու գա երկխոսության եւ քաղաքական համագործակցության ձեւաչափը: Եվ պետք է զբաղվել ոչ թե իրար վարկաբեկելով եւ հայհոյելով, այլ երկխոսությամբՙ հանուն Հայաստանի զարգացման եւ ամրապնդման: Վերջ ի վերջո պետք է հասկանալ, որ մենք մի ազգ ենք թե՛ ՀՀ-ում եւ թե՛ ԼՂՀ-ում, ու արհեստական տարանջատման փորձերը վտանգում են մեր պետության գոյությունը» :

Սա գրվել է 11 տարի առաջ, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այդպես էլ ոչինչ չի փոխվել: Թե անցած տարի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները եւ թե այս օրերին որեւէ այլակարծություն երկու կողմերից էլ ընդունվում է թշնամանքով: Արդյոք մարտի 1-ին պետականորեն կազմակերպվելիք երթը կնպաստի՞ այդ երկխոսության սկսման, թե՞ էլ ավելի կխորացնի պառակտումը. սա հարց է, որի պատասխանը առաջին հերթին պետք է մտահոգի գործող իշխանություններին ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ նա պատասխանատու է ոչ միայն իր կողմնակիցների, այլեւ ՀՀ բոլո՛ր քաղաքացիների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ