ԲԱՔՎԻ ԿԱՇԱՌԱՌՈՒՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Երեկ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ Աքսել Ֆիշերը Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով իմունիտետից զրկվել է, խուզարկել են նրա գրասենյակներն ու տունը, իրազեկ ենք դառնում գերմանական տարբեր ԶԼՄ-ների նույն օրվաՙ մարտի 4-ի հրապարակումից: Ի թիվս մի շարք փաստերի, նրան մեղադրում են 2008-2016 թվականներին բալթիական հաշվեհամարով, բրիտանական կեղծ ձեռնարկատիրական ընկերության միջոցով Ադրբեջանից դրամ ստանալու մեջ: «Բիլդը» հիշեցնում է, որ 2017-ին արդեն ԵԽ-ում Բաքվիՙ եվրոպացի տարբեր քաղաքական գործիչներին կաշառելու փաստը սկանդալ էր գրանցել, պառլամենտի նախկին նախագահ իսպանացի Պեդրո Ագրամունտը ստիպված եղավ հրաժարական տալ: |