ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ ՇՈՒՇԻՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներըՙ Ռ.Թ.Էրդողանը եւ Ի.Ալիեւը շուտով կհրավիրվեն մեր պատմական Շուշի քաղաք, որտեղ Թուրքիայի աջ ծայրահեղական, ազգայնական շարժման ղեկավար, դոկտոր Դեւլեթ Բահչելին հիմնադրում է «Գորշ գայլերի» դպրոց: Նախագահները հրավիրված են մասնակցել շինության հիմնադրմանը: Վերոհիշյալ կազմակերպությունը սերտորեն կապված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ - Milliet Hareket Partisi - MNP) հետ, որը հանդիսանում է աջ ծայրահեղական գաղափարախոսության կրող, ստեղծվել է 1969թ. գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից, դավանում է նաեւ պանթյուրքիզմի գաղափարախոսությունը: Այս կուսակցության տրամադրության տակ է հենց գտնվում «Գորշ գայլեր» երիտասարդական ռազմականացված կազմակերպությունը: Ա.Թյուրքեշի մահից հետո կուսակցության ղեկավար դարձավ Դեւլեթ Բահչելին, իսկ «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավարՙ Ահմեդ Յըլդըրըմը: Չմոռանանք ընդգծել, որ ԱՇԿ-ն սերտ միության մեջ է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ: Դպրոցը ունենալու է 9 դասասենյակ եւ կոչվելու է Ադրբեջանի օրհներգի հեղինակ, կոմպոզիտոր Ուղեյիր Հաջիբեյովի անունով: Ինչպես նշեցի վերեւում, «Գորշ գայլեր» (Bozkurt) թուրքական աջ ազգայնամոլ կազմակերպությունը ստեղծվել է 1969թ. թուրքական բանակի գնդապետ (Կիպրոսում ծնված) Ալփարսլան Թյուրքեշի կողմից: Այդ կազմակերպության մարտիկները բազմիցս մեղադրվել են մի շարք սպանությունների, ահաբեկչական ակտերի, այդ թվում եւ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի սպանության փորձի մեջ (1981թ. մայիսի 13-ին): Հռոմի պապին գնդակահարողըՙ Մեհմեդ Ալի Աղջան «Գորշ գայլերի» ահաբեկիչ էր: «Գորշ գայլերի» բնութագրական առանձնահատկությունների մեջ մտնում է բռնության ապավենը եւ զոհաբերության պաշտամունքը պայքարում: Կազմակերպությանն անդամագրվելիս տրվում է հետեւյալ «իդեալիստի երդումը». - Երդվում եմ Աստծով, ղուրանով, հայրենիքով եւ նրա դրոշով: Մեր հերոսները, փորձված զինվորները կարող են համոզված լինել մեր նվիրվածությանը Թուրքայի իդեալներին, երիտասարդությունը կշարունակի ձեր ճակատամարտը կոմունիզմի, կապիտալիզմի, ֆաշիզմի եւ իմպերիալիզմի բոլոր ձեւերի դեմ: Մենք կպայքարենք մինչեւ վերջին զինվորը, մինչեւ վերջին շունչը, մինչեւ արյան վերջին կաթիլը ազգայնական Թուրքիան պահպանելու համար, ընդհուպ Մեծ Թուրանի ստեղծումը: Թուրքիայի իդեալներին նվիրված երիտասարդությունը երբեք չի նահանջի, մենք կլինենք անդրդվելի, անսասան: Մենք կհաղթե՛նք, մենք կհաղթե՛նք, մենք կհաղթե՛նք: Աստված պահապան թյուրքերին, Աստված փառաբանի նրանց: Ամեն: «Գորշ գայլերը» Աբդուլլա Չատլիի ղեկավարությամբ ահաբեկչական ակտեր էին կազմակերպում հայերի, հույների դեմ, պայթեցրեցին 1915թ. ցեղասպանությանը նվիրված հուշարձանը Փարիզի արվարձանում 1984թ. մայիսի 3-ին: Այդ կազմակերպությունը պաշտոնապես արգելված է Ֆրանսիայի տարածքում: Իմիջիայլոց, ժամանակին «Գորշ գայլերը» արգելված էին նաեւ Հեյդար Ալիեւի կողմից: «Գորշ գայլերի» անդամ Ալփարսլան Չելիքը, 2015թ. նոյեմբերի 24-ին գնդակահարեց Սիրիայի Լաթաքիայի օդային տարածքում խոցված -24Մ ռուսական ինքնաթիռից ինքնանետիչով (կատապուլտ) դուրս նետված ռուս օդաչու Օլեգ Պեշկովին: -24Մ-ը խոցվել էր թուրքական ռազմա-օդային ուժերի F-16-ի կողմից, իսկ կատապուլտով դուրս նետված օդաչուն գնդակահարվեց դեռ օդում: Ընդ որում, 2-րդ օդաչուիՙ Կոնստանտին Մուրախտինի որոնման աշխատանքները կազմակերպելիս նույն «Գորշ գայլերը» խոցեցին եւս մեկ ռուսական ուղղաթիռ եւ գնդակահարեցին ծովային հետեւակ Ալեքսանդր Պոզինիչին: Եվ այսպեսՙ ո՞վ է Ալփարսլան Չելիքը, որին թուրքական իշխանությունները ավելի ուշ ձերբակալեցին (ռուսներին մի փոքր հանգստացնելու համար), բայց ընդամենը ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Ալփարսլանի հայրըՙ Ռամադան Չելիքը հանդիսանում է թուրքական ԱՇԿ ծայրահեղ աջ կուսակցության բարձրաստիճան գործիչ: Այդ կուսակցությունը 40 մանդատ ունի (550-ից) Թուրքիայի պառլամենտում: Այս միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները մոտավորապես 9 ամիս տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի մեջ էին, սակայն 2016թ. հունիսին Էրդողանը պաշտոնական ներողություն խնդրեց նոյեմբերի 24-ի միջադեպի համար, եւ Կրեմլը «գրկաբաց» ընդունեց այդ ներողությունը: Հարաբերությունները սկսեցին սրընթաց տեմպով վերականգնվել: Հարաբերությունները գնալով ջերմանում էին, սակայն թուրքը մնում է թուրք (ոմանք, այդ թվում եւ ռուսները, դեռ համոզված չէին դրանում) եւ 2016թ. դեկտեմբերի 19-ին ժամը 19:05-ին սիրիական «Շեյմս ալ-Ֆաթհ» եւ «Գորշ գայլեր» կազմակերպությունները համատեղ կազմակերպեցին Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Նրան գնդակահարեց 22 տարեկան թուրք ոստիկանըՙ Մերթ Ալթինթաշը, երբ դեսպանը ելույթ էր ունենում Անկարայի ցուցահանդեսներից մեկում (ժամանակակից արվեստի ցուցահանդեսում, ռուսական ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ), ընդ որում ահաբեկիչը չփորձեց փախչել, նա մնաց տեղում («Գորշ գայլերի» կրեդոյով) եւ ոչնչացվեց թուրքական հատուկ ջոկատայինների կողմից: Պարզվեց, որ Ալթինթաշը կապված էր ինչպես «Գորշ գայլերի» (բոզքուրտ), այնպես էլ «Թուրքիստանի իսլամական կուսակցության» հետ: Մի փոքր մեկնաբանություն էլ, որը իհարկե մեծ գաղտնիք չէ, համենայնդեպս ոչ ռուսական հետախուզության համարՙ «Գորշ գայլերը» սերտ կապված են եւ ակտիվ համագործակցում են Հաքան Ֆիդանի կողմից ղեկավարվող թուրքական ազգային հետախուզության (MIT)-ի հետ: Ավելին, կազմակերպության որոշ անդամներ զբաղեցնում են հետախուզության մի շարք կարեւոր պաշտոններ: Կարծում եմ ընթերցողս այլ մեկնաբանությունների կարիք չունի եւ լիովին պատկերացնում է, թե ովքե՞ր են սովորելու Շուշի քաղաքի վերոհիշյալ դպրոցում, ինչո՞վ են զբաղվելու դպրոցի շրջանավարտները, ովքե՞ր են լինելու 1 թիրախները, ի՞նչ երդում են տալու այդ աշակերտները ամեն առավոտ «ուսուցչին» բարի լույս մաղթելուց հետո, ի՞նչ դրոշներ եւ լուսանկարներ են պատկերազարդելու դպրոցի պատերը եւ փոքրիկ թանգարանը, ովքեր են այցելելու այդ դպրոցը եւ դասախոսություններ կարդալու: Պարոնայք խաղաղապահներ, լավ պաշտպանեք այդ դպրոցը, ապահովեք դրա անդորրը ու անխափան դասընթացները, գուցե եւ «շրջանավարտները» այլեւս չկրակեն օդաչուների եւ դեսպանների վրա: Այս «Գորշ գայլերի» կողքը հաճույքով կտեղավորեմ նաեւ Ռամիլ Սաֆարովին, 2004թ. փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարողին: Գորշ գայլ էր նա, թե՞ ինչ որ կենդանու արգանդից ծնված եւ հատուկ պատրաստված սեւ սատանա, միեւնույն էՙ 2012թ. օգոստոսի 31-ին ադրբեջանահունգարական կոռուպցիոն հարաբերությունների շնորհիվ ազատվեց բանտից, վերադարձավ Բաքու եւ դարձավ ազգային հերոս: Իսկ իմ ժողովրդին մի խորհուրդՙ համախմբվե՛ք, արհեստավարժներին ետ բերեք, փնտրեք դաշնակիցներ եւ գործընկերներ, մանկապարտեզից պատրաստեք զինվորներ, եւ հիշեքՙ լինել-չլինելու պատերազմը դեռ առջեւում է... կամ էլ թողնենք ու ազգովին հեռանանք այս տարածաշրջանից: Նկար 1. Քնքշա՜նք Նկար 2. Դեւլեթ Բահչելի Նկար 3. Ալփարսլան Չելիք Նկար 4. Մերթ Ալթինթաշ Նկար 5. Հռոմի Պապ Հովհաննես Պողոս եւ Մեհմեդ Ալի Աղջա Նկար 6. Ռամիլ Սաֆարով |