RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1603, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Անցած օրերին գերմանալեզու լրատվամիջոցները համառոտ նկարագրեցին մեր երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, որոշ դեպքերում համեմատեցին Վրաստանի ներքաղաքական վիճակի հետՙ բոլոր դեպքերում ափսոսանք հայտնելով, որ Հարավային Կովկասի ապագան մշուշապատ է, հեռանկարում ԵՄ-ին մերձենալու նշան չի ուրվագծվում: Թեեւ ԶԼՄ-ներն առավել կարեւորեցին փաստը շարադրելը, քան վերլուծություններ անելըՙ նախընտրելով կարծիք չհայտնելու «հարմարավետությունը», բայց եղածն էլ ենթադրել է տալիս, որ Հայաստանում իշխանություն- ընդդիմություն առճակատումը, չթուլացող լարվածությունը մտահոգում է մեր տարածաշրջանով զբաղվող վերլուծաբաններին, մեր տպավորությամբՙ նույնիսկ ավելի, քան սեպտեմբերին բռնկված պատերազմն ու դրա հետեւանքները:

Առաջիկայում ընդհանրական հայացքով դեռ կանդրադառնանք գերմանալեզու ԶԼՄ-ում հրապարակված վերլուծություններին: Ստորեւ համառոտ ներկայացնենք մի հայացք. Շվեյցարական հեռարձակողիՙ SRF-ի հետ զրույցում մեր տարածաշրջանի խնդիրներից քաջատեղյակ լրագրող Զիլվիա Շթյոբերն ակնարկում է, թե իշխանության եւ ընդդիմության համակիրների միջեւ անջրպետը գնալով մեծանում է, էսկալացիան աճում, երկու կողմում էլ առաջնորդները պատրաստ չեն իրենց համակիրներին հանդարտեցնել, երկխոսության փորձ անելՙ այդու ճգնաժամը քաղաքական ճանապարհով հաղթահարել: Իշխանության համար պայքարը փողոցում վճռելու ճանապարհն են ընտրելՙ խորհրդարանի առջեւ ընդդիմությունը ակտիվիստների համար վրաններ է տեղադրել, իսկ վարչապետ Փաշինյանն ի՛նքն է իրեն սատարողներին հանրահավաքի կոչ ուղղում: Եւ ռադիկալացման վտանգն առավել ուժգնանում է, կարծիք է հայտնում Շթյոբերը: «Ո՞վ է մեղավոր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համար» հարցը Փաշինյանի հրաժարականի պահանջի հիմքում է, հիշեցում, թե վարչապետի ստորագրած զինադադարի մասին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Հայաստանի համար մեծ պարտության վկայությունն է, ինչպես նաեւՙ հայկական կողմի չափազանց մեծ զոհերի թիվը: Զիլվիա Շթյոբերի կարծիքով, սակայն, իրականում պատերազմում կրած պարտությունը վարչապետին ճնշելու առիթ էր, քանզի նոր եւ հին ուժերիՙ իշխանության համար պայքարը միշտ եղել է անցած 3 տարիների ընթացքում: «Իսկապես Փաշինյա՞նն է մեղավոր պատերազմում կրած պարտության մեջ» հարցին, Շթյոբերը նախընտրում է այսպես պատասխանելՙ շատ բարդ հարց է: Այս օրերին անցկացված հարցման արդյունքը (չի նշումՙ ո՞վ է անցկացրել հարցումը- Ան.Հ.) հետեւյալ պատկերն է արտացոլումՙ 32 տոկոսը նախկին իշխանություններին է մեղավոր համարում, 28 տոկոսըՙ Փաշինյանին: Ակնհայտ է, որ Փաշինյանն ընդամենը 3 տարի է վարչապետի պաշտոնում, Ադրբեջանի հետ հակամարտությունը ԼՂ հարցի շուրջ տասնամյակներ բորբոքվել է, ուստի ռազմական եւ դիվանագիտական բազմաթիվ կարեւոր որոշումների համար նախկին կառավարությունն է պատասխանատու: Շվեյցարական լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ի՞նչ մարտավարությամբ է վարչապետը նոր ընտրություններ անցկացնելու մտադրություն հայտնում: Շթյոբերի կարծիքով, վարչապետը ելնում է նրանից, որ իրեն այլընտրանք չկա:

Մեր հանգամանալից անդրադարձըՙ «Ազգ»ի առաջիկա համարներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ