ՄԵԿ ՏԱՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս - Եվ քանի որ, կորոնավիրուսը որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվումՙ շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Արսեն Թորոսյան, 27.02.20թ. (Այսպիսն էր Առողջապահության նախկին նախարարի մեկնաբանությունը կորոնավիրուսի մասին) Հայաստանում կորոնավիրուսի տարածումից անցել է մեկ տարի: Հենց 2020 թ-ի մարտի 1-ին էր, երբ մեր երկրում գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքըՙ Իրանից ժամանած քաղաքացու մոտ: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվ այժմ հասել է 172.456-ի: Վիրուսի տարածման սկզբնական շրջանում հասարակությունը «պայքարում էր» սխտորով, իսկ ավելի պաշտպանված լինելու համար էլ սեւ պղպեղով օղի (պերցովկա) էին օգտագործում ու պարբերաբար խնկարկում տունը: «Կորոնավիրուսով չեմ վարակվել, բայց շատ բարեկամներ ունեմ, որոնք վարակվել են եւ ընթացքը անցել է տարբեր ձեւերովՙ ամենաթեթեւից սկսած մինչեւ մահ», մեզ հետ զրույցում ասաց 25-ամյա Մանեն: Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում հինգ անգամ երկարաձգվել է արտակարգ դրությունը եւ մեկ անգամ էլ կարանտինը, իսկ այժմ շարունակում է գործել կարանտինային ռեժիմը: Ինչպես ասում են բժիշկներըՙ «Կարանտինը նման է հղիության: Դա մի փոքր լինել չի կարող»: «Կորոնավիրուսով վարակվել եմ անցած տարվա հունիսին: Սկզբնական շրջանում մարմնի թուլություն էի զգում, իսկ հետո բարձր ջերմություն, համի ու հոտի կորուստ, բերանի խոռոչի բորբոքում եւ այլն: Տան անդամներից վարակվել ենք ես, եղբայրս եւ քույրս, իսկ մյուսները կա՛մ չվարակվեցին, կա՛մ իրենց մոտ հիվանդությունը անսիմպտոմ անցավ», պատմեց 20-ամյա Յանան: Կորոնավիրուսից «ազատվելու» միակ տարբերակը, շատերի կարծիքով, արդյունավետ պատվաստանյութի ստեղծումն է: Որոշների կարծիքով էլՙ վարակը շարունակելու է ապրել մարդկանց հետ, ինչպես մի շարք այլ վարակների դեպքում է: «2020-ի ավարտին փորձնական կիրառության էին դրվել ռուսական Sputnik V, ամերիկյան Modern ու Pfizer եւ այլ պատվաստանյութեր: Պատվաստումները դեռ մի քանի ամիս է ընթանում են, բայց արդեն առկա են մի շարք խնդիրներ կապված դրանց հետ: Եվրոպական մի քանի երկրներում պատվաստումներից հետո մահվան դեպքեր են գրանցվել», ասաց վարակաբան Մարինե Խաչատրյանը , ապա ավելացրեց, որ վիրուսի մուտացիաներից մեկի պատճառով, որը 30-50 տոկոսով ավելի արագ է տարածվում, աշխարհի մի շարք երկրներ դադարեցրել են օդային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ, իսկ Միացյալ Թագավորությունը խստացրել է կարանտինային ռեժիմը: «Վարակը տարածվում է տարբեր երկրներում եւ հասել է նույնիսկ հարեւան Վրաստան», իր խոսքում նշեց վարակաբանը: Մինչքովիդային կյանքին վերադառնալու հույսը շատերը կապում են պատվաստանյութերի հետ, շատերն էլ փորձում են աչքաթող անելով ապրել իրենց սովորական կյանքով: |