RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1425, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԽՏԱԾԻՆ ԺԽՈՐ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ժխորն այնքան է շատացել, որ խլացնում է ամեն խելամիտ խոսք, ասվածն օդի մեջ կորչում է:

Քաղաքը բեռնաթափելու համար մեկդարյա լռություն է պետք, մերթ ընդ մերթ զանգերի արթնացումով:

Երեւանի` մի ժամանակվա գաղջ, կուպրանման մթնոլորտը ախտածին է դարձել, թույն արտազատող. տեսած կլինեք` շուկայում միմյանցից տեղ ու հաճախորդ փախցնող լաչառ կանանց կատաղի լեզվակռիվ, դա ոչինչ է սրա համեմատությամբ:

Հայերեն լեզուն ոչ միայն նահանջել, այլեւ հրաժարվում է սրանց ենթարկվել: Վայրենի աղմուկ է, կոկորդային ճղճղոցներից բառեր չեն արտաբերվում, որովհետեւ միտք, իմաստ չկա, բայց որքան արհամարհանք կա նորմալ մտածող մարդու հանդեպ: Ո՛չ ամոթ, ո՛չ պատկառանք. չէ, մեր նկատմամբ չէ, իրենք իրենց նկատմամբ գոնե ունենան:

Ահա ինչ կարող է անել դեգրադացված, կրթությունից, բարոյականությունից զուրկ ամբոխը, սոված ամբոխը, եթե անգամ միլիոնանոց դղյակների տեր լինի... Խիղճ ու պատիվ մոռացած մի մուրացկան:

Քայլում են հոգնած, մի կերպ, գոռում են բաներ, որ չեն էլ հասկանում, եւ այդ զզվելի ժխորը, սուտը, անմիտ բառակույտերը, զավեշտը ուղարկում վերեւ, ու ստանալու են նույն պատասխանըՙ անարժանապատիվ, վերեւի, ներքեւի բոլոր օրենքները խախտածի պատասխան:

Էլ ինչ վիրավորվենք մեր կողքի երկիրը ղեկավարողի` մեզ նվաստացնող խոսքերից, հիմա չասե՞նք իրականություն է արձանագրում, որ ասում է` Հայաստանում տրագիկոմեդիա է: Տոնավաճառ հոգիների, մտքի սնանկություն, «հպարտների» սնամեջ, «բուկլետային» տարածությունՙ անշնորհք ներկայացման: Քաղաքն աղբով է լցվել, անամոթությունը նորմ է դարձել, իրենց ինքնությանը, պատմությանը մշակույթին անտեղյակ անհաղորդները տգիտության բարձունքներ են նվաճում հրապարակայնորեն: Զոհերի հիշատակինՙ աղմուկ աղաղակ, հայ -հույ - կեցցենե՞ր (միշտ չեմ սիրել այդ կեցցեն, կեղծ բառ է պաթոսական): Ամիսներ առաջ էրՙ իրենց իսկ հայտարարած սգո օրը Եռաբլուրում զավեշտի վերածեցին: Մարտի 1 -ի զոհերի հիշատակի օրը այդ նույնի կրկնությունը տեսանք Երեւանի փողոցներում:

Օդը մաքրելու անհրաժեշտություն կա ամբոխի ու ամբոխավարների վտանգավոր այս քաղցից:

Հիմա չասե՞նք հազար ափսոս մեր նահատակներին, հազար ջահել կյանքեր զուր անցան:

Եվ ինչպես անենք, որ մեր կողքին մնացած մի բուռ արժեքավոր մարդկանց կարողանանք պահպանել, եթե կորցնենք նրանց էլ, տանիքը փլելու ենք մեր` արդեն խարխլվող Տան. մարդկանց, որ գիտեն ու դեռ պահպանում են մեր անցյալի, մեր լեզվի, բառի, մարդու, մարդկայինի պատիվ ու արժանապատվություն:

Բաղրամյան պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակ ձգվում էր ատելության մութ շղթան, թշնամանք էր նետվում մի ափից մյուսը. կիսել են, կիսվել ենՙ չգիտես ում միջեւ, ինչի համար: Իրենք իրենց արարքներին հաշիվ չտվողները ամբոխաքանակ են հաշվում, բայց մենք դա տեսել ենք, հո չենք մոռացելՙ ո՞նց են թվերը սարքում, հո գիտենք, որ նույնն էլ հիմա է:

Սուտ, բռնություն, կեղծիք, ատելություն, ամբոխահաճություն, դատարկամտություն. այսպիսի մթնոլորտում հնարավո՞ր է մարդանպաստ բան ստեղծել:

Բաղրամյան պողոտայի ու Հանրապետության հրապարակի միջեւ բարեբախտաբար Մատենադարանը կա, մեր իմաստության դարպասը, ինչպես իրավամբ բնութագրվեց: Այնտեղ հին իմաստունների խոսքեր կան ամբարված, գուցե փորձենք ականջալուր լինել այս անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ