«ՈՂԲԻ՜ ՀԱՅՐԵՆԻՔ, ՈՐԲԻ՜ ՀԱՅՐԵՆԻՔ...» ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս - Ան, բալե՛ս, ցավդ տանեմ, պապան Աստված պապիկի մոտ է գնացել - Ինչի՞ է գնացել Աստված պապիկի մոտ, արի տաքսիով գնանք, իրեն տուն բերենք... Լսելով փոքրիկ Անիինՙ արյունը սառեց երակներումս: Կապիտուլյացիայից հետո թվում էր սառել են էմոցիաներս, բայց լսելով փոքրիկին հասկացա, որ ուզում եմ վշտից ճչալ, հիշողությանս արխիվը դատարկել ու մի օրով գոնե ամեն ինչ մոռանալ: Մեր երկրի ամեն անկյունից ցավի հոտ է գալիս, սակայն կառավարությունը չի ապրում այն վիշտը, որ զոհվածների հարազատներն են ապրում, փոխարենը «հայրենիք փրկողները» շարունակում են հայհոյել ու անիծել իրար, անհնազանդության ցույցերից անմասն չմնալով: «Նիկոլից բացի մարդ չկա էստեղ, Նիկոլն եկավՙ մի քիչ խելքի բերեց: Հները թալանեցին երկիրն ու բանակը», «Քոչարյանի ժամանակով ավելի լավ էինք ապրում,Նիկոլը եկավ ծախեց մեր երկիրը ու կերավ». իշխանություն-ընդդիմություն քաղաքացիական պատերազմ է հասունանումՙ ֆեյսբուքից տեղափոխվելով փողոց:Նիկոլականները հականիկոլականներին են թշնամանք հորդում, հականիկոլականներըՙ նիկոլականներին: «Հներից ոչ ոք չպիտի իշխանության գա, Նիկոլի ցավը տանեմ, եթե Նիկոլը չկանգնացներ, հիմա չգիտես ինչ կլիներ: Թող չմեղադրեն Նիկոլին, իրանց եփած բորշն էր, քցին էդ խեղճ մարդու ջեբը, մենք կանգնած ենք Նիկոլի կողքը», «Իսկ դու ի՞նչ գիտես, այ նիկոլազավր, զոմբիի նման փակ աչքերով ապրում ես»: Տղամարդիկ բացում են հայհոյանքների տոպրակները ու կանգառում նիկոլական-հականիկոլական քաշքշոցն ավելի է թեժանում: Զուգահեռ իրականությունում ֆեյսբուքի, ֆեյքերի համալսարանը ֆորմալիզացված մարդիկ են: Մաղձն ու թշնամանքը սրտերումՙ անեծքներ սովորելու վարպետության դասեր են անցնում, լոկ մի like մուրալու համար: Մեր միակ լուսավոր իրականությունը լռել ու տեղ է գտել Եռաբլուրում: Հայրենիքն ու պետությունն ամեն ինչից վեր դասող մարդիկ գրկել են Եռաբլուրը: Սո՛ւտ է, երբ ասում են, թե Եռաբլուրում զոհվածներ կան. էնտեղ մի մեծ, մի մեծ ընտանիք կա, մի ընտանիք, որ շնչում է... Ողբի՜ հայրենիք, որբի՜ հայրենիք... Թումանյանի խոսքերն են դոփում սրտիս մեջ, որը հիմա ճաք է տվել: Մեր սրտերի վերքը, հետքը, վիհը երբեք այսչափ մեծ չի եղել: Մենք երբեք ինքներս մեզանից այսքան բաժան ու ինքներս մեզ հետ այսքան անհաշտ չենք եղել: |