RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1088, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՔԱՐՏՆ Է

ՀՐԱՉ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Թեհրան

Առաջին անգամ չէ, որ մեր թերթի էջերում հյուրընկալում ենք այս հեղինակին: Ամիսներ առաջ տպագրել էինք նրա «Պանթյուրքիզմի երկու խոչընդոտները» վերնագրով հոդվածը: Ներկա համարում ընթերցողների ուշադիր ընթերցմանն ենք ներկայացնում նրա խիստ ուշագրավ հոդվածը, որը զգաստության հորդոր է բոլորիս ուղղվածՙ մեր տարածաշրջանում եւ հատկապես մեր երկրին ուղղված սպառնալից նոր զարգացումներին ընդառաջ: Հիշեցնենք, որ պարսկահայ մեր բարեկամը քաղաքագետ-պատմաբան է եւ հեղինակ «Պանթյուրքիզմի նախաբան» պարսկերեն ուսումնասիրության, որ 2005 թ.ին հրատարակվել է Թեհրանում:

Խմբ.

Թուրքիայի ներկա ծավալապաշտական արշավի հիմնական շարժառիթը կարող է լինել այդ երկրի ազգագրական (էթնոգրաֆիկ) պատկերի փոփոխման հեռանկարը:Շուրջ հարյուր տարի առաջ հիմնադրվեց հանրապետական Թուրքիան որպես թրքական ազգային պետություն: Ծրագրվել էր ստեղծել զուտ թրքական երկիր: Սակայն հակառակ թրքացման բոլոր միջոցառումներին, Թուրքիայի ոչ-թուրք փոքրամասնությունները (առավելաբար քրդեր, ապա նաեւ լազեր, արաբներ, թաքուն հայեր եւ այլն) մի կերպ գոյատեւեցին եւ հիմա նրանց տեսակարար կշիռը Թուրքիայի ընդհանուր բնակչության մեջ տարեցտարի բարձրանում է, այնպես որ մի քանի տասնամյակ անց ոչ-թուրքերի ընդհանուր թիվը կկազմի բնակչության կեսից ավելին: Թուրք ազգայնական իշխող վերնախավը խիստ մտահոգված է այդ հեռանկարից. Ոչ- թուրքերի աճող թիվը բանակում եւ ընտրություններում կարող է լրջորեն խաթարել թրքապաշտ պետական քաղաքականությունը: Ավելին. Թուրքիայի քրդերը սահմանակից են Սիրիայի, Իրաքի եւ Իրանի քրդաբնակ տարածքներին, ուր առկա է քրդական ազգային զարթոնք, որով կարող է առավել ամրապնդվել քրդերի դիրքը տարածաշրջանում: Այսպիսով Թուրքիայի իշխող խավը գիտակցում է, որ եթե Թուրքիան շարունակի ամփոփված մնալ երկրի ներկա սահմաններում, շուտով կփոխվի Թուրքիայի ազգագրական պատկերը եւ այն կդադարի թուրք ազգային պետություն լինելուց: Վերջին հնարը մնում է Թուրքիայի ծավալվելը իր սահմաններից դուրս, հատկապես դեպի Արեւելքի թրքախոս տարածքներ, որոնց միանալով թուրք տարրը կպահպանի իր մեծամասնությունը երկրում: Իր սահմանները ծավալելու կամ ազդեցությունը ընդլայնելու ներկա Թուրքիայի ձգտումը կոչվում է նեոօսմանիզմ, քանի որ այն հիշեցնում է մեկ դար առաջ կործանված Օսմանյան Թուրքիայի կայսրությունը:

Դրսի թրքալեզուների հետ միանալով թուրք տարրը մեծաքանակ դարձնելու գաղափարը եղել է նաեւ երիտթուրքերի օրոք, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: Այն ժամանակ Անատոլիայի թրքությունը հաշվվում էր 7-10 միլիոն մարդ: Պանթյուրքիստ տեսաբան, ազգությամբ դեոնմե (մուսուլման դարձած հրյա) Թեքին Ալփը քարոզում էր, որ Օսմանյան թուրքերը Անատոլիայի «օտարացնող միջավայրում» միայնակ չեն կարող պահել իրենց թրքական ոգին. Դրա համար նրանք պիտի միանան Արեւելքի 60-70 միլիոն թրքալեզուների հետ եւ կազմեն մեծ Թուրքիան կամ Թուրանը, ստեղծելով մի հզոր քաղաքակրթություն, որ կարող է հավասարվել գերմանականի հետ: «Օտար» ասելով Թեքին Ալփը ակնարկել է հայերին ու հույներին, որոնք հոծ քանակով բնակվում էին Անատոլիայում ու հարակից շրջաններում եւ հիմնականում իրենց ձեռքում էր երկրի առեւտուրն ու արդյունաբերությունը:

Ինչեւէ, Առաջին համաշխարհայինի մեջ մխրճվելով Թուրքիան չկարողացավ դառնալ Թուրան, սակայն հասցրեց երկրից «մաքրել» քրիստոնյաներին, որոնց ունեցվածքը յուրացրեց դեոնմե եւ թուրք նորելուկ բուրժուազիան, որը եւ դարձավ հանրապետական Թուրքիայի իշխող վերնախավը: Այդ ընթացքում Թուրքիայից Արեւելքՙ Խորհրդային Միությունում եւ Իրանում հաստատվել էին կայուն եւ ամուր պետություններ, այնպես որ Թուրքիան ձեռնպահ էր մնում թուրանական ծրագրեր հետապնդելուց: Համենայն դեպս Թեքին Ալփը հուսալի էր տեսնում պանթյուրքիզմի ապագան, մեկնաբանելով որ Թուրքիան առայժմ նայում է դեպի Արեւմուտք եւ արեւմտյան քաղաքակրթությունՙ ներքնապես զարգանալու համար եւ երբ ժամանակը գաՙ նորից հայացքը կդարձնի դեպի Թուրան:

Նորաստեղծ թրքական հանրապետությունը իրականում հետեւում էր մեկ այլ պանթյուրքիստ տեսաբանիՙ Զիա Գոգալփի ուսմունքին: Ըստ սրաՙ պանթյուրքիզմը հնարավոր է իրագործել երկու փուլով: Առաջին փուլը պիտի լինի միավորումը «օղուզական» թուրքերի (Թուրքիայի թուրքերը, Կովկասի եւ Իրանի թրքալեզուները, թուրքմենները). սրանք բնակվում են Թուրքիայից մինչեւ Թուրքեստան եւ կազմում են մեկ ազգ եւ միավորվելով պիտի ստեղծեն «Օղուզիստանը» (ահա թե ինչու այսօր էլ պանթյուրքիստները Թուրքիայի եւ Ադրբեջանի թրքալեզուներին համարում են «մեկ ազգ երկու պետության մեջ»): Երկրորդ փուլում Օղուզիստանը միանալով մյուս թրքալեզու ժողովուրդներին (ուզբեկներ, ղազախներ, թաթարներ, ույղուրներ եւ այլն) պիտի կազմի Թուրանական միությունը կամ դաշնությունը: Բայց Օղուզիստան եւ Թուրան ստեղծելու համար Գոգալփը նշում է մեկ նախապայմանՙ Թուրքիայի համատարած թրքացումը բնակչությամբ եւ մշակույթով: Հենց այդ թրքացման գործին էր լծված թրքական պետությունը 1920-30 ական թվականներին: Պանթյուրքիստների տեսակետից հատկապես կարեւոր էր այն, որ քրդական ապստամբությունների ճնշումով մաքրվում էր Թուրանի ճամբան ոչ-թուրք տարրերից: Համենայն դեպս Թուրքիան չդարձավ միաձույլ թրքական երկիր: 1960-ական թվականներին քրդերը նորից գլուխ բարձրացրինՙ «մենք թուրք չենք, մենք քուրդ ենք» լոզունգով: Թուրք պետության նորանոր միջոցառումներն ու հալածանքները ապարդյուն անցան: Քրդական շարժումը հաջորդ տասնամյակներում վերածվեց զինյալ պայքարի: Մի հանգամանք է՛լ առավել զարկ տվեց քրդական զարթոնքին. Օսմանյան կայսրությունը համարվում էր իսլամական պետություն եւ երկրի բոլոր մահմեդական ժողովուրդները համարվում էին մուսուլման միլլեթի մասնիկը, այնպես որ թուրքացած քուրդը կամ լազը կամ չերքեզը իր ինքնությունը կորցրած չէր զգում, բայց երբ աթաթուրքյան Թուրքիայում թուրք ազգայնականությունը որպես գաղափարաբանություն փոխարինեց իսլամին, քրդերն այլեւս հեշտությամբ չէին թուրքացվում, չէին ուզում մոռանալ իրենց քրդական ինքնությունը:

Այսպիսով, քրդերի գոյատեւումը դառնում էր լուրջ սպառնալիք Թուրքիայի ապագայի համար: Այս հեռանկարի հանդեպ թրքական իշխող որոշ խավերի մեջ միտք հղացավ նորից վերադառնալ իսլամին եւ շահագործել կրոնական գործոնը: Կար երկու նպատակ. նախՙ երկրի ներսում քրդերին առնելով իսլամական կուսակցությունների ազդեցության տակՙ նրանց հեռացնել քրդկան ազգային շարժումներից. եւ երկրորդՙ տարածաշրջանի մուսուլման երկրներում ծավալել Թուրքիայի քաղաքական-տնտեսական ազդեցությունըՙ հանդես գալով որպես իսլամի պաշտպան: Այս պայմաններում աստիճանաբար առաջացավ նեոօսմանիզմի գաղափարը մի քանի տարբերակներով:

1980-ական թվականներին թուրք ղեկավարներից Թուրգութ Օզալը քարոզում էր այն գաղափարը, թե Թուրքիայի ազդեցության ծավալվելը Արեւելքում համընկնում է նաեւ Արեւմուտքի շահերին: Նա Արեւմտյան ուժերին հուշում էր, որ Իրանի հեղափոխական իսլամի դիմաց Թուրքիան իր մեղմ իսլամով կարող է իսլամական աշխարհը զերծ պահել հակաարեւմտյան գաղափարներից: Բացի այդ, Օզալը նշում էր, որ Ռուսաստանում եւ Չինաստանում բնակվում են տասնյակ միլիոնավոր թրքալեզու ժողովուրդներ, որ Իրանի բնակչության կեսը թուրք է, եւ որ Թուրքիան իր թրքականությամբ կարող է որոշ դեր կատարել այդ տարածքներում: Օզալը հորդորում էր, որ Արեւմուտքը ուշադրություն դարձնի Թուրքիայի այս ունակությունների վրա եւ ըմբռնի, թե Թուրքիան ինչե՜ր կարող է անել տարածաշրջանում: Եվ իրոք շուտով, Խ.Միության փլուզման բերումով, իսլամը, պանթյուրքիզմը եւ Թուրքիան առավել ուշադրության արժանացան Արեւմուտքում: Այս ժամանակաշրջանում Թուրքիայի ազդեցության տարածման գաղափարախոսը Դավութօղլուն էր: Ըստ նրաՙ Թուրքիան իր ստրատեգիական ազդեցությունը պիտի ծավալի փափուկ ուժով, առանց ռազմական կամ քաղաքական բախումներ ունենալու շրջապատի հետ: Այս կապակցությամբ իր հայտնի բանաձեւն էրՙ«զրո խնդիր հարեւանների հետ»: Հայ-թրքական հաշտեցման արձանագրությունները ստորագրվեցին հենց Դավութօղլուի արտգործնախարարության ժամանակ: Մինչ Դավութօղլուն մեղմորեն շարունակում էր Թուրքիայի համար քաղաքական եւ տնտեսական լայն ոլորտ ծավալել, մյուս կողմում քրդերն էլ շարունակում էին բազմանալ, այնպես որ Թուրքիան փաստորեն շրջապատվում էր քրդերով: Թուրքիայի ղեկավարության ծայրահեղ շրջանակները չէին կարող երկար սպասել փափուկ ուժի հաջողության: Հիմա հարկավոր էր կիրառել կոշտ ուժ: Եվ այսպես Թուրքիայում հրապարակ իջավ թրքական ռազմատենչ նեոօսմանիզմը, որը յուրատեսակ խառնուրդ էր Օսմանյան սուլթանների սուննի իսլամի, երիտթուրքերի իսլամախառն պանթուրանիզմի եւ պանթյուրքիստ տեսաբաններ Թեքին Ալփի եւ Զիա Գոգալփի ուսմունքների: Ահա այս գաղափարաբանությամբ է նեոսուլթան Էրդողանը Թուրքիայի ուժը ցուցադրում Ասիայից Աֆրիկա ու Եվրոպա: Այժմ Թուրքիան զինյալ ներկայություն է Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Կովկասում, հենակետեր ունի Սոմալիում եւ Քաթարում, աշխուժացրել է թուրք ազգայնամոլական-կրոնական կազմակերպությունները Եվրոպայի տարածքով մեկ:

Արեւմուտքը դեմ է դուրս գալիս նեոօսմանիզմի ծավալապաշտությանը միայն այնքանով, որքանով դա դիպչում է իր շահերին, օրինակՙ Միջերկրականի ջրերում, այլապես սատարում է այդ ծավալապաշտությունը Արեւելքում, օրինակՙ Կովկասում, ուր Թուրքիայի հաստատվելը համընկնում է Արեւմուտքի հեռահար նպատակներին: Նմանապեսՙ վարձկան ահաբեկիչների գործունեությունը Եվրոպայում արգելվում է, սակայն այդ ահաբեկիչները ինչ կուզենՙ թող անեն Արեւելքի նիսյա բնակչության հանդեպ:

Նեոօսմանիզմի դաշնակիցները Արցախյան պատերազմում

Եթե Թուրքիայի իշխող վերնախավը իր գոյատեւման վերջին խաղաքարտը համարում է ծավալապաշտությունը, ապա ինքը Թուրքիան էլ Արեւմուտքի համար որոշ իմաստով նկատվում է որպես վերջին խաղաքարտ, որը հնարավոր է օգտագործել Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ: Արեւմուտքը երկար տարիներ անհաջող աշխատել է արգելակել այդ երկրների հարաճուն հզորացումը, փորձել է ծնկի բերել Իրանը, ապակայունացնել Ռուսաստանը, եւ ամենակարեւորըՙ զսպել Չինասանի առաջընթացը, որը միտում է դառնալ աշխարհի առաջին տնտեսությունը: Տեսակետ կա, որ Արեւմուտքի համար մղձավանջ դարձած այդ երեք երկրներին կարելի է դիմակայել նեոօսմանիզմի առաջամարտիկ եւ պանթյուրքիզմի ջահակիր Թուրքիայի միջոցով. Թուրքիան կարող է ապստամբություններ հրահրել այդ երկրների թրքալեզու տարածքներում: Եվ դա կարելի է իրագործել միայն հիմա՛, քանի որ ոչ հեռու ապագայում ինքը Թուրքիան կարող է մասնատվել կամ դառնալ թուրք-քրդական պետություն, որն այլեւս չի հետապնդի պանթյուրքական-նեոօսմանական ծրագրեր: Թուրքիայի խաղաքարտը օգտագործելու մասին են մտածում հատկապես պանթյուրքիզմի ավանդական հովանավորներըՙ Անգլիան եւ Սիոնիզմը:

Ուժերի այսպիսի դասավորությամբ սեպտեմբերին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որը ըստ էության ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ իր խայտաբղետ դաշնակիցների հարձակումն էր Արցախի վրա: Անգլիական գաղտնի ծառայությունները Թուրքիայի զինուժի հետ մշակել էին արշավի ծրագիրը, հարձակվող բանակի հրամանատարներն իրականում թուրք սպաներն էին: Ադրբեջանին օժանդակում էր նաեւ Պակիստանը: Իսրայելը օգնում էր անօդաչուներով եւ տեղեկատվությամբ, իսկ վարձկան ջիհադիստներին բերել էին ռազմադաշտ որպես թնդանոթի միս, ինչպես նաեւ կոտորելու համար «անհավատներին»: Ըստ ծրագրիՙ մի քանի օրում պիտի ջախջախվեր հայկական պատնեշը, Արցախի բնակչությունը պիտի քշվեր Հայաստան, արդյունքում պիտի վարկաբեկվեր Ռուսաստանը եւ դուրս մղվեր Հայաստանից, Թուրքիայի զինուժը պիտի հաստատվեր Կովկասում, որից հետո սկսվելու էր ջիհադիստների ներթափանցումը Իրան եւ Ռուսաստան: Իրանի դեմ պիտի գործեր նաեւ Ադրբեջանում ամրացած իսրայելական տեղեկատվական եւ մասնագիտական ցանցը:

Պատերազմի առաջին օրերում ՆԱՏՕ-ական Արեւմուտքում «մտահոգություն» հայտնելով եւ չեզոք ձեւանալով սպասում էին հայկական խոչընդոտի փշրվելուն, իսկ Արեւելքումՙ պանթյուրքիզմի թիրախ երկրներում զգուշաբար սպասում էին հայոց դիմադրության հաջողությանը, որպեսզի դարձյալ մի քանի տարով պատնեշվի պանթյուրքիզմը եւ հեռանա շառ ու փորձանքը իրենց գլխից: Հայ զինվորների դիմադրությունը տեւեց երկար, փաստորեն խառնելով բոլորի հաշվարկները: Պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ անց Ֆրանսիան եւ Ամերիկան, այժմ իրոք մտահոգված, որ Ռուսաստանը կարող է Կովկասում միակ թելադրողը դառնալ, ուշացած հանդես եկան հրադադարի միջնորդի դերում, բայց արդեն իրադրության տնօրինողը Ռուսաստանն էր, որ կարողացավ հրադադար պարտադրել եւ ինքն էլ հաստատվել Արցախում:

Ինչեւէ, անհավասար կռվում հայկական կողմը պարտվեց, սակայն Ադրբեջանն էլ լիովին չհաղթեց: Ադրբեջանը տասնյակ տարիներ պատերազմ էր քարոզում «Ղարաբաղ բիզիմդիր » (Ղարաբաղը մերն է) նշանաբանով, բայց այժմ բուն բիզիմդիրի զգալի մասում դեռեւս գոյություն ունի հայկական իշխանություն, ռուսական բանակի ներկայությամբ: Չեն հաջողել նաեւ Ադրբեջանի ՆԱՏՕ-ական հովանավորները, որոնց հիմնական նպատակներից էր ռուսներին Հայաստանից դուրս մղելը, բայց ահա Ռուսաստանը հաստատվել է նաեւ Արցախում, եւ դեռ կարելի է հավելյալ հենակ հիմնի Հայաստանում: Այդ առումով հաղթանակել է Ռուսաստանը, որ հասել է իր նպատակին: Նրա երկմտությունը (դիլեմա) ՆԱՏՕ-ական Թուրքիայի եւ ջիհադիստների տեղակայումն է Ադրբեջանում: Հաղթական է նաեւ Իսրայելը, որ հաստատվել է Իրանի հյուսիսային սահմանին մոտ: Մեծ չափերով հաջողել է Թուրքիան, որի բուն նպատակը եղել է ոչ թե Ղարաբաղը, այլ Մեղրիով միջանցք բացելը ( դեռեւս 1992 թվականին, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը առաջարկում էր Ղարաբաղը հանձնել հայերին եւ փոխարենը Մեղրին կցել Ադրբեջանին): Առայժմ հստակ չէՙ Մեղրիով կլինի միջա՞նցք, թե՞ տարանցիկ ճանապարհ, կամ այլ բան: Թուրքիայի համար, իհարկե, անցանկալի արդյունք է Ռուսաստանի ամրանալը Արցախում եւ Սյունիքում: Ինչ վերաբերում է անհավատներին մորթելու եկած ջիհադիստներին, կարելի է ասել, որ նրանք հասել են իրենց ուզածինՙ այս աշխարհում ստանալ դոլար եւ այն աշխարհում արժանանալ Աստուծո ջեննեթին:

Թուրքիայի հաջորդ քայլը

Արցախյան վերջին պատերազմը դեռ չի ավարտվել, որովհետեւ դա չէր սկսվել միայն Արցախի համար, այլ ուներ հեռուն գնացող նպատակներ: Պատերազմը ծրագրավորողների գերկարեւոր նպատակը Թուրքիայի եւ ջիհադիստների հաստատվելն էր Կովկասում, Իրանի եւ Ռուսաստանի սահմանին մոտՙ հետագայում այդ երկրներում խլրտումներին մասնակցելու համար: Դա իրագործվել է միայն մասամբ. Թուրքիան եւ ջիհադիստները Ադրբեջանում են, բայց այնտեղ են նաեւ ռուսները, այնպես որ նեոօսմանիզմի կողմից որեւէ քայլ Ռուսաստանի դեմ բացառվում է: Մնում է Իրանը: Արդեն Էրդողանը Բաքվում հրապարակավ բացահայտեց իր ախորժակը Ատրպատականի նկատմամբ: Առայժմ Իրանը ամեն կերպ խուսափում է պատերազմից: Համենայն դեպս պանթյուրքիստները մտահոգ են, որ Իրանի դեմ իրենց որեւէ գործողության ժամանակ Հայաստանը կարող է օժանդակել Իրանին, օրինակՙ Իրան-Հայաստան փոխադարձ մատակարարումներով: Թուրքիան եւ իր արեւմտյան դաշնակիցները հասկանում են, որ հայերին հնազանդեցնելու համար ռուսներին պետք է հեռացնել Հայաստանից եւ դա կարելի է անել միայն հայերի միջոցով: Ուրեմն Թուրքիայի հաջորդ քայլը Հայաստանի նկատմամբ կլինի բարիդրացիության սիգնալներ հղելը, որը հետագայում կտանի Հայաստանի հնազանդեցման, ստրկացման եւ ոչնչացման: Սա Թուրքիայի ավանդական քաղաքականությունն է. 1920 թվին, Կարաբեքիր փաշան հարձակվեց Հայաստանի վրա նպատակ ունենալով «ջնջել Հայաստանը աշխարհագրական քարտեզից» եւ հասնել Բաքու: Սակայն Մոսկվան, որ չէր ցանկանա Կովկասը թողնել իր «գործընկեր» Թուրքիային, ավելի ճարպիկ շարժվեց եւ կարգադրեց Հայաստանի վերջին հողակտորի վրա հիմնել ի՛ր Հայաստանըՙ Սովետականը: Ահա այստեղ էլ Կարաբեքիրը մեղմացավ եւ, ըստ անգլիացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերի , ինքն էլ որոշեց ստեղծել ի՛ր Հայաստանը, եւ վերջին պահին հայերին ստորագրել տվեց Ալեքսանդրապոլի ստրկացուցիչ «հաշտության» պայմանագիրը, ավելի ճիշտՙ նվաստագիրը:

Ներկայումս Արեւմուտքը եւ Թուրքիան կսկսեն հայերին սիրաշահել առատ խոստումներով, հայերի ականջին կփսփսան ռուսներից ազատված ժողովրդավար Հայաստանի առավելությունների մասին, Հայաստանը կողողեն սպառողական հասարակության ճաշակը բավարարող արտադրանքներով, մինչեւ հայերը տեսնեն հարեւան Թուրքիայի հետ առեւտուր անելու «օգուտները» եւ ավելորդ համարեն ռուսական ներկայությունը իրենց անկախ եւ ազատ երկրում: Այնուհետեւ Վրաստանի օրինակով կսկսվի Հայաստանիՙ թրքական կապիտալով գրավման գործընթացը, որից հետո ադրբեջանցիները բնակություն կհաստատեն Զանգեզուրում, «Էրիվանում» եւ «Գոյչայում» (Սեւան), իսկ նոր թափ կառնի հայերի արտագաղթը, այնպես որ դարակեսին Հայաստան կոչվող երկիրը արդեն կդառնա հայ եւ թուրք խառը բնակչությամբ երկիր, ինչպես որ Վրաստանում նշանակալի թիվ եւ կշիռ կունենան պրո-Թուրքիա մուսուլմանները: Այդ ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը իր ազդեցությունը կտարածի Իրանում: Ալիեւը դեռեւս ամիսներ առաջ ասել էրՙ շուտով Հայաստանը կհայտնվի թրքական տարածքներով շրջապատված (Ալիեւը նկատի ունի, որ շուտով ավարտված կլինի Վրաստանի հարավի թրքացումը եւ Ատրպատականում թրքական իշխանության հաստատումը):

Ինչպես տեսնում ենք, երեք միլիոն հայեր գնալով շրջափակվում են հարյուր միլիոնից ավելի թուրք բնակչությամբ տարածքներով եւ գիտենք նաեւ, որ պանթյուրքիզմը, ՆԱՏՕ-ական Թուրքիայի գլխավորությամբ, պատերազմով թե բարեկամաբար, նպատակադրել է ոչնչացնել հայկական խոչընդոտը: Հայաստանն իր ներկա ռեսուրսներով եւ անկազմակերպ վիճակով անկարող է դիմանալ պանթյուրքական-նեոօսմանական ոտնձգություններին եւ գոյատեւելու համար կարիք ունի հզոր դաշակիցների: Այժմ երեք ուժ դերակատար են հարավային Կովկասումՙ 1.- պանթյուրքական տանդեմը, որի գերագույն նպատակը Հայաստանը ոչնչացնելն է: 2.- Ռուսաստանը, որ ուզում է Հայաստանը գոյություն ունենա, բայց այդ Հայաստանը անվերապահորեն ի՛ր հետ լինի: 3.- Արեւմուտքը, որի հիմնական նպատակը ռուսներին Կովկասից դուրս մղելն է, իսկ Հայաստանի լինելը կամ չլինելը իր խնդիրը չէ:

Հայաստանը ապահով մնալու համար վերոնշյալ երեք ուժերից մեկին պիտի ընտրի որպես դաշնակից: Պանթյուրքական տանդեմի հետ համակերպվելը կտանի դեպի Հայաստանի կործանում:

Ասողներ կլինեն, որ կարող ենք մի կերպ թուրքերի հետ յոլա գնալ մինչեւ Թուրքիայի ազգագրության փոփոխությունը հանգեցնի այդ երկրի մասնատմանը, որով ինքնին օրակարգից դուրս կգա իր նեոօսմանիզմն էլ, պանթյուրքիզմն էլ, եւ հետո Հայաստանը վերջապես ազատ շունչ կքաշի: Իրոք Թուրքիայի ազգագրական պատկերի վերահաս փոփոխումը իր հետ շատ բան կարող է փոխել, բայց չպիտի մոռանալ նաեւ, որ հոգեվարքի մեջ գտնվող պետությունները իրենց ուժը ցուցադրում են շրջապատի թույլ կետերում: Այդպես եղավ 1920 թվին, երբ թուրքերը իրենց քայքայված բանակը ոգեպնդելու համար հարձակվեցին ամենաթույլ հարեւանիՙ Հայաստանի վրա: Ապագայում էլ նեոօսմանիզմի համար մատչելի թիրախը լինելու է թույլ Հայաստանը: Մեկ դար առաջ, հայ ղեկավարների հեղհեղուկ, զիգզագային կողմնորոշումների եւ իրականն ու երեւակայականը իրարից չտարբերելու պայմաններում, կործանվող Օսմանյան կայսրությունը փուլ եկավ հայերի գլխին. հիմա պիտի զգոն լինել, որ կործանվող նեոօսմանյան կայսրությունը փուլ չգա դարձյալ հայերի գլխին:

Կարելի՞ է Արեւմուտքի հետ դաշնակցելու հույսեր կապել: Արեւմուտքին ապավինելու արդյունքը հայերը ճաշակել են «Հայկական հարցի» արծարծման ժամանակաշրջանում, երբ տեղի ունեցան հայկական կոտորածները եւ Հայաստանի մեծ մասի կորուստը: Իհարկե, 1920 թվին, երբ Կովկասում առաջ էին շարժվում բոլշեւիկները, Հայաստանի արեւմտյան «դաշնակիցները» սուլթանական Թուրքիայի մահամերձ կառավարության հետ ստորագրեցին Սեւրի դաշնագիրը, հողեր խոստանալով Հայաստանին, որպեսզի այդ զգայուն պահին հայերը չընկնեն բոլշեւիկների գիրկը, այնինչ նույն Արեւմուտքը այդ ժամանակ արդեն սիլի-բիլի էր անում Թուրքիայի իրական ուժ Մուստաֆա Քեմալի հետ: Եվ երբ Սեւրից մի ամիս անց քեմալական բանակը հարձակվեց Հայաստանի վրա, «դաշնակիցները» հայերին խորհուրդ տվին լեզու գտնել թուրքերի հետ, որովհետեւ նրանց համար ձեռնտու էր, որ Կովկասում տիրապետեն թուրքերը, քան ռուսները: Իսկ մեր մեջ, ինչպես Իսահակյանն է նկատել, «անբուժելի ռոմանտիզմ» կար Արեւմուտքի հանդեպ: Այսօր էլ Արեւմուտքը միայն կարող է հայերին խոստումներ շռայլել, բայց երբ Հայաստանի գոյությունը վտանգվի, գործնական քայլ չի վերցնի: Սաակաշվիլիի Վրաստանը վկա:

Դաշնակցելու մյուս այլընտրանքը Ռուսաստանն է, որի հետ Հայաստանի շահերը մասամբ համընկնում են: Ռուսաստանն էլ պանթյուրքիզմի եւ նեոօսմանիզմի թիրախներից է: Արդեն Թուրքիայում հրատարակվածՙ նեոօսմանիզմի ապագա նվաճումների քարոզչական քարտեզում Սեւ եւ Կասպից ծովերի ռուսական ափերը ամբողջովին պատկերված են Թուրքիայի հսկողության ծիրում: Երազա՞նք է: Այո, բայց գոնե հայերը գիտեն, որ պանթյուրքիստները իրենց երազաքների իրականացման համար ընդունակ են ցեղասպանություն գործելու: Այս պայմաններում Ռուսաստանի համար Հայաստանը եւ Արցախը հուսալի հենակետեր են: Ավելին. մոտ ապագայում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու Իրանի որոշումը առավել տրամաբանական է դարձնում Հայաստանի ամուր դաշնակցային կապը Ռուսաստանի հետ: Իհարկե, Ռուսաստանի դաշնակիցը դառնալով Հայաստանը շատ ոլորտներում պիտի համակերպվի նրա հետ: Հակառակորդները դա անկախության կորուստ են համարում, բայց ներկա պայմաններում, երբ Ռուսաստանից բացի ոչ մի ուժ պատրաստ չէ կանգնել Հայաստանի կողքին, դա միակ ընտրությունն է, թեկուզ այն համարվի չարյաց փոքրագույն: Համենայն դեպս պարզ է, որ Հայաստանը Ռուսաստանից լրիվ անկախանալով, պիտի կապվի եւ հնազանդվի Թուրքիային: Դարձյալ Վրաստանի օրինակը կա:

Այսօր Հայաստանի առաջնահերթ խնդիրը իր գոյատեւման ապահովումն է: Դրա համար, բացի ներսում ամուր լինելուց, Հայաստանը կարիք ունի ամուր դաշնակցային կապի: Այս ճակատագրական պահին ճիշտ կողմնորոշվելու մեր ուղեցույցը հենց հայոց պատմությունն է, իհարկե իրական պատմությունը եւ ոչ թե կեղծ պատմագրությունը, որից պիտի կրկնականապես հրաժարվել: Միշտ եւ ամեն տեղ կեղծ պատմագրությամբ սնված որեւէ ժողովուրդ, կտրվելով իրականությունից եւ ապրելով ֆանտազիաների մեջ, տարվել է անկումից անկում, այնինչ ճշմարիտ պատմագրությունը դաստիարակում է իրատես եւ հայրենասեր սերունդ: Մեզ մոտ էլ կեղծ պատմագրությունը մշտապես առաջացրել է ազգային սնապարծություն եւ հոխորտանք, որը հասցրել է հուսախաբության եւ ազգային տնաքանդության: Որպես ցայտուն օրինակ հիշենք Փարիզ նստած այն հայ «ազգային գործիչներին», որ աշխարհի գիշատիչ տերերից «ծովից ծով Հայաստան» էին պահանջում, իսկ վերջը Լոզանում նրանցից ինչ-որ home էին մուրում հայրենահան հայերի մնացորդացի համար, եւ իհարկե ոչինչ էլ չստացան: Չարենցը մեր այդ գործիչներին անվանել էՙ «սերմանողներ քամու եւ մուրացկանության»: Համեմատել մերօրյա ոչմիթիզականների հետ: Ինչպես միշտ, այսօր էլ մեր անդավաճան առաջնորդները կարող են լինել հոգեւոր Հայաստանի ներկայացուցիչներըՙ Չարենցը, Թումանյանը, Տերյանը, Իսահակյանը: Նրանք իսկական ազգային (ոչ թե ազգայնական) կերպարներ են, որ ապրեցին հայոց պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում, խորապես ճանաչեցին «դառն ու անուշ» հայրենիքը, հայ ժողովրդի փրկությունը տեսան հողմացրիվ բեկորները հավաքական ուժ դարձնելու մեջ: Նրանք դասեր քաղելով հայոց պատմությունից, ճիշտ կողմնորոշվեցին եւ գալիք սերունդների համար նշեցին ապագա ճանապարհ, որովհետեւ նրանք ոչ թե օրերի համար են գրել, այլ գալիք հեռակա տարիների համար, «եւ գուցե անգամ դարերի նորեկ»:

Վերադառնանք վերնագրին եւ եզրափակենք: Թուրք-հայկական հակամարտությունը դեռ չի ավարտվել. մեզ դեռ սպասում են մարտահրավերներ, փորձանքներ եւ գոյապայքար: Թուրքիան որպես իր գոյատեւման վերջին հնար իրեն պարտավոր է զգում ծավալվել, իսկ Հայաստանը իր գոյատեւման համար պարտավոր է դասեր քաղել հայոց պատմությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ