ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՄԱՅՐ» ԵՐԿԻՐ... ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՍԹԱՓՎԻ՛Ր ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Գերմանալեզու ԶԼՄ-ներն անդրադառնում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոյեմբերի 16-ին բռնկված զինված բախմանըՙ հիմնականում անտեսելով այն ակնառու հանգամանքը, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մեդիան հիշատակում է մեկ տարի առաջ արյունալի պատերազմը, անզգացմունք տեքստին կցում Եռաբլուրից լուսանկար, ակնարկում հայերիՙ ադրբեջանական ռազմական բիրտ ուժի հանդեպ վախի մասին եւ շեշտադրում Լեռնային Ղարաբաղիՙ «միջազգային իրավունքի տեսակետից» Ադրբեջանին պատկանելու հանգամանքը: Մեր դիտարկմամբՙ գերմանալեզու մեդիան կատարվողի մասին պատմում է հեռվիցՙ ամենամերձ կետը Մոսկվայից հետո Թբիլիսին է, բայց արտաքուստ չեզոք շարադրանքի մեջ այնպիսի բառեր է կիրառում, որ հուշում է, թե որ երկրին է հաճոյանում: Գերմանական ARD հեռուստաալիքի «Օրվա համայնապատկեր» հաղորդման կայքէջի համաձայնՙ հավելյալ մի հակամարտություն էլ «ադրբեջանական Նախիջեւանի շուրջ կարող է լինել, քանզի հրադադարի համաձայնագրով Հայաստանի տարածքով միջանցք պիտի տրվի մայր երկրին կապվելու համար»: Աշխարհը, գերմանալեզու աշխարհը Հայաստանի մասին խոսում էՙ որպես Ադրբեջանի խնդրառուի: Կանդրադառնանք: |