ԿԿՎԻ ՀԵՏ ԲԱՐԵԽՈՍԱԾ ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԻՐ ՅԱՆ «Փաստաթուղթը, որը դրված է սեղանին, պատրաստվում եմ ստորագրել. դա խափանվեց ներքաղաքական աղմուկի պատճառով»,- ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, որ դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել, որովհետեւ Ադրբեջանը կոնկրետ պատասխան չի տվել: Իսկ այս տարվա մայիսից ի վեր ՌԴ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է արել: «Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկները մեզ համար ընդունելի են»,- նոյեմբերի 18-ի կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Ինչ վերաբերում է ադրբեջանական մաքսակետերի տեղադրման ու նրանց ԶՈՒ-ի առաջխաղացման պատճառով Սյունիքի բնակավայրերում առաջացած խնդիրներին, Փաշինյանը հայտնեց. «Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա, կամ ընդհանրապես կտրված լինի, շրջափակման մեջ լինի»: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց, որ յոթ ճանապարհների մասին է անընդհատ խոսվում. մեկը Տաթեւ-Աղվանին է, որն արդեն երթեւեկելի է, մյուս վեցի աշխատանքներն ընթացքի մեջ են: Կապան-Ճակատեն, Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածներում հողային աշխատանքներից բացի նաեւ խճապատում է իրականացվում: «Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը ճանապարհներ ունեն. Ճակատենը մյուս գյուղերի հետ կապելու խնդիրն է բարդ, բայց կլուծվի»,- տեղեկացրել է Սանոսյանը: Հիշեցնենք, որ սա այն նույն Սանոսյանն է, որը Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ կանաչած, գարշահոտ Սեւանում լողում էր, ինչ է թե համոզիՙ Սեւանը վտանգված չի: Այն նույն Սանոսյանն է, որն անգամ չկարողացավ կանխել ձկան ապօրինի որսը: Նա էր, որ թշնամին Գեղարքունիք էր մտել, իսկ ինքն ասում էրՙ նման բան չկա: Հիմա եկել, Նիկոլի «մայլում քյանդրբազություն է անում», թեՙ ի՜նչ շրջափակված գյուղեր, ի՜նչ թշնամի ու վտանգ...ճամփեք ենք սարքում Է՜, մեզ կոտորում-կտրտում ենք, որ սյունեցիների մազը չծռվի: Հիշեցնենք, որ խոսքն այլընտրանքային ճանապարհների մասին է, որոնց անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ադրբեջանցիները միջպետական ու միջհամայնքային ասֆալտապատ, այդ թվում 1964-ին կառուցված Գորիս-Կապան գլխավոր մայրուղին ու այլ ճանապարհահատվածներ, որ միշտ եղել են ՀՀ տարածքում, առել են իրենց վերահսկողության տակ: Եվ եթե մինչեւ հիմա մի բնակավայրից մյուսը գնալու համար պետք էր անցնել 6 կմ, հիմա շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհների երկարությունը 150, 110 կմ է: Որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե Սյունիքում շրջափակման մեջ հայտնված գյուղ չկա, այնուամենայնիվ իրականությունն այլ է: Այլապես ինչո՞ւ են այդ գյուղերին պարենով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովում ԱԻՆ-ի ամենագնաց մեքենաները: Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու պատճառով Բարձրավան, Որոտան, Շուռնուխ գյուղերը փաստացի կտրվել են Հայաստանի տարածքներից: Գնել Սանոսյան, հենց հիմա Բարձրավան գյուղի բնակիչը հատուկ կարիքներով իր երեխային դեղորայք հասցնելու խնդիր ունի, որը կենսականորեն խիստ անհրաժեշտ է: Բարձրավան գյուղ հասնելու համար պետք է անցնել Խոտ-Որոտան գրունտային ճանապարհով ու միմիյան մեքենայով: Նշված գյուղեր շտապօգնության մեքենաներն ընդհանրապես հասնել չեն կարող: Դու վարչապետիդ հետ ձեռք ձեռքի տվածՙ հայտարարում ես, թե ճանապարհներ են սարքվում, շինարարական սեզոնի բացվելուն պեսՙ ասֆալտապատում կսկսեք: Դա ե՞րբ, գարնա՞նը, իսկ մինչեւ գարո՞ւն: Թե՞ հույս ունեք, որ այս տարի կկուն ձմռանն է ձեն տալու: |