«ՉԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾԸ» ՆԱԻՐ ՅԱՆ Մինչեւ նոյեբերի 15-ը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ադրբեջանցիները չեն մտել ՀՀ տարածք, թե Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունիՙ հստակ հասկացնելով, որ նկատի ունի Հայաստանի անկախ Հանրապետության այսօրվա սահմանները: Այդպիսով նա արդարացնում էր տարբեր ուղղություններով ադրբեջանցիների դիրքերի առաջխաղացումըՙ ՀՀ սահմաններից ներս: Փաստորեն, մեր երկրի ղեկավարը չի ընդունում, որ Հայաստանի անկախ Հանրապետության քարտեզագրված, միջազգայնորեն ճանաչված տարածքներն իրավացիորեն պատկանում են Հայաստանի Հանրապետությանը եւ ուղերձ է հղում աշխարհին ու մեր թշնամուն, թե եսՙ որպես Հայաստանի ղեկավար, ընդունում եմ, որ Հայաստանի սահմանագծումն ու սահմանազատումը մինչ այժմ սխալ է եղելՙ ի վնաս Ադրբեջանի: Ադրբեջանն էլ, անսալով Հայաստանի ղեկավարի հայտարարությանը, գալիս է «սխալն ուղղելու» եւ առանց մի փամփուշտ կրակելուՙ անարգել մտնում է մեր սահմաններից ներս, որը նրա համոզմամբՙ իր տարածքն է: Եթե մի երկրի ղեկավար թիվ մեկ ամբիոնից ամեն օր թշնամի երկրին ասում է «էստի՜ համեցեք» ու հայկական ԶՈւ-երին հրամայում ոչ մի դիմադրություն ցույց չտալ, ո՞ր մի հիմարը չի ցանկանա տիրել այդ երկրին: Այդպես Հայաստանի սահմանները բզկտվում են արդեն մեկ տարի: Ադրբեջանցիները մխրճվում են դեպի հայկական բնակավայրեր, մեր արոտավայրերը, այգիները, ռազմավարական նշանակության բարձունքները, դիտակետերը, ջրային ռեսուրսները, հողատարածքները նվաճում, իսկ Հայաստանի ղեկավարաը պարբերաբար հայտարարում է, թե ադրբեջանցիները չեն մտել ՀՀ տարածք: Նոյեմբերի 15-ին Փաշինյանը հանկարծ հայտարարեց, որ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք: Շատերն էին կանխատեսում հայտարարության նպատակը. հայտարարեց, որպեսզի հաջորդ քայլն անիՙ դիմի ՀԱՊԿ-ին: Նոյեմբերի 16-ին այդպես էլ եղավ, նա դիմեց ՀԱՊԿ-ինՙ մինչ այդ հայտարարելով, թե ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արեւելյան սահմանագծի ուղղությամբ: ՌԴ-ը դիմեց նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանըՙ հղում կատարելով 1997 թվականի երկկողմ պայմանագրին, որը կնքվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այն ենթադրում է խորհրդատվություն եւ աջակցություն զենքի տեսքով: Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը ՌԴ-ը դիմեցՙ հղում չանելով 2017 թվականին վերակնքված պայմանագրին, ըստ որիՙ ձեւավորվում է ռուս-հայկական համատեղ հրամկազմ եւ սկսվում պայքարն ահաբեկիչների դեմ: ԱԽՔ-ը հայտարարեցՙ եթե ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի միջոցով հնարավոր չլինի լուծել խնդիրը, ապա կդիմեն միջազգային այլ գործընկերների: Իսկ որո՞նք են դրանք. բոլորս գիտենքՙ դրանցից մեկը ՆԱՏՕ-ն է, որի զորքերի մի կարեւոր մաս ապահովում է Թուրքիան: Այսինքնՙ ի՞նչ. Հայաստանը դիմելու է Թուրքիայի՞նՙ իր ժողովրդին ու սահմաններն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու խնդրանքո՞վ: ՀԱՊԿ-ը չի կռվի Ադրբեջանի դեմՙ հային պաշտպանելու համար, ռուս զինվորը Հայաստանի սահմանըը պաշտպանելու համար չի զոհվի: Իրավիճակը նման լարվածության է հասցվել մե՛ր մեղքով, մեր իշխանությունների դիլետանտիզմի, ապիկարության, անլրջության, հեղինակազուրկ լինելու, ոչ պետականամետ լինելու պատճառովՙ մեղմ ասած: Անգամ Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ը, ԱԺ-ը չեն հերքում, որ Ադրբեջանը խորացել է Հայաստանի սահմաններից ներս, գնդակոծել հայկական դիրքերը: Նոյեմբերի 16-ի դրությամբ ունեցել ենք 15 զոհ, 12 գերեվարված, 6 վիրավոր: Շփման գծում թշնամին անօդաչու սարքեր է կիրառել, իշխանություններին հլու ենթարկվող Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անգամ կոչ է արել կամավորականների ջոկատներ կազմել, Ջերմուկում եւս ադրբեջանցիներն անարգել առաջ են եկել: Իսկ այդ ընթացքում քպ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել է. «Ես հավատում եմՙ Հայաստանի եւ Ադրբեջանի համար խաղաղության դարաշրջան կբացվի»: Մինչեւ նոյեմբերի 16-ը, ադրբեջանցիները տեսանյութեր էին տարածում, թե ինչպես են անարգել գրավում հայկական դիրքերըՙ հայ զինվորներին բառացիորեն դուրս քշելով մեր խրամատներից: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն արգելափակել է նման տեսանյութերի տարածումը: Ոչ պաշտոնական աղբյուրները հրապարակում են տեղեկություններ այն մասին, որ մեր զինվորներն ու սպաները հաճախ են գործում իրենց կոչմանն ու անվանը համապատասխանՙ արժանի հակահարված տալով թշնամուն, սակայն պաշտոնական աղբյուրները նման լուրեր չեն տարածում, ավելինՙ փորձում են հերքել դրանք: Ո՞րն է սրա նպատակը: Պաշտպանության նախարարությունը կամ իշխանական այլ մարմինները մեր զինվորների արժանապատիվ գործունեությանՙ հակահարվածների, թշնամուն հետ շպրտելու դեպքերի մասին ինչո՞ւ են լռում. արդեն մեկ տարիՙ մեր բանակի արժեզրկման, անվանազրկման հատուկ ծրագիր է իրականացվում, որպեսզի հասարակությունը հայկական ԶՈՒ-ին նայի որպես խեղճ, անճար, տկար, վախկոտ կառույցի, որն իրեն պաշտպանել չի կարող: Ադրբեջանցիները տարածում են միայն այն տեսանյութերը, որոնցում մեր զինվորները դիրքեր են զիջում, սակայն ծպտուն չեն հանում այն մասին, թե ինչպես են մերոնք սատկացնում թշնամու զինվորներին: Նոյեմբերի 15-ին մեր զինվորները գերի են վերցրել 6 ադրբեջանցի զինծառայողի, սակայն Փաշինյանը հրահանգել է նրանց վերադարձնել, տանել ու թողնել այնտեղ, որտեղից գերեվարել են: Ի վերջո, բոլորովին էլ պատահական չէր, որ նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրաժարական տվեց: Հետո պարզ դարձավ, որ պատճառը վերադասին չենթարկվելն էր. նա չէր կատարել «չկրակել» հրամանը: Մի քանի ժամվա ընթացքում Պաշտպանության նախարար նշանակվեց Փաշինյանի «ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, բազմապրոֆիլ» կադրերից Սուրեն Պապիկյանը , եւ մեկ օր հետո Ադրբեջանը առավել ագրեսիվ կերպով ներխուժեց Հայաստանի սուվերեն սահմաններից ներսՙ արդեն ոչ թե մաքսակետեր դնելու, այլ դիրքեր, 41 քկմ տարածք, հատկապես գերլարված պահելով Սյունիքը: Ալիեւն ու Էրդողանը բազմիցս են հայտարարել, որ Զանգեզուրի միջանցք են ուզում, եթե չտանք, ուժով կվերցնեն. դա էլ են ավելացրել: Եթե մինչեւ հիմա Հայաստանի իշխանություններն ադրբեջանական ագրեսիային ու սանձարձակություններին համարժեք պատասխան տված լինեին, ուժ ցույց տված լինեին, Հայաստանն ու հայ ժողովրդին բնաջնջելուՙ թշնամու կոչերին խաղաղության օրակարգ ու խաղաղության դարաշրջան բացելու հայտարարություններով պատասխանած չլինեին, նոր պատերազմի վտանգը չէր կախվի Հայաստանի գլխին: Գլխավոր խաղացողները Սյունիքում միջանցքի հարցն են լուծում, իսկ Փաշինյանի համար միեւնույն էՙ ում շահերն առաջնային կլինենՙ Ռուսաստանի՞, թե Թուրքիայի: Չի բացառվում, որ նա նախ մեզ Ռուսաստանի գիրկը գցի, հետոՙ Թուրքիայի. նրան մի բան է հետաքրքրումՙ իշխանության գահին մնալը, իշխանությունը երկարաձգելը: Նա ինքն է իր բերանով ասել, չէ՞ՙ եթե հունիսի 20-ի ընտրություններում չհաղթեիք, ընտանիքով գնդակահարված կլինեինք: Իսկ քանի որ չեն գնդակահարվել, քանի որ հաղթել են ընտրություններում, ուրեմն Արցախի կապիտուլյացիայի սցենարը կրկնում է նաեւ Հայաստանի Հանրապետության համար. իրադարձությունները դրան են տանում: |