RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1328, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՆԱ ՄԱՐԻԱ ՄԱՏՏԱԱՐ. ԹԱՐԳՄԱՆԵԼՈՎ ՀԱՅԵՐԵՆԻՑ ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հոլանդացի թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարը հայերեն խոսում է առանց ջանք թափելու եւ առանց օտար առոգանության: Նա այն հազվագյուտ հայերենագետներից է, որոնք թարգմանում են ոչ միայն հայերենից, այլեւ ուրիշ լեզուներից (տվյալ դեպքումՙ հոլանդերենից եւ անգլերենից) հայերեն: Ի դեմս Աննա Մարիայիՙ Նիդեռլանդներում մենք ունենք հայ գրականության եւ մշակույթի մի անխոնջ նվիրյալ...

Աննա Մարիա Մատտաարը բնակվում է Հելեֆուտսլաուսում եւ ամեն տարի այցելում է Հայաստան: Իմ զրույցը տեղի ունեցավ Երեւանում, նրա հերթական այցի ժամանակ, անցյալ հոկտեմբերին:

- Աննա ջան, նորից բարով ես եկել: Հաստատ այլեւս չգիտես, թե սա քանի՛երորդ այցդ է Հայաստան:

- Իսկապես չգիտեմ, Արծվի ջան: Հայաստան առաջին անգամ եկա 1999 թվականինՙ հայ ամուսնուս եւ երեք երեխաներիս հետ: Այն ժամանակ միայն մի երկու բառ գիտեի հայերեն: Կամաց-կամաց ինքնուրույն սովորեցի ու հետո սկսեցի թարգմանել հայերեն: Մինչ այդ իսպաներենից էի թարգմանում հոլանդերեն:

- Մինչեւ հիմա քանի՞ գիրք ունես հայերենից թարգմանած:

- Հոլանդերեն ընդամենը երեք գիրք ունեմ: Առաջինը Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթն» էր, որը հրատարակվելուց հինգ տարի հետո վերահրատարակվեց: Այսպես սկսվեց իմ գործունեությունը: Դրանից հետո իմ թարգմանությամբ հոլանդերեն լույս տեսան ժամանակակից հայ բանաստեղծ Վահե Արսենի բանաստեղծությունների ժողովածուն եւ վերջերսՙ Թումանյանի հեքիաթներըՙ հոլանդացի մի նկարչի նկարազարդումներով: Շատ սիրուն գիրք է եւ լավ էլ վաճառվում է: Անգլերենից հայերեն թարգմանել եմ հայկական տպագրության պատմության մասին մի գիրք: Մի քանի տարի առաջ հոլանդերենից հայերեն թարգմանեցի մանկական մի գիրք, որ կոչվում է «Ծի՜վ»: Երկու տարի առաջ էլ «Վերնատուն» հրատարակչությունը լույս ընծայեց «Աննը Ֆրանկի օրագիրը» իմ հայերեն թարգմանությամբ: Կար 1960-ականների մի թարգմանությունՙ ռուսերենից, որը կրճատված տարբերակ էր: Այս գրքի առնչությամբ Հայաստանում Հոլանդիայի դեսպանատան եւ Քաղաքացիական Հասարակության ինստիտուտի հետ միասին մի ծրագիր կազմեցինք, որ իրականացրինք Հայաստանի տարբեր մարզերի փոքր գրադարաններում, ինչի ընթացքում Աննը Ֆրանկի օրագրի հիման վրա երիտասարդների հետ զրուցում էին մարդու իրավունքների մասին: Հայերեն եմ թարգմանել նաեւ հոլանդացի գրող Տոնկե Դրախտի «Նամակ թագավորին»ՙ 500 էջից ավելի ասպետական վեպը, որ 20-րդ դարի լավագույն մանկապատենական գիրք է ճանաչվել Հոլանդիայում: Այն անցյալ տարի լույս ընծայեց «Զանգակ» հրատարակչությունը: Հիմա հոլանդերենից 900 էջանոց մի ուրիշ վեպ եմ թարգմանում հայերեն, որը, հուսով եմ, կավարտեմ մինչեւ տարվա վերջ:

- Քիչ է լինում, որ նոր սովորած լեզվով են թարգմանում: Դա քեզ համար մեծ մարտահրավեր պիտի լիներ:

- Իսկապես, շատ մեծ: Երբ թարգմանում էի «Ծի՜վը», բոլորին թվում էր, թե հեշտ կլինի, քանի որ մանկական է, բայց շատ էին բառախաղերը, ոտանավորները, որ էլի մարտահրավեր էր: Հուսով եմ, որ վատ չի ստացվել: Իհարկե, միշտ, անպայման համագործակցում եմ հայ խմբագիրների հետ: Հիմա ավելի շատ հայերեն եմ թարգմանում, քանի որ այստեղ պահանջն ավելի շատ է: Հոլանդիայում ուրիշ գեղարվեստական թարգմանիչներ չկան հայերենից: Այնտեղ ամենամեծ խնդիրը հրատարակչություններն են, որոնք չեն ուզում հայ գրականություն հրատարակել: Շատ գրքեր եմ առաջարկել տարբեր հրատարակչությունների, բայց ինձ միշտ ասել են, որ հայ գրականություն հրատարակելը ֆինանսական ռիսկ է, ոչ ոք չի գնի անծանոթ գրողների գրքեր, ուրեմն չեն ուզում: Միշտ էլ մտածում եմ մի հայկական բեսթսելեր գտնել, որից հետո արդեն բոլոր հոլանդացի հրատարակիչները կուզեն հրատարակել հայ գրականություն:

- Բացի թարգմանությունիցՙ դու Հոլանդիայում շատ այլ հայկական նախաձեռնություններ ես իրականացրել:

- 2011 թվականին պատահաբար հանդիպեցի այն ժամանակվա մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանին, նա խոսեց հայ տպագրության 500-ամյակի մասին եւ առաջարկեց Հոլանդիայում այդ թեմայով մի ցուցահանդես կազմակերպել: Փորձեցի եւ հաջողվեց: Ամստերդամի համալսարանում կազմակերպեցի հայ տպագրության պատմության վերաբերյալ բավական մեծ ցուցադրություն, այնտեղից էլ ծնվեց իմ հետաքրքրությունը հայ հնատիպ գրքերի հանդեպ, սկսեցի ուսումնասիրել Հոլանդիայում առկա բոլոր հայերեն հնատիպ գրքերը: Ամստերդամի համալսարանում 100-ից ավելի հնատիպ գիրք կա, Հաագայի Թագավորական գրադարանումՙ մոտ 15. կան նաեւ Լեյդենի համալսարանում, որտեղ դեռ չեմ վերջացրել ուսումնասիրություններսՙ կորոնավիրուսի պատճառով: Այդ գրքերից շատերում կան ձեռագիր հիշատականներ, ուզում եմ այդ մասին մի գիրք կազմել:

- Հիշում եմ, տարիներ առաջ պատմեցիր, որ հոլանդական արխիվներում հայտնաբերել էիր հայերենով հետաքրքրվող առաջին հոլանդացունՙ Դիոնիսիոս Վոսիուսին (1612-1633): Այդ թեմայով խնդրեցի քեզ հայերեն հոդված գրել, որը հրատարակվեց «Ազգ»-ում: Ինչպե՞ս հայտնաբերեցիր Վոսիոսին, եւ կա՞ն արդյոք հայերին առնչվող ուրիշ արխիվային նյութեր:

- Գտածս մի ձեռագիր տետր էր: Վոսիուսը ծնվել է գիտնականի ընտանիքում ու մեծ հետաքրքրություն է ունեցել լեզուների հանդեպ: Սովորել է հին հունարեն, լատիներեն, եբրայերեն, ասորերեն եւ արաբերեն: Իր առաջին արաբերեն բառարանը հրատարակել է 16 տարեկանում: Ափսոս, որ Վոսիուսն ապրել է շատ քիչ, ընդամենը 21 տարի, թե չէ այն ժամանակվա առաջին հոլանդացի հայագետը կլիներ: Գտածս տետրի մեջ նա արտագրել էր Աստվածաշնչից հատվածներ, մի կողմումՙ լատիներեն, մյուս կողմումՙ հայերեն, այդպես համեմատելովՙ հայերեն է սովորել:

Ուրիշ հետաքրքրական բաներ էլ եմ գտել: 18-րդ դարի սկզբին, Ոսկան Երեւանցուց հետո, Ամստերդամում երկրորդ հայկական տպարանն է հիմնվել, այնտեղ աշխատող մի գերմանացի տպարանի հայերից սովորել է հայոց լեզու ու հայերենի դասագիրք է հրատարակել: Լեյդենի համալսարանում ես գտա այդ գրքի առաջին տարբերակը, որը թերի է մնացել, տեսել են, որ լավը չէր, գիրքը ձեւափոխել են ու մի քանի տարի հետո ամբողջական տարբերակն են տպագրել: Բայց այդ առաջին տարբերակի մասին այստեղՙ Հայաստանում, ոչ ոք չգիտի, ուստի պատրաստվում եմ հոդված գրել այդ մասին: Բացի այդ, գաղափար ունեմ մի գիրք կազմելՙ ամփոփելով հոլանդական գրականության մեջ հայերի մասին դրվագները: Կան հոլանդական վեպեր, որոնց մեջ հանկարծ ինչ-որ հայ կերպար է հայտնվում:

Այս պահին համագործակցում եմ Հոլանդիայում Հայաստանի եւ Հայաստանում Հոլանդիայի դեսպանատների հետ: 2022-ին նշվելու է հայ-հոլանդական դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը, եւ այդ իրադարձության շրջանակներում ուզում ենք կազմակերպել միջոցառումներ: Ծրագրել ենք Հայաստանի ազգային պատկերասրահում հաջորդ տարի կազմակերպել իրենց մոտ եղած հոլանդական նկարների ցուցահանդես, Ազգային գրադարանումՙ Հոլանդիայի հետ կապված գրքերի ցուցահանդես, իսկ Մատենադարանումՙ Հոլանդիայում տպագրված եւ գրված գրքերի ցուցահանդես: Իսկ Հոլանդիայում ամեն ինչ շատ ավելի դժվար է կազմակերպել: Մի դեպք պատմեմ: Հոլանդիայում Հայաստանի դեսպանի հետ միասին մտածում էինք Հաագայի Գրքի թանգարանում Հայաստանի հետ կապված գրքերի ցուցահանդես կազմակերպել, որով ուզում էինք ցույց տալ Հոլանդիայի եւ Հայաստանի միջեւ կապերը 4-րդ դարից սկսած մինչեւ այսօր: (4-րդ դարը վերաբերում է Մաասթրիխթ քաղաքի հայազգի պաշտպան սուրբ Սերվատիուսին, որը մահացել է 384 թվականին - Ա. Բ.): Ծրագիրն ուղարկեցի թանգարան, հեռախոսով խոսեցի, շատ հետաքրքվեցին, ասացին, որ կխորհրդակցեն ու կկապվեն մեզ հետ: Սպասեցի, մեկ ամիս անց գրեցի, պատասխանեցին, որ որոշել են նման ցուցահանդես չկազմակերպել: Ես ուզեցի իմանալ պատճառը, մի բան գրեցին, որից պարզ էր, որ պատրվակ է: Զանգեցի իրենց ու պարզվեց, որ այդ թանգարանի կողքին Թուրքիայի դեսպանատունն է, որից իրենք վախենում են:

- Այդպես էլ մտածում էի: Հոլանդիայում նո՞ւյնպես ուժեղ է թուրք-ադրբեջանական լոբբին, ճնշումները շա՞տ են:

- Կարծես այնքան էլ շատ չէ, բայց ընդհանրապես թուրքերից վախենում են:

- Ա՛ննա, դու լինելով ոչ հայ, ի տարբերություն իմ հայրենակիցներից շատերի, հայի պես հայերեն ես խոսում: Կարո՞ղ ես ասել, ինչո՞ւ է պետք հայերեն սովորել:

- Հայերենը շատ հարուստ լեզու է, հայ ազգը շատ հարուստ գրականություն ունիՙ հին ժամանակներից մինչեւ հիմա, շատ հետաքրքրական գրողներ ունի, շատ հարուստ պատմություն ունի, որը երբ կարդում ես, հասկանում ես, որ հայ ազգը շատ դիմացկուն է, այնքա՜ն աղետներ են եղել, դժվարություններ են եղել, բայց նա մնացել է: Դա շատ մեծ բան է:

- Մի աղետն էլ մեկ տարի առաջ եղավ, այդ օրերին դու նորից Հայաստանում էիր:

- Այո, ես Հայաստան էի եկել «Աննը Ֆրանկի օրագրի» շուրջ իրականացված ծրագրի ամփոփման համար: Սեպտեմբերի 26-ին եկա Հայաստան ու հաջորդ առավոտյան սկսվեց պատերազմը: Հետո, երբ վերադառձա Հոլանդիա, շատ ցավալի էր, որ պատերազմի մասին կա՛մ ընդհանրապես չգիտեին, կա՛մ էլ ասում էինՙ դե, հայերն ու ազերիները միշտ կռիվ են անում: Ես էլ փորձում էի բացատրել, որ հայերը ոչ թե կռիվ են անում, այլ պաշտպանվում են, ադրբեջանցիները հարձակվել են Հայաստանի վրա թուրքերի ու մյուսների օգնությամբ: Բայց այնտեղ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, ինչը շատ ցավալի է:

- Հայերը ի՞նչ ունեն սովորելու հոլանդացիներից եւ հակառակը:

- Հոլանդացիները հայերից կարող են սովորել ազգասիրություն սեփական ազգի հանդեպ, քանի որ հոլանդացիների համար ազգություն կարծես թե չկա:

Հոլանդացիները չեն սիրում իրենց ազգը, պատմությունը, ինչ են ուրիշ ազգերը գրել իրենց մասին: Իսկ հայերը հոլանդացիներից գուցե կարող են սովորել մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հոլանդիայում դուրս ես գալիս փողոց արտառոց հագուստով ու ոչ ոք չի նայում վրադ, բան չեն ասում, ընդունում են այնպես, ինչպիսին կաս: Կարծեմՙ դա լավ բան է:

- Դու առաջ ընտանիքով էիր գալիս Հայաստան, իսկ արդեն քանի տարի էՙ գալիս ես առանց զավակներիդ:

- Այո, գալիս եմ տարին երկու անգամ, գործերով, դեսպանատների հետ իմ համագործակցության եւ իմ ուսումնասիրությունների համար: Ճիշտ է, ծնունդով երեւանցի ամուսնուցս բաժանվել եմ, բայց դրանից հետո Հայաստանի հետ կապս ավելի է ամրապնդվել: Երբ նախկին ամուսնուս հետ էի գալիս Հայաստան, ավելի շատ ընտանեկան այցելություններ էի կատարում, բայց ամուսնալուծությունից հետո ավելի ազատ եմՙ իմ գործերով զբաղվելու, այդ պատճառով էլ գործերս այստեղ շատացել են: Անընդհատ փորձում եմ կապեր հաստատել հայկական եւ հոլանդական հաստատությունների միջեւ: Մի անգամ գնացինք Ամբերդ, որտեղ պատահաբար ծանոթացա Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի աշխատողների հետ: Ես նրանց կապեցի Հոլանդիայի իրենց գործընկերների հետ, եւ ուրախ եմ, որ նրանք այժմ համագործակցում են:

Զավակներս մինչեւ հիմա հայերեն հասկանում են (թեեւ ասում են, որ չեն հասկանում), անգամ մի քիչ էլ խոսում են: Եվ աղջիկս, որը հասկանալի պատճառներով մի քանի տարի չէր ուզում լսել Հայաստանի մասին, վերջերս մի անգամ ասաց, որ անպայման մի օր ես եւ զավակներս նորից պիտի գնանք Հայաստան, որպեսզի միասին նորովի բացահայտենք Հայաստանը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ