RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1568, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՈՒԺ ՀԱԿԱԴՐԵԼ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

«Երբ ես ծնվեցի, սեւ էի: Եվ մեծացա եսՙ մնալով սեւ: Երբ ես երկար եմ մնում արեւի տակ, ես սեւ եմ: Եվ անգամ այն ժամանակ, երբ մեռնեմ, սեւ եմ լինելու: Իսկ դուք, սպիտակամորթներդ... Երբ ծնվում եք, վարդագույն եք: Մեծանալովՙ դառնում եք սպիտակ: Արեւի տակ մնալուց կարմրում եք: Երբ ցուրտ էՙ կապտում եք: Երբ վախենում եք, դեղնում եք: Իսկ երբ մահանաք, մոխրագույն եք դառնալու: Եվ դուք դեռ անվանում եք ինձ «գունավո՞ր»: 2005 թվականին լավագույն պատմվածք ճանաչված աֆրիկացի տղայի գրածը կարծես մեզ է վերաբերում, միայն թե մեկ այլ կտրվածքով:

Երբ մենք կայինք, ներկայիս աշխարհի շատ ու շատ ազգ-ժողովուրդներ դեռեւս չէին էլ ձեւավորվել, բայց մեր անմիաբանության ու անուղղելի հանդուրժողականության հետեւանքով սկսեցինք Մեծ ու Փոքր Հայքերի, Ծոփք ու Կոմմագենեի բաժանվել: Երբ նոր ու հզոր հարեւաններ ձեւավորվեցին ու աչք տնկեցին նաեւ մեր ստեղծած շեն ու գեղեցիկ քաղաքներին, մենք մեծահոգաբար նրանց ներս թողեցինք: Նրանք էլ եկան, հավանեցին-հարմարվեցին ու մնացին: Երբ մենք երբեմն-երբեմն Վարդան ու Վասակ խաղացինք, նրանք հրաշալի կարողացան օգտվել դրանից ու ավելի խորը արմատակալեցին մեր երկրում: Երբ պատահեց այնպես, որ հասկացանք այլ միջոցներն անօգուտ են ու սուր հանեցինք, նրանք ընկրկեցին ու կարճ ժամանակով հեռացան, որ մեզ ու մեր միասնությունը ներսից քանդելով նորից գան ու պատժեն-տիրեն: Ու տիրեցին, երկար տիրեցին, ստրկացրին, անպատվեցին, հլու-հնազանդ դարձրին: Երբ նոր ժամանակներում փորձեցինք դարավոր ընդարմացումից սթափվել, մարդավայել ապրելու եւ սեփական արժանապատվությանն ու ինչքին տեր լինել, նրանք ուղղակի մեզ սրի քաշեցին, ցեղասպանեցին, որովհետեւ կրկին համախմբվելու նշաններ էինք ցույց տալիս: Երբ «քաղաքակիրթ» աշխարհն իրենց պառլամենտներում կրակոտ ճառերով «դատապարտեց» այդ արարքը, մենք չափազանց ոգեւորվեցինք դրանից, կարծես մոռացանք ու շնորհակալ եղանք մեր երկրի մի փոքրիկ անկյունում նրանց կողմից մեզ պետականություն շպրտելուց:

Հետո ջրեր հոսեցին: Խաղաղ ու աշխարհասփյուռ եղած, բայց քանակական ու որակական թռիչք ապրեցինք:

Երբ մեր պահանջները նորից աշխարհին պարզեցինք ու պատերազմ հաղթեցինք, այդ նույն կրակոտ ճառերով կամ դիվանագիտական խարդավանքներով մեզ ագրեսոր համարեցին, թեւավորեցին ու զինեցին մեր դարավոր թշնամուն եւ ուղղեցին մեր դեմ: Երբ մենք երեսուն տարի զբաղվում էինք գրպանալցմամբ ու դղյակներ կառուցելով, թշնամին սեւ ոսկու շնորհիվ եւ աշխարհի հզորների թողտվությամբ ու սատարով զինվեց, լավագույնս պատրաստվեց, կարողացավ հերթական անգամ մեզ սեւերի ու սպիտակների բաժանել, հրով ու անօդաչուներով եկավ ու հաղթեց:

Այսօր էլ հաղթում, սողալով նորանոր տարծքներ է խլում, մեր իսկ երկրի ներսում մաքսակետեր տեղադրում, իսկ մենք համառորեն դասեր չքաղելով այդ ամենից` շարունակում ենք իրար բզկտել, որից ամենաշատը հրճվում, ուրախանում է թշնամին եւ վստահորեն նորանոր պահանջներ ներկայացնում: Իսկապես հանճարեղ է ասված` ուժն է ծնում իրավունքը, թե չէ այդ նույն սահմաններով երեսուն տարի ապրում էինք եւ ոչ մի քարտեզի կարիք էլ չկար: Երբ քիչ թե շատ խելացի մարդիկ այսպիսի դեպքերում եզրակացություններ են անում, իրենց սխալները վերլուծում ու դասեր են քաղում դրանցից, մենք շարունակում ենք նույն եզային համառությամբ հին ու նորի բաժանված, համախմբվելու, միակամվելու եւ հզորանալու փոխարեն իրար կոկորդից բռնել, հուրախություն թշնամու իրար անվանարկել:

Հարկավոր է ստուգել, այդ պատմվածքի հեղինակ տղան գուցե պարզապես սեւամորթ սփյուռքահայ է եւ այլաբանության միջոցով (փոխակերպության տեսակներից մեկը, որով իրականության, երեւույթի, առարկայի մասին գաղափար է տրվում ոչ թե ուղղակի նկարագրությամբ, այլ գեղարվեստական պատկերի, խոսքի ուրույն կառուցման միջոցով) ներկայացրել է մեր ժողովրդի անցած ճանապարհը: Չէ՞ որ հստակ է, թե յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է եւ, որ ասվածը բացարձակ ճշմարիտ է գլխավոր խնդրում. «ամբոխի առջեւում կանգնած մարդիկ արտահայտում են այդ ամբոխի թաքնված ձգտումները» (Ալեքսանդր Լաուգա, «Վշտերի գերության մեջ», Ս.-Պետերբուրգ, 2001):

Այնպես որ, ցավով, բայց պիտի նշեմ, որ արդար է այն, ինչ տեղի է ունենում հայ ժողովրդի հետ: Հպարտությունը, որը մեծագույն մեղքերից մեկն է, մեր օրերում դարձավ հայ ժողովրդի հեղափոխական դրոշակը: Երկրի ղեկավարը ժողովրդին հայրենասեր, քաջ, ուժեղ, կիրթ եւ խելացի անվանելու փոխարեն, նրան անվանեց ՀՊԱՐՏ, որն ուղիղ ճանապարհ է դեպի կործանում: Տարիների առաջ հրապարակում հայտարարեց, որ բոլորը վարչապետ են, երեք միլիոն վարչապետ....ու բոլորը հավատացին ու հիմա ունենք այն, ինչ ունենք... Իսկ Ազգային ժողովը եւ կառավարությունը զբաղված էին Լանզարոտի կոնվենցիա, Գույքահարկի ավելացում, Բանկային գաղտնիք եւ նմանաբովանդակ այլ օրենքներ մշակելով, որոնք որեւէ կապ չունեին ճգնաժամի կամ ժողովրդի հոգսը թեթեւացնելու հետ: Ստացվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը հիմա ոնց որ անգլուխ ձիավորը լինի....Իսկ վստահ կարող եմ ասել, որ մինչեւ ազգը չհասունանա, չինքնակրթվի, սրանից ավելիին արժանի չի էլ լինելու...

Ակամա հարց է առաջանում. «Ինչո՞ւ խելոք ու կրթված մարդիկ, ովքեր իրավամբ անկեղծ սիրում են իրենց ժողովրդին, երբեք այս երկրում իշխանություն չունեն: Այս հարցի պատասխանը ես հասկացա, երբ ճանաչեցի Աստվածաշունչը: Բանն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ մեծ վերապահումներով ստանում է այն, ինչ ցանկանում է: Իշխանություն ստանում է նա, ով իշխանություն է ուզում: Որպես կանոն, այդ մարդը տարիներ է ծախսել տվյալ դիրքին հասնելու համար եւ հետագայում իր ամբողջ ուժը եւ ունակությունները կծառայեցնի ունեցած իշխանությունը պահելուն: Իսկապես որ, յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է:

Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» հեղափոխությունը ուժեղ կրակի վրա դրված կաթսայի օրինակով սատանայաբար եռում էր երկրում: Այդ եռքն ի վերջո ավարտվեց նրանով, որ երկրի գլուխ անցավ եւ Ազգային ժողովում, կառավարությունում, Անվտանգության խորհրդում, Պաշտպանության, Արդարադատության նախարարություններում եւ, ընդհանրապես, կառավարման ողջ համակարգում դիրքավորվեց անհասկանալի ու չճանաչված մի թիմ, որից մեծ սպասելիքներ ակնկալելն արդեն ոչնչով պատճառաբանել ուղղակի հնարավոր չէր, քանի որ անփորձ էին ու տարատեսակ հոսանքների էին դավանում: Երկիրն անդառնալիորեն կազմաքանդվում էր: Չարագույժ արագությամբ մահվան շունչը մոտենում էր անվտանգային համակարգին, նորանկախ Հայաստանի սրբություն սրբոց բանակին: Վերջինիս փաստացի ապասպառազինության հարցը լուծված էր տարբեր տրամաչափի «պատրոնների» ջանքերով, կադրային ջարդի արդյունքում անատամ թողնված բանակը բերվել, հասցվել էր պարտադրած պարտվողական պատերազմի շեմին: «Արցախը Հայաստան է ու վերջ» ռազմատենչ թեզը երկրի վրա հարձակվելու մարտահրավեր դարձավ, խայտառակ, իրականում իր ներսում խորապես պլանավորված պարտություն, ստորացուցիչ կապիտուլյացիա, ու բավական չէ, որ այս ամենը հաջողությամբ մարսված է, հիմա էլ հանրության գիտակցության մեջ այն անբարո հայտարարության ամրագրումը, թե հպարտ ենք մեր այս ունեցած պարտությամբ: Ակամա հարց է առաջանումՙ մի՞թե մենք այն աստիճան ենք բարոյազրկված եւ ուղեղաթափ, որ կարող ենք հպարտ լինել մեր այս պարտությամբ, ինչպես եղանք 387, 591, 1555, 1639, 1813, 1828, 1878, 1920 թվականներին: Հիմա է՞լ հպարտ լինենք, երբ 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանը բաժանվեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Երբ հայկական բանակին պարտադրվեց պարտություն կրել եւ կապիտուլացիոն պայմանագիր ստորագրվեց: Երբ որպես պատերազմի մասնակցության փոխհատուցում Թուրքիան ստացավ Արցախի տարածքի մոտ 70% (մնացյալ 30% առաջիկա տարիներին հանձնելու խոստումով), իսկ Ռուսաստանին բաժին հասավ Սյունիքի մարզըՙ Հայաստանին կտրելով իր միակ կայուն հարեւանի հետ կապ ունենալու հնարավորությունից:

Մարդու ինքնությունն իհարկե բազմաշերտ էՙ սեռական, կրոնական, էթնիկական-ազգային եւ այլն: Այդ ինքնության տարբեր շերտերի մասին ընկալումներըՙ թե՛ հավաքական, թե՛ անհատական հենքի վրա անընդհատ մանր փոփոխությունների են ենթարկվումՙ ինչպես մեր մարմնի բջիջները: Հայտնի է, որ առաջին երկու նշանավոր հայերը Բեհիսթունի արձանագրության մեջՙ մոտ մ.թ.ա. 520 թվականին հիշատակված Արախան ու Դադարշիշն են, որոնք արձանագրության պատվիրատու Դարեհ Ա-ի համար ինքնությամբ հայեր էին: Ավելի քան 2400 տարիների ընթացքում ծնված, ապրած ու մահացած միլիոնավոր հայերի ինքնության պատմական ճանապարհի արդյունք եւ այդ ճանապարհը շարունակողներից մեկն էլ ինքս եմ եւ համոզված եմ, որ ինչպես հանճարեղ Ռոմեն Ռոլանն է ասել. «ուժին պետք է հակադրել ավելի հզոր ուժ, ոչ թե թուլություն, ոչ թե հրաժարում»:

Կարծում եմ, չէՙ համոզված եմ, որ այսօր մենք Մարդու կարիքը ունենք: Մարդ, որը կբռնի ձեռքդ ու եթե պետք էՙ ուղղակի կլռի, մարդՙ որի հետ ուղղակի կուզես թեկուզ մեկ գավաթ ջուր խմել: Մարդՙ որը դիմացդ կանգնած նույնը կլինի, ոնց մեջքիդ հետեւում, որը սիրտը բաց կասի այն, ինչ զգում ու մտածում է, ու քեզ երբեք չի դատի քո մտածածի ու զգացածի համար: Բոլոր դեպքերում ու ժամանակներում, առավել այս դժվար պահին, մարդկանց Մարդ է պետք եւ ուրիշ ոչինչ: Մարդ, որն ուղղակի կլինի կողքիդ այնպես, որ դու չլարվես, ու չմտածես ինչն էր ճիշտ եւ ինչը սխալ... Անսխալ մարդ կարծում եմ չկա, բայց սխալ էլ կա, սխալ էլ...: Այնպես որ, Մարդուն մարդ է պետք, նույնիսկ ամենաբարձր ու զորեղ աղոթքներից հետո, որովհետեւ քեզ նմանի մեջ ես դու ռեալիզացվում, գտնում, աճում: Որովհետեւ Մարդ էակը ամենան է, եթե լույսի ուղիով է գնում: Դա էր պատճառը, որ մարդկությունն իր արշալուսից սկսած միշտ Մարդ է փնտրում, որ գտնի իրեն նրա մեջ: Մեզ այսօր առավել քան անհրաժեշտ է հենց այդ Մարդը եւ ոչ թե այդ բառի հակադարձ ընթերցաձեւՙ դրամը ...

10.11.2020-10.11.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ