RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2204, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՅԴ Ո՞Վ Է ԽԻԶԱԽԵԼՈՒ ՈՒ ԹՌՉԻ ԵՐԵՎԱՆ-ԳՈՐԻՍ ՉՎԵՐԹՈՎ. ԱՆՁԱՄԲ ԵՍ ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ»

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էՙ Սյունիքի մարզում բնակավայր չկա, որ շրջափակման մեջ հայտնված կամ կենսապահովման պայմանների հասանելիությունից կտրված լինի: Կառավարության նիստում երեկՙ նոյեմբերի 18-ին է հայտարարել:

Փաշինյանի ասածը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է հաստատում. «Այո՛, չկա: Ե՛վ Որոտանը, ե՛ւ Շուռնուխը, ե՛ւ Պարսավանը ճանապարհներ ունեն: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, արդեն ավելի մատչելի կդառնան»:

Թեեւ վարչապետն ու կաբինետի անդամները, մեկը մյուսին լրացնելով, հայտարարում են, թե Սյունիքի համայնքներն արտաքին աշխահից կտրված չեն, մարզպետարանը բոլորովին հակադիր բնույթի հաղորդագրություն է տարածում:

«Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը: Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօրՙ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք: Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղերՙ ավտոմեքենաների լիցքավորման համար»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն «Ազգ»ի հետ զրույցում մեկ այլ խնդրի վրա է ուշադրություն հրավիրում. Տաթեւով անցնող Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհով հնարավոր չէ ռազմական տեխնիկա տեղափոխել:

«Հաշվի առնելով այդ ճանապարհի ոչ բարենպաստ աշխարհագրական ռելիեֆըՙ կարծում եմ, որ ռազմավարական նշանակության սնուցման համար այն ոչ նպաստավոր ճանապարհ է: Հատկապես ձմռանը խնդիր է լինելու մեկ կցորդիչով բեռնատարի տեղափոխումը: Հնարավոր էՙ մեկ ամբողջ ճանապարհ մեկ բեռնատարի պատճառով կաթվածահար լինի, հնարավոր է այդ բեռնատարը կանգնի ու այլեւս հնարավոր չլինի այդտեղ հասնել: Այն նույն օրը, երբ տեղացած թեթեւ ձյան պատճառով փակվել էր Գորիս-Կապան ճանապարհը, ինքս էլ մեկ ժամ ցրտի այդ պայմաններում կանգնել եմ խցանման մեջ»,- նշում է պատգամավորը:

Գրիգորյանը պատրաստ չէ խիզախել ու հայրենի Կապան հասնել վարչապետի առաջարկած մեկ այլ այլընտրանքային երթեւեկովՙ ինքնաթիռի միջոցով: «Անձամբ պատրաստ չեմ օդանավ բարձրանալ ու այդպես Կապան հասել,- ասում էՙ իր հայրենակիցներին հիշեցնելով, թե որտեղ է գտնվում Կապանի օդանավակայանը,- Այն ադրբեջանական հենակետից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է գտնվում: Նման պայմաններում, երբ օդանավը, ամենայն հավանականությամբ, մտնելու է Ադրբեջանի օդային տարածք, մեր ո՞ր մի հայրենակիցն է խիզախություն ունենալու այդտեղով անցնել, թռչել: Ալիեւն ամեն օր նոր ռազմատենչ հայտարարություն է անում, սահմաններին նոր զարգացումներ են տեղի ուենում, իշխանություններն էլ մտածում են, թե կարող են սիրաշահել կապանցիներին ու մեր մյուս հայրենակիցներին, թե ոչինչ, որ Գորիս-Կապան ճանապարհը փակ է, մենք էլ օդով կգնանք: Բայց իշխանությունն անվտանգային ի՞նչ միջավայր է կարողանալու ապահովել, ի՞նչ երաշխիքներ է տալու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաաքացիներին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ